Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ պայքարելու է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար

Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ պայքարելու է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին ղեկավար և նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնն առաջադրվելու է ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Քլինթոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտարարել է, որ մտադիր է լինել շարքային ամերիկացիների շահերի ջատագովը:

2008 թ. Հիլարի Քլինթոնը տանուլ տվեց Բարաք Օբամային որպես նախագահության թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից: Այժմ, ըստ քաղաքագետների գնահատականների, դեմոկրատների շարքերում նա լուրջ մրցակիցներ չունի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Օբաման ասել է, որ սատարում է Քլինթոնի առաջադրմանը` նա ունի հստակ տեսլական, թե ինչ է ցանկանում անել Միացյալ Նահանգների համար:

«Նա շատ ուժեղ թեկնածու էր 2008-ին: Նա լիովին սատարեց ինձ նախագահական ընտրություններում: Նա ականավոր պետքարտուղար էր: Նա իմ ընկերն է: Կարծում եմ, նա հիանալի նախագահ կդառնա»,-հայտարարել է Օբաման Պանամայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում «Ամերիկաների գագաթնաժողովի» ավարտին:

2014-ի նոյեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որին համարում են Դեմոկրատական կուսակցության գլխավոր թեկնածուներից մեկը 2016-ի նախագահական ընտրություններում, կարող է հիանալի նախագահ լինել: «Եթե նա որոշի մասնակցել նախագահական ընտրարշավին, կկարողանա մրցունակ թեկնածու լինել, կարծում եմ, նա հիանալի նախագահ կլինի»,-հայտարարել է նա ABC News-ին տված հարցազրույցում:

Քլինթոնը Դեմոկրատական կուսակցության հովանավորներին հայտնել է, որ նախագահական քարոզարշավը կսկսվի նախատեսվածից շուտ: Ուստի, նա կկարողանա իր նախընտրական հիմնադրամի համար գումարների հավաքագրման գործընթացն ավելի շուտ սկսել: Ըստ աղբյուրների, նախընտրական արշավի հիմնադրամը կկազմի մոտ մեկ մլրդ դոլար: 2008-ին Քլինթոնն արդեն մասնակցել է նախագահական ընտրություններին, նա Բարաք Օբամայի հիմնական մրցակիցն էր կուսակցության ներսում:

Հիլարի Քլինթոնն ԱՄՆ գործող փոխնախագահ Ջո Բայդենի հետ համարվում է Դեմոկրատական կուսակցության ամենահավանական նախագահի թեկնածուն։ Նախագահության հնարավոր թեկնածուների թվում է նաև միլիարդատեր Դոնալդ Տրամպը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ըստ Սահմանադրության այլևս իրավունք չունի առաջադրելու իր թեկնածությունը:

Հիլարի Քլինթոնը 66 տարեկան է: Նա շրջագայում է աշխարհով մեկ, մասնակցում է տարբեր միջոցառումների: Նրա ելույթների արժեքն առնվազն 200 հազար դոլար է: Նրա ամուսինը` Բիլ Քլինթոնը, Սպիտակ տնից հեռանալուց հետո, այդ ճանապարհով շուրջ 100 մլն դոլար է վաստակել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---