Միլիարդատեր Բաֆեթը հորդորում է չմտահոգվել, եթե Հունաստանը որոշի դուրս գալ եվրոգոտուց

Միլիարդատեր Բաֆեթը հորդորում է չմտահոգվել, եթե Հունաստանը որոշի դուրս գալ եվրոգոտուց

PanARMENIAN.Net - Միլիարդատեր և ներդրող Ուորրեն Բաֆեթը կարծում է, որ եվրոյի գոտու համար մեծ հարված չի լինի, եթե Հունաստանը որոշի դուրս գալ արժութային միությունից:

«Եթե ամեն ինչ այնպես դասավորվի, որ Հունաստանը դուրս գա եվրոյի գոտուց, եվրոյի համար դա այնքան էլ վատ չի լինի: Վատ չէր լինի, որ արժութային միության երկրները գիտակցեին կանոնները պահպանելու կարևորությունը և համաձայնության գային բյուջետային քաղաքականության հարցում»,-հայտարարել է նա CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Հունաստանը բարդ բանակցություններ է վարում միջազգային վարկատուների հետ երկրի ֆինանսական աջակցության ծրագրի շուրջ: Վարկատուները պնդում են, որ երկիրը շարունակի տնտեսման և պետական ծախսերի կրճատման քաղաքականությունը, իսկ Հունաստանի նորընտիր կառավարությունը պնդում է, որ պետծախսերն ավելանան՝ երկրի տնտեսությանը սատարելու համար:

Եթե բանակցությունները հաջողությամբ չպսակվեն, կառավարության միջոցները կարող են սպառվել արդեն առաջիկա շաբաթներին, ինչը կարող է դեֆոլտի և հետագայում եվրոյի գոտուց դուրս գալու պատճառ դառնալ:

«Ես խոսել եմ միասնական արժույթի կառուցվածքային խնդիրների մասին ներմուծման օրվանից, սակայն, դա չի նշանակում թե եվրոն ձախողման է դատապարտված,-ասել է Բաֆեթը:-Այդ կառուցվածքային խնդիրներին կարելի է հարմարվել, սակայն որոշ երկրներ չեն կարող դա անել և կարող են դուրս գալ արժութային միությունից: Պետք չէ մտածել թե եվրոյի գոտու անդամների կազմը փոփոխությունների ենթակա չէ», հայտնում է Ինտերֆաքսը:

Տնտեսական ու ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին ավելի վաղ հայտարարեց, որ Եվրահանձնաժողովը հնարավոր է համարում Հունաստանի դուրս գալը եվրոյի գոտուց, սակայն հասկանում է, որ դա բացասական հետևանքներ կունենա արժութային միության համար:

Նա հավելել է, որ ԵՀ-ն չի ձգտում ցանկացած գնով պահել Հունաստանին եվրոյի գոտում: Երկիրը կմնա միության կազմում, եթե Աթենքը կատարի եվրոյի գոտու պահանջներն ու նորմերը: Մոսկովիսին նշել է, որ արժութային միության փլուզումը կվնասի բոլոր անդամներին, իսկ ամենամեծ վնասը կկրի Գերմանիան:

Փետրվարի 24-ին եվրախումբը հավանություն տվեց հունական բարեփոխումների ծրագրին և երկարացրեց Աթենքի ֆինանսական աջակցության ծրագիրը մինչև 2015-ի հունիսը: Հունաստանի կառավարությունը չի ցանկանում բանակցել Եվրամիության և ԱՄՀ ֆինանսական աջակցության շուրջ, քանի որ դա պահանջում է խիստ տնտեսման ռեժիմ: Հունաստանի ընդհանուր պարտքը կազմում է 320 մլրդ եվրո:

Մարտի 16-ին Հունաստանը ԱՄՀ-ին փոխանցեց հերթական 581 մլն եվրոն իր պարտքի դիմաց, գրում է «Փրայմը», «Վիմա» թերթի կայքի վրա հղումով:

Հաջորդ վճարումը մարտի 20-ին է՝ պետք է փոխանցվի 348 մլն եվրո: Բացի այդ, մարտի 20-ին պետք է մարվեն եռամսյա գանձապետական պարտատոմսերը 1,6 մլրդ եվրոյի:

Երբ 2010-ին սկսվեց պարտքային ճգնաժամը, Աթենքը ստիպված եղավ դիմել արտաքին ֆինանսական օգնության: Երկու տարի անց Հունաստանը համաձայնության եկավ վարկատուների եռյակի հետ ի դեմս ԵՄ-ի, Եվրոպական կենտրոնական բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի: Ուստի, Աթենքին բազմամիլիարդանոց վարկեր տրամադրվեցին, մարվեց մասնավոր վարկատուների առջև նրա պարտքերի կեսը, իսկ փոխարենը մի շարք պահանջներ առաջադրվեցին, ինչպիսիք են խիստ տնտեսման միջոցները, մոտ 50 մլրդ եվրոյի պետական ակտիվների սեփականաշնորհումը մինչև 2015-ի ավարտը, կառուցվածքային բարեփոխումների իրականացումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---