Ադրբեջանը տանկեր է մոտեցրել Իրանի սահմանին. ԻԻՀ բանակի ցամաքային ուժերի հրամանատարն արձագանքել է

Ադրբեջանը տանկեր է մոտեցրել Իրանի սահմանին. ԻԻՀ բանակի ցամաքային ուժերի հրամանատարն արձագանքել է

PanARMENIAN.Net - Իրանին և Ադրբեջանին սահմանակից բնակավայրերի բնակիչների հաղորդմամբ` այս օրերին Ադրբեջանի բանակին պատկանող շուրջ 30 միավոր տանկ, որոնցից մի մասն իսրայելական արտադրության են եղել, մոտեցել են Իրանին սահմանակից Բիլե Սավար և Փարս Աբադ շրջաններին, այնուհետև որոշ ժամանակ անց դրանք տեղաշարժվել են այնտեղից և տեղակայվել Ադրբեջանի Իմիշլի քաղաքի շրջակայքում:

Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատարը, արձագանքելով այս տեղեկությանը, մասնավորապես նշել է. «Որպես ԶՈւ ստորաբաժանում` մեր պարտականությունն է հսկել Իրանի Իսլամական Հանրապետության ողջ սահմանները, ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ շարժերի վերաբերյալ մենք տեղեկատվություն չունենք, մենք հսկում ենք մեր սահմանները, և, որևէ վտանգի կամ սպառնալիքի ի հայտ գալու դեպքում մենք ժամանակին կհակազդենք», arannews.ir-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Իրանական աղբյուրը, անդրադառնալով ադրբեջանաիսրայելական ռազմական համագործակցությանը, մասնավորապես նշել է. «Բաքվից շուրջ 50 կմ հեռավորության վրա գտնվող Սիթալչայի ռազմակայանն Իսրայելի տրամադրած շուրջ 1.5 միլիարդ դոլարի դրամաշնորհով վերջերս վերանորոգվել է և շահագործման է հանձնվել»:

Այս օրերին սրվել են Թուրքիա-Իրան հարաբերությունները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ֆրանս 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, այն հարցին, թե տարածաշրջանում (Սիրիա, Իրաք, Եմեն) Իրանի ունեցած դերակատարության մեծացումն արդյո՞ք անհագստացնում է Թուրքիային, Էրդողանը մասնավորապես նշել է. «Կասկած չկա, որ Իրանը ցանկանում է վերահսկել ողջ տարածաշրջանը, իհարկե, դա դրական զարգացում չէ: Մենք Սիրիայի և Իրաքի հարցով խոսել ենք նրանց (իրանցիներ) հետ, սակայն առայժմ որևէ դրական տեղաշարժ չենք արձանագրել: Ինչ վերաբերում է «Իսլամական պետությանը», ապա Իրանն այդ հարցում անկեղծ չի գործում: Իրանը փորձում է «Իսլամական պետության» տնօրինման ներքո գտնվող տարածքների նկատմամբ վերահսկողություն սահմանել և շիա-սուննի հակադրության ֆոնին գործողություններ կատարել»:

Իրանական կողմից արձագանքը կոշտ էր՝ արտգործնախարարություն էր հրավիրվել Թուրքիայի դեսպանը: Ավելի ուշ ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Մոհամմադ Հասան Ասֆարին, պահանջելով վտարել Թուրքիայի դեսպանին, ասել է՝ Իրանը Թուրքիայից որևէ սպասելիք չունի և այդ երկրի կարիքը ևս: Թուրքերը ոչինչ չունեն, որ Իրանին օգնեն, հակառակը, դեռ որոշ ոլորտներում Անկարան է կախված իրանական արտահանումներից, որոնք դադարեցնելու դեպքում, լուրջ խնդիրներ կլինեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---