Միջազգային իրավապաշտպանների նամակը Քերիին. Պահանջում են պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

Միջազգային իրավապաշտպանների նամակը Քերիին. Պահանջում են պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, մի շարք հայտնի իրավապաշտպաններ և դիվանագետներ բաց նամակով դիմել են ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիին` պահանջելով հստակ պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական իշխանությունների այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր ակտիվերոն ներգրավված են երկրում մարդու իրավունքների խախտման և ազատությունների սահմանափակման գործընթացում:

Իրավապաշտպանները նշում են, որ վերջին տարիների ընթացքում ադրբեջանական իշխանությունները իրենց «էներգետիկ կարևորության» քողի տակ զբաղված են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով, այլախոհական ձայների լռեցմամբ, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների ձերբակալություններով:

«Մենք տեղյակ ենք Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող դրության մասին: Լրագրողների, իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության, կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների, իրավապաշտպանների, ընդդիմադիրների ձերբակալությունները բազմապատկվել են: Ադրբեջանը այժմ երկու անգամ ավելի շատ քաղբանտարկյալներ ունի, քան Ռուսաստանը և Բելառուսը միասին վերցրած»,- նշված է իրավապաշտպանների նամակում, հայտնում է Panorama. am-ը:

Իրավապաշտպանները փաստում են, որ վերջին շրջանում Ադրբեջանին ուղղված տարբեր զգուշացումները որևէ դրական արդյունք չեն տվել, հետևաբար արդեն ժամանակն է, որ ԱՄՆ-ն ավելի հստակ քայլեր ձեռնարկի` պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի իշխանությունների կոնկրետ ներկայացուցիչների և որոշ կառույցների նկատմամբ:

Մասնավորապես` իրավապաշտպաններն առաջարկում են վիզային արգելքներ սահմանել և սառեցնել ադրբեջանական այն պաշտոնյաների հաշիվները, որոնք ինչ-որ կերպ ներառված են երկրում տեղ գտած մարդու իրավունքների խախտումների գործընթացում, ինչպես նաև սահմանափակել ամերիկյան «Export-Import Bank» և «OPIC» ընկերությունների կողմից Ադրբեջանի պետական մասնաբաժնով ընկերություններին առևտրային հարցերում ցուցաբերվող օժանդակությունը:

Պատժամիջոցներ սահմանելուց բացի, իրավապաշտպանները պահանջում են նաև Ադրբեջանի իշխանություններից անմիջապես ազատ արձակել ապօրինի ձերբակալվածներին, հարգել լրագրողների իրավունքները իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնելիս, դադարեցնել ընդդիմադիր գործիչներին և նրանց ընտանիքի անդամներին հետապնդումների ենթարկելը:

Հատկանշական է, որ իրավապաշտպանները իրենց մտահոգությունները հայտնելիս շեշտում են այն հանգամանքը, որ Ադրբեջանում իրավունքների և ազատությունների սահմանափակումները լայնամասշտաբ բնույթ կարող են ստանալ այս տարի նախատեսված խորհրդարանական ընտրությունների շեմին:

Ապրիլի 7-ին տարածվեց Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (GRECO) զեկույցը, որն արդեն չորրորդ էր Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Զեկույցում ասվում է, որ անցանկալի ազդեցության բացառումն ու քաղաքական միջամտության վերացումը կարևորագույն պայմաններ են Ադրբեջանի օրենսդիր և դատական համակարգերում կոռուպցիայի վերացման համար:

Ավելի վաղ ամերիկյան առաջատար Foreign Policy Journal պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի ներպետական վերջին իրադարձությունների ֆոնին միջազգային ասպարեզում այդ երկրի հեղինակության լուրջ կորուստներին` եզրակացնելով, որ ադրբեջանական իշխանությունների կողմից անկախ լրագրողների նկատմամբ բռնաճնշումները արևմտյան լայն լսարանին ի ցույց դրեցին Ադրբեջանի ավտորիտար բնույթը: Պարբերականը անդրադառնում է անկախ լրագրողների, բլոգերների, իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության անդամների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվող բռնաճնշումներին և ձերբակալություններին` նկատելով, որ այդ ամենը սկսվեց 2013թ-ի նախագահական ընտրություններից հետո:

2014-ի դեկտեմբերի 5-ին կալանավորվել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան: Նա տասնյակ աղմկահարուց հոդվածներ ու նյութեր է հրապարակել տեղական ու արևմտյան մամուլում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա ընտանիքի անդամների բիզնեսների մասին, ինչի համար տարիներ շարունակ հետապնդվել է: Երկու տարի առաջ նրան վարկաբակող տեսանյութ էր տարածվել համացանցում, այս տարի էլ իշխանությունները արգելել են մեկնել Պրահա՝ մասնակցելու միջազգային համաժողովի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---