$52 մլն-ի վարկ ՀԲ-ից Հայաստանի էլեկտրահաղորդման ցանցի բարելավմանը

$52 մլն-ի վարկ ՀԲ-ից Հայաստանի էլեկտրահաղորդման ցանցի բարելավմանը

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը Հայաստանի «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» (ԷՀՑԲԾ) համար հաստատել է $52 մլն-իվարկը: Նոր ծրագիրը կբարելավի էլեկտրահաղորդման ցանցի հուսալիությունը և համակարգի կառավարումը՝ օժանդակելով երկրում բավարար էլեկտրամատակարարում ապահովելու կառավարության ջանքերին:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 69 մլն 160 հազար ԱՄՆ դոլար, որից 17.16 միլիոն ԱՄՆ դոլարը կտրամադրի ՀՀ կառավարությունը: Համաշխարհային բանկը կտրամադրի 52 միլիոն ԱՄՆ դոլար ՎԶՄԲ վարկ, փոփոխական տոկոսադրույքով՝ 14.5 տարի արտոնյալ ժամկետով և 25 տարի մարման ընդհանուր ժամկետով:

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, ծրագրի առաջին՝ «էլեկտրահաղորդման ցանցի ամրապնդում» բաղադրիչը, նպատակաուղղված է հիմնանորոգման տեսանկյունից ամենաբարձր առաջնահերթությունն ունեցող երկու հիմնական օբյեկտներին, հայտնում է Panorama.am-ը:

Մասնավորապես, կվերանորոգվի Աշնակի ենթակայանն ու Երևան ՋԷԿ-ը:

Ըստ նրա՝ Աշնակ ենթակայանի հիմնանորոգումը, հիմնական սարքավորումների փոխարինման միջոցով, կօգնի կրճատել սարքավորումների խափանումների քանակը և տևողությունը՝ բարելավելով էլեկտրամատակարարման հուսալիությունը շուրջ 120.000 էլեկտրաէներգիա սպառողների համար:

Աշնակ ենթակայանը շահագործման է հանձնվել 1983թ. և այդ ժամանակվանից ի վեր որևէ լուրջ հիմնանորոգման չի ենթարկվել: Հուսալի էլեկտրամատակարարմամբ ապահովելու իմաստով ենթակայանը կարևոր է Հայաստանի արևելյան և հյուսիս-արևելյան շրջանների սպառողների համար:

Լորա Բեյլին նշեց, որ Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի (Երևանի ՋԷԿ) ենթակայանի հիմնանորոգումը, որին բաժին է ընկնում Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալի 20 տոկոսը, կօգնի կրճատել սարքավորումների խափանումների հաճախականությունը: Իր ենթակայանի խափանման պատճառով ցանցից անջատվելու դեպքում երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարման ընդհանուր արժեքը զգալի կբարձրանա: Ըստ նրա՝ ենթակայանը շահագործման է հանձնվել 1965 թ., և այդ ժամանակից ի վեր չի հիմնանորոգվել: Այդ պատճառով էլ, այն չափազանց կարևոր է երկրի բոլոր՝ 1.040.000 էլեկտրաէներգիա սպառողներին էլեկտրաէներգիայի բավարար և ցածր արժեքով մատակարարումն ապահովելու համար:

«Ներկայումս Հայաստանի էներգետիկ ոլորտի առջև ծառացել են մի շարք մարտահրավերներ, այդ թվում՝ մատակարարման համարժեքությունն և հուսալիությունը: Ընտրված ենթակայանների վրա ծրագրի կենտրոնացումը կբարելավի համակարգի հուսալիությունը և ուղղակի նպաստավոր կլինի Հայաստանում էլեկտրաէներգիայի բոլոր սպառողներին»,- ասաց Լորա Բեյլին՝ հավելելով, որ այն թույլ կտա խուսափել էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումների հաճախականության ավելացումից, ինչպես նաև դրան առնչվող զգալի սոցիալական և տնտեսական ծախսերից խուսափելու հնարավորություն:

Նշվեց նաև, որ երկրորդ՝ «էլեկտրաէներգետիկական համակարգի կառավարման բարելավում» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է հիմնել կարգավարական պահուստային կենտրոն, որը կտա համակարգի կառավարումը բարելավելու հնարավորություն: Մասնավորապես, այն կարևորվում է հատկապես առաջնային կարգավարական կենտրոնի (Երևանի կենտրոնում գտնվող) տեխնիկական կամ այլ պատճառներով խափանման դեպքում շարունակական կառավարումը և վերահսկողությունը ապահովելու տեսանկյունից: Կարգավարական պահուստային կենտրոնը նման խափանման դեպքում կտա էլեկտրաէներգետիկ համակարգի վերահսկողությունը և կառավարումն անմիջապես վերականգնելու հնարավորություն:

«Ես ապրում եմ Երևանի կենտրոնում, երեկ վերելակի մեջ էի ու այդ պահին էլեկտրաէներգիան անջատվեց: Ես այնտեղ մնացի 11,5 րոպե՝ մինչև հոսանքը միացրեցին: Մինչդեռ պահուստային էլեկտրաէներգիայի համակարգի դեպքում այդ ժամանակահատվածն ավելի կարճ կլիներ»,- ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենը: Ինչ վերաբերում է երրորդ ներդրումային ծրագրին, ապա նա նշեց, որ այն ուղղված է էներգետիկ համակարգի հուսալիության բարձրացմանը:

Համաշխարհային բանկի ծրագրի թիմի ղեկավար Արթուր Կոչնակյանն էլ նշեց, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման ազգային հայեցակարգում էլեկտրահաղորդման հիմնական ցանցի ակտիվների հիմնանորոգումը համարվում է երկրում էլեկտրաէներգիայի հուսալի մատակարարման նախադրյալ:

«Հայաստանի էներգետիկ համակարգին անհրաժեշտ կլինի շուրջ 500 ՄՎտ գազով էլեկտրաէներգիա արտադրելու կարողություն՝ մինչև 2020 թ. մատակարարման կարողության ճեղքվածքի առաջացումը կանխելու համար»,- ասաց Արթուր Կոչնակյանը՝ հավելելով, որ էլեկտրաէներգիայի արտադրության նոր ծրագրի նախապատրաստումը այս ծրագրի շրջանակում իրականացվելիք մյուս կարևոր միջոցառումն է:

«Կառավարությունը նախատեսում է կառուցել համակցված ցիկլով աշխատող գազային տուրբին, որի համար կպահանջվեն նախապատրաստական մի շարք աշխատանքներ, որոնց համար ֆինանսավորումը մատչելի չէ»,- ասաց նա:

1992 թ. Համաշխարհային բանկին և 1993 թ. ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր ընդհանուր առմամբ Հայաստանին տրամադրվել է 2,118.730 միլիոն ԱՄՆ դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---