Ապրիլի 23-24. Երևանում SOAD-ի համերգին և Էջմիածնում սրբադասմանը մասնակցելու կարգը

Ապրիլի 23-24. Երևանում SOAD-ի համերգին և Էջմիածնում սրբադասմանը մասնակցելու կարգը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների, մասնակիցների տեղափոխության, երթևեկության և անվտանգության հետ կապված պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ է տարածել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինությունը:

2015-ի ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ից բաց խորանի մոտ տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով, ինչպես նաև կցուցադրվի Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրաններին:

Հաշվի առնելով միջոցառումների ծավալը, մասնակցել ցանկացողների քանակը և բազմաթիվ պաշտոնական պատվիրակությունների ներկայությունը՝ ՀՀ ոստիկանությունը, Երևանի և Էջմիածնի քաղաքապետարանները մշակել են հատուկ երթուղիներ, համաձայն որոնց՝ Երևանի Բրազիլիայի հրապարակից Էջմիածին կմեկնեն անվճար ավտոբուսներ, որոնք ուղևորներին կհասցնեն մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք և, այնուհետև, միջոցառման ավարտին կվերադարձնեն Երևան: Խորհուրդ է տրվում խուսափել սեփական փոխադրամիջոցների օգտագործումից:

Սեփական ավտոմեքենաներով Էջմիածին մեկնողների տրանսպորտային միջոցները պետք է կայանել Էջմիածնից դեպի Արմավիր տանող ճանապարհահատվածում, որտեղից էլ ցանկացողներին ավտոբուսներով կտեղափոխեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Անվտանգության նկատառումներից ելնելով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք, ինչպես նաև ստորև նշվող այլ հանրային միջոցառումների անցկացման վայրեր մուտք գործող անձանց արգելվում է կրել կամ ունենալ քիմիական, պայթուցիկ, հրավառ և դյուրավառ նյութեր, ինչպես նաև այն իրեր և միջոցներ, որոնց առկայությունը կամ կիրառումը կարող է վտանգ ներկայացնել շրջապատում գտնվող անձանց համար: Արգելվում է ունենալ ռազմամթերք, զենքի ցանկացած տեսակ և դրանց փամփուշտներ (բացառությամբ այն անձանցից, ովքեր, ելնելով ծառայողական պարտականությունների կատարումից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն պահել, կրել, կիրառել և օգտագործել հաշվեցուցակային հրազեն): Արգելվում է նաև ունենալ մեծածավալ առարկաներ, այդ թվում՝ տնտեսական և այլ մեծ պայուսակներ, տոպրակներ, պարկեր, ճամպրուկներ, ուսապարկեր և այլն:

Միջոցառման անցկացման ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք բերվող անձնական իրերը ենթարկվելու են զննման:

Իսկ ապրիլի 23-ի աշխատանքային հինգշաբթին Կառավարության որոշմամբ կտեղափոխվի ապրիլի 18` շաբաթ օր:

2015 թվականի ապրիլի 23-ի երեկոյան՝ ժամը 20:00-ին, Երևան քաղաքի Հանարապետության հրապարակում տեղի կունենա ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար մշտապես պայքարող SOAD ռոք խմբի համերգը, որն անցնում է Wake up the souls («Արթնացրեք հոգիները») խորագրով:

Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է միայն Շահումյան հրապարակի կողմից` Վազգեն Սարգսյան փողոցով` անվտանգության գոտիներն անցնելուց հետո: Մուտքն անվճար է, բայց սահմանափակ է մասնակիցների ընդհանուր թվով:

2015թ. ապրիլի 23-ին՝ ժամը 08:00-ից մինչև 24:00, սահմանափակվելու է Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթևեկությունը, մասնավորապես՝ Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից, Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից, Գր.Լուսավորիչ փողոցը՝ Գր.Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից, Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան և Խորենացի-Մ.Մկրտչյան փողոցների խաչմերուկներից:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում արտերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվելու են արարողակարգային միջոցառումներ: Այցելուների համար մուտքը դեպի հուշահամալիր կբացվի ժամը 13:00-ից: Հուշահամալիր այցելությունը շարունակվելու է նաև ապրիլի 25-ին:

Ապրիլի 24-ին՝ երեկոյան 20:15-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա համաշխարհային 24/04 նվագախմբի համերգը` տասնյակ երկրներից ժամանող 140 երաժիշտների, աշխարհահռչակ խմբավարների և մենակատարների մասնակցությամբ: Մուտքն անվճար է:

Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է Վազգեն Սարգսյան, Ամիրյան փողոցների և Տիգրան Մեծ պողոտայի հատվածներից անվտանգության գոտիներն անցնելուց հետո:

Աբովյան և Նալբանդյան փողոցների հատվածներում քաղաքացիների մուտք (ելք) չի իրականացվելու:

2015 թվականի ապրիլի 24-ին` երեկոյան ժամը 22:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:

Երթուղին՝ Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց- Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Բաղրամյան պողոտա – Բարեկամության հրապարակ – Կիևյան փողոց – Կիևյան կամուրջ – Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ – Ծիեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---