ԱԳ փոխնախարար. ՀՀ-ն պատրաստ է ընդլայնել ԵՄ հետ գործակցությունը

ԱԳ փոխնախարար. ՀՀ-ն պատրաստ է ընդլայնել ԵՄ հետ գործակցությունը

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը մասնակցեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ԵՄ և գործընկեր երկրների մոտեցումներն ու ակնկալիքներն Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարական հանդիպմանը և գագաթնաժողովին ընդառաջ:

Նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծեց ԵՄ աջակցությամբ ընթացող բարեփոխումների գործընթացները խորացնելու, ԵՄ հետ քաղաքական, տնտեսական երկխոսությունը և ոլորտային համագործակցությունն ընդլայնելու Հայաստանի պատրաստակամությունը:

Կարեն Նազարյանը ներկայացրեց ԵՄ հետ իրավական նոր փաստաթղթի շուրջ անցյալ տարեվերջից մեկնարկած մտքերի փոխանակման արդյունքները: Նա կարևորեց Եվրոպական հանձնաժողովի կողմից նախաձեռնած Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման գործընթացն՝ ընդգծելով համաեվրոպական արժեքներին հավատարմության և բարեփոխումներում գրանցած առաջընթացի հիման վրա տարբերակված մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Նախօրեին Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարեց, որ Ռիգայում կայանալիք Եվրամիության «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում ամենայն հավանականությամբ Հայաստանի և Եվրամիության միջև փաստաթուղթ կստորագրվի: Ըստ քաղաքագետի, մեծ է հավանականությունը, որ Ռիգայի գագաթնաժողովում քայլ կձեռնարկվի Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները ֆիքսելու ուղղությամբ։ «Փաստաթուղթը չի կոչվի «Ասոցացման համաձայնագիր», թեև ըստ էության դա կլինի ասոցիատիվ համաձայնագիր առանց Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու պայմանագրի»,- նշել է Իսկանդարյանը։Ըստ քաղաքագետի՝ ինչ էլ որ լինի մայիսին Ռիգայում, Հայաստանի և ԵՄ հարաբերությունները շարունակվելու են։

Ըստ Յոհաննես Հանի՝ հետագա երկկողմ համագործակցությունը մշակվելու և իրականացվելու է՝ հաշվի առնելով Հայաստանի «այլ միջազգային պարտավորությունները»: ԵՄ-ն աջակցելու է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական բարեփոխումների, ազատ տեղաշարժի համաձայնագրի, ռեադմիսիոն պայմանագրից բխող բարեփոխումների և այլ ուղղություններով:

«Ավելին՝ կշարունակենք աջակցություն ցուցաբերել ՀՀ քաղհասարակությանը»,-ասաց նա և հավելեց, որ առաջիկա երեք-չորս ամիսների աշխատանքներից հետո կլինեն ԵՄ-Հայաստան համապարփակ և ծավալուն հարաբերություններ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---