Վարչապետն ընդունել է նաիրիտցիներին. Գործարանի ճակատագիր պարզ կլինի 2 օրից (թարմացված)

Վարչապետն ընդունել է նաիրիտցիներին. Գործարանի ճակատագիր պարզ կլինի 2 օրից (թարմացված)

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի մասնագետների կողմից «Նաիրիտ» գործարանում անցկացված տեխնիկական աուդիտի պատասխանը կլինի երկու օրից և պարզ կլինի գործարանի հետագա ճակատագիրը՝ արդյոք տեխնիկապես հնարավոր է վերագործարկել, թե ոչ և արդյոք արդյունավետ կլինի վերագործարկումը, կառավարության այսօրվա՝ ապրիլի 2-ի նիստում հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նա նաև նշել է, որ այս պահին գործարանի գույքի վաճառքի ուղղությամբ տարվում են բանակցություններ, առաջիկա 1-2 ամսվա ընթացքում որոշակի հստակություն կլինի, գրում է Panorama.am-ը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյաննէներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից ու Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվել է, թե նաիրիտցիների առաջ քաշած խնդիրների լուծման ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում։

Վարչապետն ասել է, որ նաիրիտցիները ցանկանում են հանդիպել, և պետք է հասկանա, թե ինչ պատասխանի նրանց՝ պարտքերի հետ կապված. «Պետք է արձանագրենք, որ մենք ինչ խոստացել ենք, կատարել ենք: Ես ուզում եմ, որ բոլորը տեղյակ լինեն ու փողոցային խոսակցությունների տեղիք չտան: Մեր վերջին հանդիպման ժամանակ իրենց ասել եմ, մեր պայմանավորվածությունը եղել է, որ մինչև տարեվերջ վճարելու ենք ամեն ամսվա աշխատավարձերը, մեկ անգամ էլ լրացուցիչ, իրենց խնդրանքով վճարել ենք փետրվար ամսին: Պայմանավորվածություն է եղել նաև, որ այլևս մեզ չդիմեն, գնան, իրենք բաժնետերեր ունեն, խորհուրդ ունեն ու այնտեղ որոշեն, սա կառավարության պարտքը չէ: Մենք իրենց վատ ու անփույթ աշխատանքի արդյունքում կառավարության վրա լուրջ բեռ ենք ավելացնում, իսկ ծանր տնտեսական պայմաններում դա անընդունելի է»:

Զախարյանը հայտել է, որ նաիրիտցիների պարտքը կփակվի այն դեպքում, երբ գույքը վաճառվի. «Իրենց խնդրանքն է, որ կառավարությունը որոշակի վճարումներ անի, մինչև գույքի վաճառքը կլինի»:

Վարչապետն նշել է, որ «Նաիրիտ»-ի վերագործարկումը կլինի միայն այն դեպքում, երբ հասկանան, որ դա արդյունավետ է, ոչ թե նախկինի նման անշահավետ լինի. «Այսօր ձեր համակարգում, իհարկե, ոչ ձեր պատճառով, բայց կան մեծ պրոբլեմներ, այդ ճահիճը պետք է վերացնենք ու հասկանանք, թե ոնց ենք վերացնելու։ Հիմա դուք ուզում եք նորից բեռ վերցնել: Մենք ահագին բեռ ենք վերցրել, ամեն ամիս, ինչ նոր կառավարությունը ձևավորվել է, մոտ 400 միլիոնի չափ աշխատավարձ ենք վճարել լրացուցիչ: Մենք դրա պարտավորությունը չունենք»:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ նշել է , որ դիմել են Միջպետական բանկին՝ դրսևորել բարի կամք և զիջել այդ վարկը, վերադարձնել բաժնետոսմերն ու գրավադրված գույքը:

«Մենք դիմել ենք այդ խնդրանքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործարանի կողմից վարկ մարելու հավանականությունը հավասար է զրոյի»,- ընդգծել է նա:

ԿԲ նախագահի խոսքով, դիմել են իրենց ռուս գործընկերներին, որպեսզի իրենց հերթին աջակցեն գործընթացի արագացմանը. «Հնարավորության պարագայում, խոսք են տվել, մոտակա ամիսների ընթացքում գույքն ամբողջությամբ փոխանցել Հայաստանի կառավարությանը»:

Մինչ ընթանում էր կառավարության նիստը, դրսում նաիրիտցիները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում: Նիստի ավարտից հետո վարչապետն ընդունել է նաիրիտցիներին: Նրանք ապրիլի 17-ին վերջնահաշվարկի մասով հստակ ժամանակացույց են պահանջել:

Չնայած դրան նաիրիտցիները դժգոհ էին հանդիպումից և նշում էին, որ չեն դադարացնելու բողոքի ակցիաները: Միակ լավ լուրը նրանք այն էին համարում, որ երբ ներկայացրել են, թե չեն կարողանում մուծել իրենց ուսանող երեխաների ուսման վարձերը, վարչապետը հանձնարարել է այդ սովորող երեխաների ցուցակը ներկայացնել, իսկ կոմունալ վճարների վերաբերյալ ասել է, որ ոչինչ չի կարող անել, գրում է Tert.am-ը:

«Նաիրիտ»-ի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը գնահատելու համար Համաշխարհային բանկը ուսումնասիրությունն է սկսել գործարանում։ Այն դեռ ընթացքի մեջ է։ Համաշխարհային բանկը հայտարարել էր, որ մտադիր է Հայաստանին 110 հազար դոլարի դրամաշնորհ տրամադրել։ Վերլուծությունները և հիմնական գնահատականները տրամադրվելու են Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերջինը գործարանի ապագայի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնի:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհ ուներ: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել էր Rhinoville Property Limited բրիտանական կոնսորցիումին, բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը Հայաստանի կառավարությանն է: 2010-ի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել էր: Այս պահին արժեթղթերի 90 տոկոսը ռուսական Մեջգոսբանկի մոտ է, որոնք գրավադրված են:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---