Փորձաքննությամբ հերքվել է Պերմյակովի կողմից խլացուցիչի օգտագործումը

Փորձաքննությամբ հերքվել է Պերմյակովի կողմից խլացուցիչի օգտագործումը

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, հերքվել թե Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը խլացուցիչ է օգտագործել:

Դա են վկայում համալիր փորձաքննության արդյունքները, որոնց ներկա են եղել Ավետիսյանների հարազատներն ու տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչները, ասել է փաստաբան Երվանդ Վարոսյանը, որը ևս տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչներից է։ Նախքան փորձաքննությունը կարծիքներ էին հնչում, որ եթե ինքնաձիգը խլացուցիչով չլիներ, ապա կրակահերթերի ձայները լսելի կլինեին տան տարբեր սենյակներում ու հարևան տներում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հարցին, թե փորձաքննությունից հետո հարցեր չե՞ն առաջանում, Երվանդ Վարոսյանը պատասխանել է. «Պատկերը կամբողջականանա նաև դատագենետիկ փորձաքննությունների ստացումից հետո, դրանից հետո մենք առանձին հանրությանը կներկայացնենք մանրամասներ Ավետիսյանների տնից: Ինչ վերաբերում է հարևաններին, ապա ես այսօրվա դրությամբ դա մեկնաբանել չեմ կարող, որովհետև քրեական գործի կոնկրետ էդ նյութերին, այսինքն՝ հարևանների ցուցմունքներին դեռ չեմ տիրապետում, դրա համար էս պահի դրությամբ որևէ մեկնաբանություն անել չեմ կարող»:

«Կան փորձաքննություններ, որոնք ընթացքի մեջ են, կան փորձաքննություններ, որոնք նշանակված են: Ես համոզված եմ, որ ձգաբանական, հետքաբանական և քիմիական համալիր փորձաքննությունը, որը նոր ստացվել է, և դատագենետիկական փորձաքննությունը, որոնք դեռ սպասվում են ու պիտի ստացվեն, դրանք շատ հարցերի պատասխաններ՝ կապված կոնկրետ դեպքի վայրի հետ, մեզ կտան», - ասաց Վարոսյանը:

Փաստաբանը մտահոգիչ է համարում այն, որ անցել է երկու ամիս, սակայն Ռուսաստանի գլխավոր դատախազը դեռ չի պատասխանել Հայաստանի գլխավոր դատախազի նամակին, որով, հիշեցնենք, Գևորգ Կոստանյանը միջնորդել է Գյումրիի սպանդի գործի վարույթը փոխանցել հայաստանցի իրավապահներին:

«Կշարունակենք սպասել պատասխանին, գուցե պատասխանի բովանդակությունը այնպիսին լինի, որը հասկանալի դարձնի էդ ձգձգումը, գուցե՝ ոչ: Բայց համոզված եմ, որ այդ պատասխանը արդեն վաղուց պիտի ստացված լիներ: Ընդ որում, էդ պատասխանից կախված կլինի նաև հայկական կողմից իրականացվող քննության արդյունավետությունը, որովհետև պահանջվում էր, ըստ էության, ռուսական կողմում իրականացվող քրեական գործի վարույթը, ինչքանով որ մենք տեղյակ ենք, իսկ դրան ծանոթանալը հնարավորություն կտա հայկական կողմին ավելի արդյունավետ իրականացնել նախաքննությունը», - ասել է Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչը:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով:

Իսկ հունվարի 19-ին Գյումրիի քաղաքապետարանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, նշվում էր՝ ակնկալվում է Կոստանյանի միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահներին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում: Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ: Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:

ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն այժմ քննարկվում է ՌԴ գործընկերների կողմից: Միջնորդության շուրջ ստեղծված թյուրըմբռնումներից խուսափելու համար հրապարակվեց դրա վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի կողմից ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանի լուսապատճենը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---