Ամփոփվել են «WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները

Ամփոփվել են «WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները

PanARMENIAN.Net - Ամփոփվեց «WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնը, որի կազմակերպիչներն են «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը: Փառատոնի գլխավոր գործընկերն է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Չորրորդ «WEB ԾԻՐԱՆ»-ը մեկնարկել էր փետրվարի 26-ին: Փառատոնի ժյուրին, որի կազմում են կինոռեժիսոր Միհրան Ստեփանյանը, կինոպրոդյուսեր Յուլյա Գրիգորյանցը և կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը, արդյունքներն ամփոփեց մարտի 26-ին՝ մեկ ամիս շարունակ դիտելով webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության Youtube-ի պաշտոնական ալիքում տեղադրված 42 ֆիլմերը:

«WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի ֆիլմերը մեկ ամսվա ընթացքում ունեցել են 23 000 դիտում՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ երկրներից (թվարկվածներն առաջին հինգ երկրներն են՝ ըստ դիտողների թվի):

«WEB ԾԻՐԱՆ» համահայկական օնլայն կինոփառատոնը եզակի հնարավորություն է ընձեռում սկսնակ կինոգործիչներին ցուցադրելու իրենց տաղանդը, գրավելու հանրության, ինչպես նաև ֆիլմարտադրողների ուշադրությունը և հետաքրքրությունը իրենց ստեղծագործությունների հանդեպ` ունենալով ինտերնետի հնարավորությունները որպես հիմնական գործիք: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեր երիտասարդ կինոգործիչներին մաղթում է հաջողություններ և ծրագրերի իրականացում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ժյուրիի որոշմամբ գլխավոր մրցանակին արժանացել է ռեժիսոր Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմը, որի օպերատորը Մարտին Հովհաննիսյանն է, իսկ պրոդյուսերը՝ Էդգար Բաղդասարյանը: Գլխավոր մրցանակակիրը պարգևատրվել է 400 000 ՀՀ դրամով:

Սահմանված էր նաև երկու խրախուսական մրցանակ և «Համակրանք» խրախուսական մրցանակը՝ ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմի համար: Առաջին խրախուսական մրցանակին արժանացել է Նահապետ Սարգսյանի «Էխո» ֆիլմը (օպերատոր` Վահե Տերտերյան): Երկրորդ խրախուսական մրցանակին արժանացել է ռեժիսոր Անդրանիկ Հարությունյանի «Գորգեր» ֆիլմը (օպերատոր՝ Գաբրիել Միրաքյան):

«Համակրանք» խրախուսական մրցանակը շնորհվեց Անի Հակոբյանին`«Ուղերձ» ֆիլմի համար, որը դիտել էր 3 366 օգտատեր:

Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակակիրները, կստանան 10 օր պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից անվճար օգտվելու հնարավորություն:

«WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնին ներկայացված են եղել նաև ֆիլմեր, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս համատեքստում փառատոնի հատուկ դիպլոմին է արժանացել Սասնուհի Մանուկյանի «Տատս» ֆիլմը:

«WEB ԾԻՐԱՆ» համահայկական առցանց կինոփառատոնի գլխավոր նպատակներից մեկը կինոարտադրության ոլորտում մուլտիմեդիա համակարգերի զարգացումն է և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառության խրախուսումը: Այս համատեքստում փառատոնի դիպլոմին է արժանացել Նարե Գալստյանի «Ես եմ» դիպլոմային ֆիլմը, որը նկարահանված է հեռախոսով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---