19  10.04.15 - Քիմ ու Քլոի Քարդաշյանների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Քիմ և Քլոե Քարդաշյաններն ու Քանյե Ուեսթը՝ Ծիծեռնակաբերդում

Քիմ և Քլոե Քարդաշյաններն ու Քանյե Ուեսթը՝ Ծիծեռնակաբերդում

PanARMENIAN.Net - Հայաստան ժամանելու երկրորդ օրը՝ ապրիլի 10-ին, Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Ուեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և զարմուհիների հետ այցելել է Ծիծեռնակաբեդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Հյուրերին ուղեկցում էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման և Հայոց ցեղասպանության պատմությունը: Հյուրերը շրջել են նաև Հուշապատի տարածքում, ծանոթացել ամերիկյան հումանիտար օգնության պատմությանը. Ցեղասպանության տարիներին և դրանից հետո ծավալած աննախադեպ մարդասիրական գործունեությանը: Սուրեն Մանուկյանը ներկայացրել է նաև Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի պատմությունը:

Հանդիպման ավարտին Քարդաշյան քույրերին հանձնվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակություններից՝ Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան», Հայոց ցեղասպանությունը արտասահմանյան մամուլի էջերին, 100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին, Կլարա Բարտոնի «Ամերիկյան Կարմիր խաչի նպաստամատույց առաքելությունը Փոքր Ասիայում» գրքերը, ինչպես նաև անգլիալեզու «International Journal of Armenian Genocide Studies» պարբերականը:

Ապրիլի 9-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ Քարդաշյանը նշել էր, որ շարունակելու են ակտիվ պայքարել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար և կարևորել այդ հարցի շուրջ համայն հայության համախմբման գործոնը, իսկ միջազգային մամուլն այս այցի մասին հրապարակումներում նշում է, որ Քարդաշյանների այցը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին է:

21 Գրեմմիի մրցանակակիր Քանյե Ուեսթը Ծիծեռնակաբերդից բացի այսօր այցելել է նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նա շրջել է կենտրոնով և ծանոթացել Թումոյի ուսումնական ծրագրերին, հանդիպել երաժշտական ստուդիայի երիտասարդ երաժիշտներին և լսել էքսպրոմտ Pyramidz և Թմբա-Թա խմբերի կատարմամբ: Քանյեն դիտել է նաև Decibelle-ի հոլովակը և լսեցլ Թումոյի երաժշտական խմբերի համագործակցությամբ ստեղծված «Համայակ ջան» կատարումը: Երաժիշտը տպավորված էր պատանիների տաղանդով և ավանդական ֆոլկ երգի ժամանակակից կատարմամբ, գրում է Aravot.am-ը:

Նախօրեին Քարդաշյան քույրերը զբոսնել են Երևանում, եղել Հաղթանակի զբոսայգում, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում՝ ընթացքում քաղաքացիների հետ սելֆիներ անելով ու ինքնագրեր բաժանելով: Օրվա երկրորդ կեսին Քարդաշյանը քրոջ, ամուսնու և դստեր հետ այցելել էր Գեղարդի միջնադարյան վանական համալիր։

Կարդացեք նաև՝ Քարդաշյանները Հայաստանում. Երևանում զբոսանքի, վարչապետից անմոռուկների և հայերեն խոսելու մասին

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---