«Իզվեստիա». ՀՖՖ-ն Կարպինին կարճաժամկետ պայմանագիր է առաջարկել

«Իզվեստիա». ՀՖՖ-ն Կարպինին կարճաժամկետ պայմանագիր է առաջարկել

PanARMENIAN.Net - 46-ամյա ռուսաստանցի մասնագետ Վալերի Կարպինը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, հայտնում է «Իզվեստիան»: Ըստ պարբերականի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները բանակցել են մարզչի հետ՝ առաջարկելով գլխավորել հավաքականը մինչև Եվրո-2016-ի ընտրական փուլի ավարտը:

Կարպինի թեկնածությանը հավանություն է տվել նաև Մոսկվայի «Սպարտակի» տնօրենների խորհրդի անդամ Ջիվան Չելոյանցը, որն ուշադիր հետևում է ՀՀ հավաքականի խաղին և կապի մեջ է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Ռուսաստանցի մասնագետը երկարաժամկետ գործակցության տրամադրված չէ և մտադիր է ընտրական փուլի ավարտից հետո ստանձնել ակումբային մարզչի կարիերան:

Կարպինը հավաքականի երկու առաջատար անդամների, «Սպարտակի» կազմում ընդգրկված՝ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի հետ աշխատելու փորձ ունի:

Ըստ «Իզվեստիայի», Կարպինից բացի թափուր պաշտոնին հավակնում է ևս երկու մասնագետ. Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը, որի գլխավորությամբ հավաքականը լավագույն ցուցանիշներն ունեցավ իր պատմության մեջ, ինչպես նաև հայկական ֆուտբոլի լեգենդ Սարգիս Հովսեփյանը, որն այժմ գլխավորում է «Փյունիկն» ու երիտասարդական հավաքականը:

ՀՖՖ-ում չեն հաստատել Կարպինի հետ բանակցությունների փաստը, սակայն չեն էլ հերքել:

«Հայաստանի հավաքականի մասին ամբողջ տեղեկատվությունը զետեղվում է առաջին հերթին ֆեդերացիայի պաշտոնական կայքում»,-հայտարարել է «Իզվեստիային» ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը մարտի 30-ին հրաժարական ներկայացրեց Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի հավաքականի պարտությունից հետո:Հայաստանը 1:2 հաշվով պարտվեց Ալբանիային: Արդյունքում Հայաստանի հավաքականը ընդամենը 1 միավորով, որը հավաքել է 4 ընտրական տուրում, եզրափակում է 1-ին խմբի աղյուսակը:

Մինչև մրցաշարի ավարտը Հայաստանի հավաքականը ևս 4 հանդիպում ունի, որից 3-ը՝ Երևանում: Մրցակիցները պորտուգալացիներն են, դանիացիները, սերբերն ու ալբանացիները: Մոտակա խաղը հունիսի 13-ին է Պորտուգալիայի հավաքականի դեմ:

«Սպարտակի» լեգենդար պաշտպան Ալեքսանդր Միրզոյանը կարծում է, որ Կարպինն ունի անհրաժեշտ մարզչական փորձ և կարող է աշխատել հավաքականի հետ:

«Վստահ եմ, որ ՀՖՖ-ն լավագույն ընտրությունը կկատարի և իմ խորհուրդների կարիքը չունի: Սակայն, ինչ վերաբերում է Կարպինին, ապա նա աշխատել է «Սպարտակում» ավելի քան 5 տարի և մեծ մարզչական փորձ է կուտակել: Ամեն դեպքում, հաջողություն եմ մաղթում Հայաստանի հավաքականին և Վալերի Կարպինին»,-ասել է Միրզոյանը:

Վալերի Կարպինը ԽՍՀՄ և ՌԴ հավաքականների նախկին կիսապաշտպան է, ՌԴ սպորտի վաստակավոր մարզիչ: Նա գլխավորել է «Սպարտակը» 2009-ից: 2009-2012 թթ. նա միաժամանակ նաև ակումբի գլխավոր տնօրենն էր: 2011-ի ապրիլին նա հրաժարական տվեց սեփական ցանկությամբ անբավարար արդյունքների պատճառով, սակայն մարզիկները սատարեցին նրան: Իսկ անցյալ տարվա գարնանը նրան ազատեցին թիմի գլխավոր մարզչի պարտականություններից:

«Սպարտակի» լավագույն նվաճումը Կարպինի օրոք ՌԴ 2009-ի և 2011-12 թթ. արծաթե մեդալներն էին Ռուսաստանի առաջնությունում:

Նրա վերջին պայմանագիրը «Մալյորկայի» հետ էր, որը խզվել է 2015-ի փետրվարի 10-ին: 2014-ի օգոստոսին միանալով թիմին, նրան 5 խաղում անընդմեջ հաղթանակի հասնել չի հաջողվել, որին հաջորդել է միանգամից 7 խաղ առանց պարտության: Սակայն հաջորդ հանդիպումներում թիմի կայունությունը պահպանել չի հաջողվել և իսպանական ակումբը հրաժարվել է ռուս մասնագետից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---