LA Times. Բարոյական զայրութի չափը՝ հրեա բառը փոխարինեք հայով, Գերմանիան՝ Թուրքիայով

LA Times. Բարոյական զայրութի չափը՝ հրեա բառը փոխարինեք հայով, Գերմանիան՝ Թուրքիայով

PanARMENIAN.Net - Ամերիկահայ պրոֆեսոր, հայտնի գրող Փիթեր Բալաքյանը Los Angeles Times-ում հրապարակված իր հոդվածում պատմել է, որ ժամանակին ընկերը Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ բացիկ էր ուղարկել հետևյալ ձեռագիր գրությամբ. «Թող այս տոնական օրերին ճանաչվի քո ցեղասպանությունը» ու ավելացրել, որ մինչ օրս այդ գրառումը իրեն ծիծաղեցնում է, քանի որ ամփոփում է Թուրքիայի և հայ ժողովրդի միջև առկա աբսուրդ իրավիճակը և խորը փակուղին:

«Հարյուր տարի առաջ այս օրը Օսմանյան կայսրությունը սկսեց հայ բնակչության ոչնչացման սիստեմատիկ ծրագրի իրականացումը: Սակայն թուրքական կառավարությունը դեռևս չի ճանաչում այդ պատմական փաստը: Այն տարեկան մի ամբողջ կարողություն է ծախսում ցեղասպանության վերաբերյալ գիտական և մշակութային միջոցառումները խափանելու համար: Անգամ տարեկան ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար է վճարում ԱՄՆ նախկին սենատոր Ռիչարդ Գեֆարդի «Gephardt Group»-ին ցեղասպանության վերաբերյալ կոնգրեսական բանաձևերի դեմ լոբիստական գործողություններ իրականացնելու համար», - գրել է Բալակյանը, փոխանցում է Panorama.am-ը:

Հոդվածագիրը հիշել է նաև Թուրքիայի սպառնալիքները, որ փակելու է մուտքը թուրքական հրթիռային կայաններ ԱՄՆ ռազմական օդանավերի համար, եթե Կոնգրեսն ընդունի պարտադիր ուժ չունեցող հայտարարություն, որով 1915 թվականի իրադարձությունները կճանաչվեն որպես ցեղասպանություն: Եվ վերոնշյալ մարտավարությունը գործում է. ընդունման համար բավարար ձայներ ունեցող բանաձևը տապալվեց Պետքարտուղարության կարգադրությամբ:

Սակայն Միացյալ Նահանգները այս գրաքննության միակ թիրախ չեն: Իրենց կառավարության դրդմամբ թուրքական համայնքային կազմակերպությունները 2009թ. արշավ են իրականացրել Տորոնտոյի դպրոցական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանությունը մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացում ներառելու դեմ: 2010 թվականին Անկարային հաջողվել է ճնշում գործադրել Ռուանդայի կառավարության վրա, որպեսզի վերջինս ՄԱԿ-ում ցեղասպանության վերաբերյալ քննարկման ժամանակ ջնջի Հայոց ցեղասպանության վերաբերյալ զեկուցումը: 2012 թվականին թուրքական կառավարությունը պահանջել է, որպեսզի բրիտանական կառավարությունը կարգադրի Tate Modern ժամանակակից արվեստի թանգարանին Արշիլ Գորկիի ցուցանմուշի գրությունից հանել «ցեղասպանություն» բառը:

«Հրեա» բառը փոխարինեք «հայով», իսկ «գերմանական կառավարությունը»՝ «թուրքական կառավարությամբ», և դուք կպատկերացնեք դրանից բխող բարոյական զայրութի չափը: Հայկական համայնքը սպասել է մեկ դար, որպեսզի միջազգային հանրությունն առերեվի Թուրքիային: Այն այլևս չպետք է սպասի:

«Ճանաչում» բառը բազեի պես սավառնում է Հայոց ցեղասպանության պատմության ողջ ընթացքում: Այդ բառը սահմանում է մարդու իրավունքների ոլորտում իրականացված ոճրագործության պատասխանատվության բարոյական հիմքերը: Ճանաչման խնդիրն աբստրակցիա կամ հռետորական խաղ չէ: «R-բառը» վերաբերում է ժամանակակից դարաշրջանում մարդու իրավունքների դեմ իրականացված ամենածավալուն հանցագործության պատասխանատվությանը, սոցիալական արդարությանը և վերականգնմանը. հանցագործություն, որը կարևոր դեր խաղած Ռաֆաել Լեմկինի կողմից ցեղասպանություն բառի և եզրույթի սահմանման գործում:

Թուրքական առաջնորդներին առերեսվելու գործում Օբաման առավել հեռուն է գնացել, քանի ցանկացած այլ նախագահ՝ կոչ անելով արդար լուծել 1915թ. իրադարձությունների հարցը, այնպես ինչպես արեց 2009 թվականին՝ Թուրքիա այցի ժամանակ: Սակայն Օբաման պետք է հետևի իր իսկ իմաստությանը և դադարեցնի ինքնագրաքննությունը:

Իսկ թուրքական կառավարությունը, իր հերթին, պետք է դադարեցնի միջամտությունը ժողովրդավարական հասարակությունների մշակութային միջոցառումներին և մտավոր ազատությանը: Այն պետք է լսի իր բազմաթիվ քաղաքացիներին, ովքեր համառորեն աշխատում են Թուրքիայում արդարության հաստատման ուղղությամբ:

Թուրք գիտնական և լրագրող Չենգիզ Աքթարն արտահայտել է իր մեծաթիվ հայրենակիցների կարծիքը, երբ գրել է, որ «Հայոց ցեղասպանությունն Անատոլիայի Մեծ Աղետն է, և այս հողերի մայր տաբուն: Քանի դեռ մեզ չի հաջողվում խոսել դրա մասին, գիտակցել այն, առերեսվել դրա և հաշվի նստել դրա հետ, այն շարունակելու է մեզ հետապնդել»:

Եվ անեծքը վերացնելու համար որևէ կախարդական ուժ անհրաժեշտ չէ: Միայն անհրաժեշտ է բարոյական ղեկավարություն»:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---