Անդրադարձ. Մինչև միասնական արժույթ ներմուծելը ԵՏՄ-ն դեռ երկար ճանապարհ պիտի անցնի

Անդրադարձ. Մինչև միասնական արժույթ ներմուծելը ԵՏՄ-ն դեռ երկար ճանապարհ պիտի անցնի

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երեք երկրների նախագահների հետ Աստանայում կայացած հանդիպման ժամանակ առաջարկեց անցում կատարել միասնական արժույթի: Նա Կենտրոնական բանկին և կառավարությանը հանձնարարեց մինչև սեպտեմբերի 1-ը որոշել այդ բարեփոխման տնտեսական նպատակահարմարությունը: Դա առիթ տվեց որոշ փորձագետների եզրակացնել, որ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Ռուսաստանը ձգտում է որքան հնարավոր է արագ միասնական արժույթ ներմուծել: Տարբեր ժամկետներ նշվեցին` 1-2-ից մինչև 3-5 տարի, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Հոդվածում մասնավորապես ասվում է. Միասնական արժույթի ստեղծումը ինտեգրման փոխգործակցության ամենախորը ձևն է ի տարբերություն առևտրի ազատ գոտու կամ Մաքսային միության: Ուստի միության զարգացման ռազմավարության տեսակետից անցումը միասնական արժույթի միանգամայն տրամաբանական քայլ է: ԵՏՄ գոյության փաստն ինքնին, անկասկած, մեծ հաջողություն է հետխորհրդային տարածքում ինետգրման զարգացման գործում: ԵՏՄ նպատակներից մեկը շուկաների փոխադարձ բացումն է: Միությունը պետք է հանգեցնի ապրանքաշրջանառության աճի, ներքին և արտաքին ներդրումների ավելացմանը, տնտեսական աճի: Առավելություններ պետք է ստանան նաև առանձին երկրներ: Օրինակ, Ղրղզստանը շեշտը դրել է հանքարդյունաբերության զարգացման վրա:

Միևնույն ժամանակ հռչակված նպատակների արագ իրականացումը փորձագետներից շատերը կասկածելի են համարում: Ճգնաժամը ՌԴ տնտեսությունում և ռուբլու արժեզրկումը հանգեցրին երկրների ազգային արժույթների արժեզրկման: Կան նաև առանձին երկրների զարգացման հետ կապված խնդիրներ: Ուստի թեև ԵՏՄ ստեղծումը հնարավորություն է տալիս աճի արագացման համար, սակայն շատ բան կախված կինի ազգային տնտեսություններում կառուցվածքային խնդիրների լուծումից:

Այս առումով ՌԴ առաջարկը միասնական արժույթի մասին պետք է դիտարկել ավելի շուտ որպես ինտեգրումը շարունակելու հռչակագիր:

Միասնական արժույթի ստեղծումը բարդ խնդիր է և պայմանավորված է մի շարք գործոններով։ Առաջին հերթին՝ դրա համար անհրաժեշտ է, որ միության տնտեսական բոլոր օբյեկտները ընդհանուր օրգանիզմ կազմեն և ինտեգրված լինեն: Բոլոր երկրների հիմնական ցուցանիշները պետք է որոշակի մակարդակում լինեն։ Այսինքն՝ միասնական արժույթի համար մակրոտնտեսական քաղաքականության համաձայնեցման ավելի բարձր մակարդակ է պետք, քան այն, որը կա այսօր ԵՏՄ-ում։

Ընդհանուր արժույթի ներդրման համար միության անդամներն առևտրի ավելի մեծ ծավալներ պետք է ունենան։ Անցյալ տարվա տվյալներով՝ Մաքսային միության երկրների միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11% -ով՝ կազմելով 57.4 մլրդ դոլար: Ցածր են նաև փոխադարձ ներդրումների պարամետրերը:

ԵՏՄ երկրների առաջ այժմ հարկերի նվազեցման, բիզնեսի ակտիվացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման խնդիրներ են դրված: ԵՏՄ համար խնդիր է նաև անդամ երկրներում կոռուպցիայի մեծ մակարդակը: Այսինք միասնական արժույթի ներմուծումը մի շարք հարցերի մշակում է պահանջում, ինչը բավական երկար կարող է տևել:

«Միասնական արժույթի մասին խոսելուց առաջ պետք է հասնել ազգային արժույթների կայունացման և հնարավորության դեպքում նվազեցնել նրանց կախվածությունն էներգակիրների համաշխարհային գներից, ինչը Ռուսաստանի և Ղազախստանի հումքային տնտեսությունների պարագայում դժվար է: Պետք է գիտակցել, որ զարգացման որակապես նոր ռազմավարության մշակումը ինչպես ազգային, այնպես էլ անդրազգային մակարդակով, առևտրի ծավալների աճն ու ԵՏՄ նոր միասնական մարմինների հստակ աշխատանքի կազմակերպումը թույլ կտան ԵՏՄ-ին արդյունավետ զարգանալ»,-գրում է թերթը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---