Սյունիքի որոշ համայնքներում պահածոյի գործարաններ կհիմնվեն

Սյունիքի որոշ համայնքներում պահածոյի գործարաններ կհիմնվեն

PanARMENIAN.Net - ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը Սյունիքի մարզում մասնակցել է մարզխորհրդի նիստին, որի ժամանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկայացրել է մարզում իրականացված գյուղատնտեսական, առողջապահական, արդյունաբերական, սոցիալ-տնտեսական, մշակութային ոլորտների աշխատանքները: Նշելով, որ թվարկված ոլորտներում մարզում զգալի առաջընթաց է նկատվում՝ Խաչատրյանն ավելացրել է, որ գրեթե բոլոր համայնքներում նույն հիմնախնդիրներն են՝ ոռոգման և խմելու ջրի խնդիրը, ճանապարհների բարեկարգման հարցը և աշխատատեղերի ստեղծման խնդիրը, տեղեկանում են ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից:

Մարզպետը խնդրել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել մարզի կրթական համակարգին, մասնավորապես՝ դպրոցների վերանորոգման խնդրին, նկատել, որ թե´ մարզային, թե´ հանրապետական օլիմպիադաներում բարձր ցուցանիշներ են ապահովում մարզի այն աշակերտները, ովքեր սովորում են բարեկարգված դպրոցներում:

Խաչատրյանը նշել է, որ մարզում գործում են նորագույն տեխնիկայով զինված բժշկական կենտրոններ: Շուտով շահագործման կհանձնվի Մեղրիի բժշկական կենտրոնը: Մարզի առողջապահական համակարգում հիմնական խնդիրը Սիսիանի բժշկական կենտրոնի բարեկարգումն է: Մի շարք համայնքներում նախատեսվում է պահածոների գործարաններ ստեղծել, ինչը զգալիորեն կթոթափի գործազրկության խնդիրը:

Ամփոփելով Սյունիքի շուրջ 10 համայնքն կատարած իր այցերն ու բնակիչների հետ ունեցած զրույցները՝ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ասել է. «Անելիքներ դեռ շատ կան: Համայնքների խոշորացման ծրագիրը շատ կարևոր է հատկապես Սյունիքի մարզի համար, քանի որ այստեղ համայնքների քանակը և բնակչության քանակը համաչափ բաշխված չէ: Համայնքների խոշորացման ծրագիրը չի ենթադրում, որ այդ բնակավայրերում կվերանան մանկապարտեզները, դպրոցները և այլ ենթակառուցվածքներ, հակառակը՝ մի համայնքի բնակիչները կկարողանան օգտվել մեկ այլ համայնքում առկա ենթակառուցվածքից: Օրինակ՝ մի գյուղի բնակիչները կարող են օգտվել համայնքի մյուս գյուղերում գործող երաժշտական դպրոցից կամ սպորտային կենտրոնից: Համայնքերի միջև կապը կապահովվի միջհամայնքային տրանսպորտի միջոցով»:

Ներկայացնելով համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը, որը կգործարկվի նաև Սյունիքում՝ նախարար Երիցյանը շեշտել է, որ հաջողություն չունենալու դեպքում ծրագիրը չի մեկնարկի:

«Համայնքների խոշորացման ծրագրի իրականացման գործընթացում հենվում ենք միջազգային փորձի վրա: Այսօր մենք ունենք 866 գյուղական համայնք, որոնցում արված ներդրումները բավարար արդյունքներ չեն տալիս: Խոշորացման ծրագիրը թույլ կտա ոչ միայն առավել արդյունավետ օգտագործել համայնքներում արված ներդրումները, այլև՝ առավել արդյունավետ վերահսկել դրանք: Համայնքապետերի հետ իմ զրույցների արդյունքում կարող եմ ասել, որ նրանցից շատերը ոչ միայն կողմ են խոշորացման ծրագրին, այլև նշում են, որ նման ծրագրի կարիքը վաղուց էր զգացվում»,- ասել է Արմեն Երիցյանը:

Անդրադառնալով մայիսի 17-ին կայանալիք համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ տեղական հանրաքվեին՝ նախարար Երիցյանը նշել է, որ համաձայն ՀՀ սահմանադրության՝ համայնքների խոշորացման ծրագիրը կարող էր իրականացվել առանց հանրաքվեի, սակայն հանրաքվեի անցկացումը ՀՀ նախագահի հատուկ հանձնարարականն էր, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան ինքնուրույն որոշել, ուզում են տվյալ ծրագրի իրականացումը, թե՝ ոչ:

Կառավարության մարտի 19-ի նիստում որոշում է ընդունվել 3 պիլոտային ծրագրով՝ Լոռիի Թումանյան, Սյունիքի Շինուհայր, Տավուշի Դիլիջան համայնքային փնջերով մայիսի 17-ին անց կացնել տեղական հանրաքվե՝ պարզելու, թե բնակիչները կհամաձայնեն, որպեսզի շրջակա համայնքները միավորվեն՝ կենտրոն ունենալով նշված բնակավայրերը: Մոտ 3,5 տարի առաջ կառավարության հավանությունն ստացած համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգով է սկիզբ դրվել ՀՀ վարչատարածքային բարեփոխման, մասնավորապես՝ համայնքների խոշորացման գործընթացին:

ՀՀ 915 համայնքից` 442-ը (440 գյուղական և 2 քաղաքային) կամ 48%-ը ունեն 1.000-ից պակաս բնակչություն: Ըստ բնակչության թվի` ամենամեծ գյուղական համայնքը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքն է, ամենափոքրը` Սյունիքի մարզի Քաշունին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---