Էներգետիկայի նախարարն էլէներգիայի թանկացումը չի բացառում

Էներգետիկայի նախարարն էլէներգիայի թանկացումը չի բացառում

PanARMENIAN.Net - Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն«Չի բացառում», որ էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է բարձրանա: Այդ մասին նա ասել է այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում:

Դեռ հունվարին լրագրողների հետ հանդիպմանը Զախարյանն ասել էր, որ ռուսական «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ»-ին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վատ կառավարման, ինչպես նաև դրամի կտրուկ արժեզրկման պատճառով սպասվում է էլեկտրաէներգիայի թանկացում:

Նախարարը մանրամասնել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը կուտակել է 250 միլիոն դոլարից ավելի պարտք, և գործող սակագնի պայմաններում չի կարող մարել այն, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Սակայն այն ժամանակ պաշտոնյան ընդգծել էր, որ նախագահ Սարգսյանը հանձնարարել է ամեն ինչ անել, որ այս տարի էլեկտրանէներգիայի սակագինը չբարձրանա․

«Ես կարող եմ պատասխանատու հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության դեպքում Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության դիրքորոշումը հետևյալն է՝ անել ամեն ինչ, և հավանաբար այդպես էլ կարվի, որպեսզի սակագների հետ կապված, բարձրացման հետ կապված այս տարի մենք խնդիր չունենանք»:

«Հայկական ժամանակ» պարբերականը օրերս գրել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի առաջին տասնօրյակում դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով, և առաջարկելու է բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6 դրամով: Այդպիսով՝ մեկ կվտ/ժամ-ի ցերեկային սակագինը կկազմի 48 դրամ, գիշերայինը՝ 38 դրամ: Հարցին, թե ինչ կարող է ասել էլեկտրաէներգիայի սակագնի կապակցությամբ, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն արձագանքել է․«Առայժմ ոչինչ: Կսպասենք մինչև գազի բանակցությունները ավարտվեն»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---