Ալիևների անձի պաշտամունք. Բաքու ոտք դնողը հասկանալու է՝ լավ գրիմավորված արևելյան բռնապետության հյուրն է

Ալիևների անձի պաշտամունք. Բաքու ոտք դնողը հասկանալու է՝ լավ գրիմավորված արևելյան բռնապետության հյուրն է

PanARMENIAN.Net - 2015-ի հունիսին կայանալիք Եվրոպական խաղերին ընդառաջ Բաքվում սկսել են հավաքել Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի լուսանկարներով պաստառները. Հեյդար Ալիևի դիմանկարները հանել են քաղաքի տարբեր մասերից, այդ թվում` կենտրոնական հատվածներից` Նոբելի պողոտայից, Նիզամիի շրջանի մետրոյի կայարանի մոտից, որտեղ այդ պաստառները երկար տարիներ է, ինչ փակցված էին:

Ինչպես նշվում է, Բաքվի որոշ շրջանների գործադիր իշխանությունների ներկայացուցիչները մեկնաբանել են, թե հանձնարարություն են կատարել, մի մասը հավաստիացրել է, թե իբր տեղյակ չէ` ովքեր են հանել պաստառները, մյուսներն էլ պնդել են, թե պաստառները տարել են վերանորոգելու, շուտով կվերատեղադրեն, ադրբեջանական «Ազադլիգ»-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին Facebook-ի իր էջում գրել է, որ Ադրբեջանի ամեն մի անկյունում Հեյդար Ալիևի դիմանկարներ ու արձաններ դնելը հետամնացություն է, ինչն իշխանություններն անգամ լավ գիտակցում են:

«Բաքու ոտք դնող յուրաքանչյուր արտասահմանցի միայն Հեյդար Ալիևի դիմապատկերների ու արձանների, նրա անվան թանգարանների, կենտրոնների ու զբոսայգիների թվաքանակից հասկանալու է, որ լավ գրիմավորված արևելյան բռնապետության հյուրն է: Նորմալ երկրում նման անձի պաշտամունք չի կարող լինել: Այդ միջոցառումը խոսում է այն մասին, որ իշխանությունները եվրոպացիների առաջ շպարվում են` իրենց հեղինակությունը փրկելու նպատակով»,- նշել է նա:

«Ազադլըգ» թերթն իր հերթին տարակուսում է` եթե իշխանություններն Ալիևների անձի պաշտամունքը արտասահմանցիների աչքից թաքցնելու համար կարող են նրանց պատկերները հանել փողոցներից, իրենց առանձնասենյակներից, կոստյումների վրայից, անգամ դասագրքերի ու աշակերտական տետրերի կազմերից, իսկ ինչպես են վերացնելու ամեն քայլափոխի դրված Հեյդար Ալիևի արձանները կամ թաքցնելու մայիսի 10-ին «առաջնորդի» ծննդյան օրվա հետ համատեղված «Ծաղկի տոնի» միջոցառումը, որի վրա հսկայական գումարներ են ծախսել:

Հռոմում կայացած Եվրոպական Օլիմպիական կոմիտեների գլխավոր ասամբլեայի ժամանակ որոշվել է, որ 2015 թվականից անցկացվելու են Եվրոպական Օլիմպիական խաղեր:

Առաջինն այդ խաղերն անցկացելու հնարավորությունը ստացել է Բաքուն, որպես հայտ ներկայացրած միակ քաղաքը: Բաքուն «նոր Օլիմպիական խաղերի» մայրաքաղաք է ընտրվել փակ քվեարկությամբ, որի արդյունքում ստացել է 38 կողմ, 8 դեմ և երկու ձեռնպահ ձայն: Ասամբլեային ներկա են եղել նաև Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները, սակայն նրանք հրաժարվել են մասնակցել քվեարկությանը:

Միջազգային մամուլն այս շրջանում ակտիվ լուսաբանում է Ադրբեջանում կարևոր մարզական միջոցառումից առաջ ներքաղաքական իրավիճակը: Մասնավորապես Frankfurter Allgemeine Zeitung գերմանական թերթը գրել է, որ հետսովետական այդ երկրում 60-ականների վերջից ի վեր կառավարում է Ալիևների կլանը: Այդտեղ 2014 թվականին ձերբակալվել են հայտնի լրագրողներ ու իրավապաշտպաններ, որոնց թվում` Լեյլա ու Արիֆ Յունուսները, Խադիջա Իսմայիլովան:

Նշվում է նաև, որ վերջերս Amnesty International կազմակերպության կողմից հրապարակված տեսագրությունում ձերբակալված իրավապաշտպաններ Յունուսների դուստրը` Դինարա Յունուսը, հարց է ուղղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. «Պարոն նախագահ, Դուք կարո՞ղ եք բացատրել ինձ, թե ինչու է իմ մայրը ձերբակալվել այն բանից հետո, երբ քննադատության է ենթարկել Եվրոպական խաղերը»:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր հերթին մամուլի ազատության իր վարկանշային աղյուսակում Ադրբեջանը նշել է 162-րդ հորիզոնականում 180 երկրների շարքում, իսկ ահա «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ) նշել է, որ Ադրբեջանը գրավում է 9-րդ տեղը ձերբակալված լրագրողների առավել մեծ քանակ ունեցող պետությունների շարքում:

Ասվում է նաև, որ Ալիևը, լինելով երկրի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը, օգտագործելով Եվրոպական խաղերը, փորձում է առաջ մղել իր պետության սպորտային-քաղաքական ամբիցիաները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---