22 տարի առաջ ազատագրվեց Քարվաճառը

22 տարի առաջ ազատագրվեց Քարվաճառը

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին լրանում է Քարվաճառի ազատագրման 22 տարին: Քելբաջարը կարևոր ռազմավարական կետ էր հայկական կողմի համար, որի ազատագրման արդյունքում կայուն կապ հաստատվեց Հայաստանի ու ԼՂՀ միջև, զգալիորեն կրճատվեց ճակատային գիծը՝ թիկունք ապահովելով Մարտակերտի շրջանին:

1993թ. մարտի 27-ին հայկական զորքերը սկսեցին Քելբաջարի ազատագրման գործողությունը:

Մարտի 29-ին քաղաքն արդեն պաշարված էր, 3 օրում հայկական ուժերը գրավեցին շրջկենտրոնը: Քաղաքի բնակչությունը տարհանվեց ուղղաթիռներով և հեռացավ լեռնանցքներով:

Ապրիլի 2-ին ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումներն արգելափակեցին Քարվաճառ-Գյանջա ճանապարհը: Ադրբեջանական բանակի 500-հոգանոց ստորաբաժանումը 8 միավոր զրահատեխնիկայի աջակցությամբ փորձեց ճեղքել շրջափակումը, սակայն 30-հոգանոց հայկական ջոկատը հետ մղեց հարձակումը: Ադրբեջանցիները մոտ 200 մարդ կորցրեցին և 3 միավոր զրահատեխնիկա:

Ապրիլի 3-ին ոչնչացվեցին Քարվաճառի կրակատերը:

Իսկ ապրիլի 5-ին հայկական ստորաբաժանումները դուրս եկան Օմարի լեռնանցքի մոտ՝ հետ մղելով ադրբեջանական բանակի ստորաբաժանումները՝ գրավելով Քարվաճառը Գյանջային (Գանձակ) կապող խաչմերուկը:

Պատահական չէ, որ մինչ Քարվաճառի ազատագրումը Մարտակերտը մի քանի անգամ ձեռքից ձեռք անցավ: Միայն հայկական զորամիավորումների գրագետ գործողությունների արդյունքում Քարվաճառը ազատագրվեց: Փրկվեցին Վարդենիսն ու Մարտակերտը:

Ինչպես ավելի ուշ հիշում էր ԼՂՀ ինքնապաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը, Լաչինի և Քելբաջարի գործողություններին նախապատրաստվել հայկական ուժերը սկսել էին դեռ ձմռանը: «Թեև բանակցություններ էին ընթանում ադրբեջանական կողմի հետ, մենք գիտեինք, որ հակառակորդն ուղղակի ժամանակ է ձգում՝ պատրաստվելով վճռական հարվածի:

Եվ մենք իրավացի էինք, բանակցությունները ձախողվեցին: Ադրբեջանն ուժերը կենտրոնացրեց Մարտակերտի և Ասկերանի շրջանների հյուսիսում, կենտրոնացնելով այնտեղ շուրջ 5 հազար զինվորներ, տանկեր, ծանր հրետանի: Հունվարի վերջում սկսվեցին մարտերը: Հակառակորդը 4 ինքնաթիռ էր գործարկում, որից 2-ը խփվեցին: 12 օր մարտեր էին գնում: Մեր առջև դրված խնդիրը՝ ազատագրել Մարտակերտի բարձունքները, մենք կատարեցինք 90 տոկոսով»:

Քարվաճառի գործողությունն արցախյան պատերազմի բեկումնային պահերից մեկն էր: Քարվաճառը հսկայական ռազմավարական նշանակություն ունի: Այն գերակա դիրք ունի Հյուսիսային Արցախի համեմատ, թույլ տալով վերահսկել տարածքը ընդհուպ մինչև Գանձակ: Քարվաճառի գործողության հաջող ավարտից հետո ռազմաքաղաքական իրավիճակը որակապես փոխվեց:

Ռազմավարական նախաձեռնությունը պատերազմում վերջնականապես անցավ Արցախին, ինչը չէին կարող չհասկանալ միջազգային հանրությունն ու գերտերությունները:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---