«Սարդարապատ»-ը՝ System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» շրջագայության համերգներին (վիդեո)

«Սարդարապատ»-ը՝ System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» շրջագայության համերգներին

PanARMENIAN.Net - «Գրեմի»-ի մրցանակակիր հանրահայտ System of a Down խումբն ապրիլի 6-ին մեկնարկած «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության Լոս Անջելեսում կայացած համերգի ժամանակ կատարել է նաև հայերեն երգեր: Տեսանյութ է տարածվել, որում խմբի Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետևորդ անդամները կատարում են «Սարդարապատ» երգը՝ Պարույր Սևակի հեղինակած խոսքով և Էդգար Հովհաննիսյանի երաժշտությամբ:

Խումբը միջազգային մամուլի ակտիվ լուսաբանմամբ աշխարհի բեմեր է բարձրացնելու 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին իրազեկելու գերխնդրով: Ինչպես նաև նպաստելու Միացյալ Նահանգներում և մյուս չճանաչած երկրներում թուրքական կառավարության ծրագրած և իրագործած ոճրագործության՝ ցեղասպանություն լինելու փաստը պաշտոնապես ընդունելուն:

«Մեր ընտանիքներն անցել են այդ ամենի միջով, այդ պատճառով ամերիկահայերիս համար կարևոր է ոչ միայն իրազեկություն տարածել, այլև արդարություն բերել այս գործին: Ցեղասպանությունն այսօր էլ է տեղի ունենում: Սա հիվանդություն է, որը շարունակվում է առ այսօր»,-շրջագայության մեկնարկից առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է խմբի հիմնադիրՍերժ Թանկյանը:

Թանկյանն ու խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը խոսել են նաև հանրապետական կոնգրեսական Ադամ Շիֆի և այլոց հետ գործակցության մասին և հույս ունեն հասնել Օբամայի վարչակազմի ու թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայությունը մեկնարկել է ապրիլի 6-ին Կալիֆորնիայում կայացած համերգով և կներառի համերգներ աշխարհի 14 բեմերում` ներառյալ Եվրոպան, Հարավային և Հյուսիսային Ամերիկաները, ինչպես նաև ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախորդ օրը, առաջին անգամ ելույթով Երևանում: Ապրիլի 10-ին SOAD-ը կլինի Լոնդոնում՝ Wembley Arena-ում, ապրիլի 13-ին՝ Քյոլնի՝ Lanxess Arena-ում, ապրիլի 14-Լիոնի՝ La Halle Tony Garnier-ում, ապրիլի 16-ին՝ Բրյուսելի Forest National-ում, ապրիլի 17-ին Ամստերդամ-ի Ziggo Dome-ում, ապրիլի 20-ին Մոսկվայի Olympisky-ում, ապրիլ 23-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---