«Հիմնադիր խորհրդարան»-ի՝ ապրիլի 24-ին թույլատրված հանրահավաքը կկայանա

«Հիմնադիր խորհրդարան»-ի՝ ապրիլի 24-ին թույլատրված հանրահավաքը կկայանա

PanARMENIAN.Net - Ժիրայր Սեֆիլյանն ու ընկերներն ամուր են, չեն հանձնվելու կամ նահանջելու, Էրեբունու ձերբակալված անձանց պահման վայրի դիմացած կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Բայց կարևոր է ոչ միայն նրանց ամրությունը, այլ նաև մեր հանրության: Պետք է միասնական կամք դրսևորենք, որպեսզի ապօրինի գործող իշխանությունները հետ նահանջեն ու հեռանան»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը պատասխանելով հարցերի, թե արդյո՞ք ապրիլի 24-ին հավաքվելու են, պայքարը շարունակվո՞ւմ է, ասել է. «Ապրիլի 24-ին թույլատրված հանրահավաքը՝ ժամը վեցին Էրեբունի թանգարանի դիմաց կայանալու է: Շարժումն ունի իր նոր կազմը: Մեր շարժումը երբեք մի հոգուց կապված չի եղել, չնայած ունեցել ենք և ունենք առաջնորդ ի դեմս Ժիրայր Սեֆիլյանի: Մեր շարժումը բազմաշերտ է, անում է իր գործն ու անելու է: Կոչ ենք անում ավելի չբարդացնել իրավիճակն ու ազատ արձակել ձերբակալվածներին»: Նա նաև տեղեկացրել է, որ ապրիլի 10-ին ժամը 14:00-ին, երբ լրանա իրենց ընկերների ձերբակալության 72 ժամը, հավաքվելու են քննչական կոմիտեի մոտ:

Ապրիլի 7-ի առավոտյան՝ ժամը 06:35-ի սահմաններում «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակ են մուտք գործել իրավապահ մարմինների մոտ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայացնելով շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ: Իրավապահների այլ խմբեր էլ, ըստ «Հիմնադիր խորհրդարան»-ի, խուզարկություններ են իրականացրել Կարո Եղնուկյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի բնակարաններում: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության և Քննչական կոմիտեի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015 թվականի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը, հայտնել են Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով: Այս քրեական գործի շրջանակում այսօր ձերբակալվել է 4 անձ։ Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---