ՆԱՏՕ-ն համալրում է ուժերը Եվրոպայում

ՆԱՏՕ-ն համալրում է ուժերը Եվրոպայում

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն շարունակում է ավելացնել ուժերը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քեննին:

«Կանադան և նրա միջազգային դաշնակիցները շարունակում են համալիր միջոցառումներն, ուղղված ուժերի հզորացմանն Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի ՆԱՏՕ-ի անդամ երկրներում»,-ասվում է նախարարի հայտարարության մեջ:

Պաշտպանության նախարարության կոմյունիկեում ասվում է, որ կանադացի զինծառայողներն իրենց լեհ գործընկերների հետ ապրիլի 1-ին համատեղ Mountain Warrior զորավարժություններ են սկսել Լեհաստանում: Կանադայի կողմից զորավարժություններին մասնակցում է Կանադայի թագավորական հետևակի 35 զինծառայող: Զորավարժությունների նպատակն է մշակել ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների գործակցությունը լեռնային տեղանքի պայմաններում:

«Կանադայի մասնակցությունը կոչված է ցուցադրելու մեր հավատարմությունը հավաքական պաշտպանությանը»,-ասել է Քեննին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ կազմակերպությունը ՆԱՏՕ-ին իր թշնամին չի համարում:

«Դաշինքային առճակատման մենք չենք գնում, քանի որ ՆԱՏՕ-ին մեր թշնամին չենք համարում: Մենք շարունակում ենք համոզված լինել, որ մեր խնդիրները նույնն են. ապահովել մեր դաշինքների անդամ պետությունների անվտանգությունը, պայմանների ապահովումը մեր պետությունների կայուն գործունեության համար, հնարավոր ահաբեկչությունների բացառումն ու թմրանյութերի շրջանառության կասեցումը: Այլ բան, որ ՆԱՏՕ-ն է մեզ դիտարկում որպես անցանկալի կառույց, որի հետ պետք չէ համագործակցել: Հուսով եմ, որ մենք կխուսափենք դաշինքների առճակատումից»,-ասել էր Բորդյուժան:

Դեռ 2014-ի նոյեմբերին Բորդյուժան հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը դադարեցրել է ՆԱՏՕ-ի հետ երկխոսություն հաստատելու ջանքերը՝ «Դաշինքի ապակառուցողական և թշնամական գործողությունների» պատճառով:

«Հաշվի առնելով ապակառուցողական ու հաճախ թշնամական գործողությունները ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի ու ՀԱՊԿ դեմ… դադարեցվում են ՆԱՏՕ-ի հետ երկխոսություն հաստատելու ջանքերը»,-հայտարարել է նա՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում:

Գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպությունը զարգացնելու է հետագա գործակցությունը ԵԱՀԿ հետ, ամրապնդելու է գործակցությունը ՇՀԿ հետ ու կապեր է հաստատելու Լատինական Ամերիկայի երկրների ու Իրանի հետ»:

Հունիսին Բորդյուժան հայտարարեց, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդը անհրաժեշտ է համարել դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման փորձերը:

Ավելի ուշ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը չի վերաբերում կազմակերպության անդամ երկրներին: Ըստ նրա, Բորդյուժայի խոսքերը վերաբերվում են միայն ՀԱՊԿ-ՆԱՏՕ ձևաչափին: «Բորդյուժայի հայտարարությունը վերաբերվում է կոնկրետ երկու կազմակերպությունների հարաբերություններին, ոլ թե անդամ երկրներից որևէ մեկի հարաբերություններին ՆԱՏՕ-ի հետ»,-ասել էր Շավարշ Քոչարյանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---