Թուրքիայի հայ համայնքը հակադարձում է ինքնակոչ առաջնորդին. Շիրինօղլուն Էրդողանի խոսափողն է

Թուրքիայի հայ համայնքը հակադարձում է ինքնակոչ առաջնորդին. Շիրինօղլուն Էրդողանի խոսափողն է

PanARMENIAN.Net - Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի գործադիր խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի՝ թուրքական Star պարբերականին տված հարցազրույցը Թուրքիայի հայության շրջանում միանշանակ չի ընդունվել: Թուրքական կառավարամետ թերթն այսպես է վերնագրել հարցազրույցը. «Թուրքիայի հայերի պատմական կոչը Սփյուռքին. մենք ոչ թե փոխհատուցում ենք ուզում, այլ խաղաղություն»:

Պետրոս Շիրինօղլուն, որը հայտնի է թուրքական իշխանությունների համար ախորժալուր հայտարարություններով, «Սիվիլնեթ»-ի փոխանցմամբ, ասել է. «Պապս էլ է այդ իրադարձությունների ժամանակ մահացել: Մարդկանց իրար դեմ հանեցին և եղբայրը եղբորը սպանեց: Փոխհատուցում ու նման բաներ չեմ ուզում, միայն խաղաղություն եմ ուզում: Դեմ եմ 1915-ի իրադարձություններն այդքան երկարացնելուն: Պետք է հարցը փակել: Երկրի նախագահ Էրդողանն էլ ասում է, որ արխիվները մինչև վերջ բաց են: Ըստ իս՝ պետք է ուսումնասիրել և հասնել խնդրի լուծմանը: Դրանով թող պատմաբանները զբաղվեն: Եթե բացվի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը՝ դա ավելի մեծ տնտեսական եկամուտ կբերի, քան այն փոխհատուցումը, որ ցանկանում են: Խաղաղությունից ավելի մեծ օգուտ ի՞նչը կարող է լինել: Պետք է բացվի երկու երկրի սահմանը և խաղաղություն հաստատվի»:

Demokrathaber-ին տված հարցազրույցներում Ստամբուլի հայ համայնքի անդամները քննադատել են Շիրինօղլուին՝ նշելով, որ նա որևէ իրավասություն չունի համայնքի անունից նման հայտարարություն անելու:

Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ Մուրադ Մըհչըն հայտարարել է, որ իրենք սպասում են՝ Թուրքիան ներողություն խնդրի:

Գրականագետ Ժակլին Չելիքն էլ ասել է՝ ինքն անտեղյակ է, որ հայ համայնքը խոսնակ ունի, նշելով որ իր հայտարարություններով Շիրինօղլուն նմանվում է ոչ թե հայ համայանքի խոսնակի, այլ, ավելի շատ, պետության խոսափողի. «Եթե ուզում է պաշտոնական թեզերը կրկնել՝ իր անձնական նախապատվությունն է, սակայն պետք է շեշտել, որ նա ոչ մեկի խոսնակն էլ չէ».

«Թուրքիան է ասել, ասել է՝ պետք է բարձր գոռալ, թե հարյուրամյակի նախօրեին Սփյուռքի հայությունն ինչ սխալ ճանապարհով է ընթանում, և Թուրքիայում ապրող հայերն ինչքան խաղաղ ու երջանիկ են ապրում: Իրենք ողջ լինեն: Այդ դժվարին պարտականությունը միշտ էլ ստանձնել են կա՛մ Կ. Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, կա՛մ Սուրբ փրկիչ հիվանդանոցի նախագահ Պետրոս Շիրինօղլուն», - ասել է Հարութ Օզերն և ավելացրել, որ Թուրքիան գոհ կլինի Շիրինօղլուի հայտարարությունից:

Իսկ Տիրան Լոքմագյոզյանն իր անդրադարձում նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Թուրքիայի պետական ղեկավարները լուրջ պատրաստությունների մեջ են և սպասելի էր, որ այդ «հակահարձակումները» կլինեն մի քանի ուղղություններով: Եթե դրանցից մեկը Ադրբեջանի միջոցով Ղարաբաղում լարվածության մեծացումն է, ապա մյուսն էլ «ձեռքի» կամ «գրավի» տակ գտնվող պոլսահայերն են:

«Կարող ենք մտածել, որ պատրիարքական աթոռին նստած անձը զիջումների է գնում` համայնքը պաշտպանելու մտավախությամբ: Չանաքքալեի զոհերի հիշատակին պատարագ մատուցելն իրեն թելադրված է եղել. ստիպված է անել` այլընտրանք չունի: Ստամբուլի բոլոր հայկական եկեղեցիների զանգերը 100 անգամ ղողանջելու գործն էլ դյուրին բան չէ: Եթե անգամ ինքը հրամայի էլ, դա անել խիզախող քանի՞ սրտոտ ժամկոչ կարելի է գտնել: Իսկ միակ զիջումը, որ կկարողանա կորզել, ընդամենը 100-ամյա տարելիցին նվիրված պատարագը կլինի: Սակայն ի՞նչ է արդյոք անցնում մյուսների մտքով: Ո՞ւմ են նրանք պաշտպանում: Իրականում նրանք այն անձինք են, ովքեր սեփական ամենաչնչին շահի համար անգամ կծախեն համայնքի ամենամեծ սրբությունը: Ըստ էության, խոսքը շատ չնչին շահի մասին չէ, իհարկե», - գրել է Տիրան Լոքմագյոզյանը և նշել, որ հանուն սեփական շահի որոշ անձիք վաճառում են անգամ իրենց պապերի արյունը:

Ըստ էության, դա իրենց գործն է. տատերը, պապերը կամ ընդհանրապես նախնիները տարբեր անձանց համար տարբեր արժեք են կրում, սակայն երբ տվյալ անձն իր այդ մոտեցումը ոչ միայն հրապարակում է, այլ ավելին` հանդես է գալիս մի ամբողջ համայնքի անունից, գործի բնույթը փոխվում է: Որոշ թուրքական պարբերականների շնորհիվ այնպիսի տպավորություն է ստեղծվում, իբր բոլոր պոլսահայերն են այդ անձի պես մտածում: Իրականում գրեթե ամբողջ համայնքը մտահոգված է, թե ինչպես կարող է իր ձայնը հասցնել համայն աշխարհին, ինչպես կարող է աղաղակել, որ ինքը մտադիր չէ հոգին 30 արծաթով ծախել, և ինչպես իր օձիքն ազատի ամբողջ համայնքի անունն արատավորել ձգտող համայնքի այդ կեղծ առաջնորդներից:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---