Բաքվում ԱՄՆ դեսպան. ԱՄՆ-ն կարող է չմասնակցել Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին

Բաքվում ԱՄՆ դեսպան. ԱՄՆ-ն կարող է չմասնակցել Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կարող է ներկայացված չլինել Թուրքիայում կայանալիք Գալիպոլիի միջոցառումներին: Այդ մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

«Այս կամ այն միջոցառմանը ԱՄՆ պաշտոնատար անձանց մասնակցելու վերաբերյալ որոշումը կայացնում է պաշտոնական Վաշինգտոնը: Կարող եմ ասել միայն, որ քանի որ ԱՄՆ-ն այդ շրջանում չի մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին, հնարավոր է, որ մեր երկիրը չմասնակցի Չանաքքալեի ճակատամարին նվիրված միջոցառումներին»,-ասել է Սեկուտան, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

ԱՄՆ-ն Առաջին համաշխարհային պատերազմին միացել է 1917 թվականի ապրիլի 6-ին: Մինչ այդ նա չեզոքություն էր պահպանում:

Մինչդեռ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, անդրադառնալով ԱՄՆ պաշտոնական պատվիրակության հնարավոր այցին Երևան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, հայտարարեց, որ Վաշինգտոնն անպայման պաշտոնապես ներկայացված կլինի Ծիծեռնակաբերդում: Դեսպանը հավելել է նաև, որ պատվիրակության անդամներին անձամբ նախագահ Օբաման է ընտրելու:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այս շաբաթ մեկնելու է Վաշինգտոն: ԱՄՆ-ում իր պաշտոնակից Ջոն Քերիի հետ հանդիպման ընթացքում Չավուշօղլուն ջանքեր է գործադրելու, որպեսզի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չասի «ցեղասպանություն»: Թուրք պաշտոնյայի այցն ԱՄՆ՝ Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցին՝ ապրիլի 24-ին ընդառաջ, կրիտիկական այց է որակվում: Ակնկալվում է, որ Չավուշօղլուն կփորձի կանխել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Հռոմի պապի հայտարարության կրկնությունը:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական էր. առաջին անգամ էր Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան դեռ շարունակվում է՝ վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով:

Պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք:

Անկարան պատրաստվում էր 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրի նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ: Մինչդեռ Թուրքիայում գործող 5 հասարակական կազմակերպություն համաշխարհային առաջնորդներին կոչ են արել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը չընդունել Էրդողանի հրավերը, այլ փոխարենը մեկնել Երևան:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին հրավիրվածների թիվը նվազել է 25-ով: Այդ թիվն այժմ նվազել է՝ հասնելով 77-ի: Ցանկից 25 երկիր է պակասել, սակայն Անկարան փորձում է ավելացնել մասնակցության թիվը։

Հրավիրվածների թվում էր նաև ՀՀ նախագահը, որը նույն օրը պատասխանել էր հրավերին մերժումով: Սերժ Սարգսյանի պատասխան նամակում մասնավորապես, ասված է. «Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին: «Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»:

Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---