12-ամյա կրթությունը՝ պարտադիր. Խնդիրը դպրոցը որակյալ դարձնելն է

12-ամյա կրթությունը՝ պարտադիր. Խնդիրը դպրոցը որակյալ դարձնելն է

PanARMENIAN.Net - 12-ամյա կրթությունը սահմանադրական պահանջ է, «12-ամյա պարտադիր միջնակարգ կրթության ներդրումը. առավելություններ և խնդիրներ» թեմայով քննարկման ժամանակ այսօր` ապրիլի 17-ին, ասել է Ազգային ժողովի պտգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը:

Նրա խոսքերով՝ 9-ամյա կրթությունը այն բավարար ցենզը չէ, որը կարող է ապահովել շրջանավարտների մոտ կրթական մակարդակ, որից հետո կարողանան մասնագիտական կրթություն ստանալ, գրում է Panorama.am-ը:

ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը նշել է, որ նույնպես ողջունում է 12-ամյա կրթության օրենքի ընդունումը. «Կարծում եմ, որ մինչև 19 տարեկան մեր երիտասարդները լինելով կրթության մեջ, շատ օգտակար է: Բայց նաև կարծում եմ, որ 12-ամյա պարտադիր կրթության օրենքը ընդունելով՝ մեր իշխանությունները ստանձնում են լուրջ պատասխանատվություն՝ ներդրումներ անելու ոլորտում»:

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ դեմ արտահայտվեց 12-ամյա պարտադիր կրթությանը՝ նշելով. «Պարտադիր բառը շատ ենք շահարկում: Ժամանակակից աշխարհում պարտադիրով ոչինչ չի լինում: Կրթությունը պետք է դնել ոչ թե պարտադիրի վրա, այլ հետաքրքրասիրության վրա, պետք է մտածենք, թե ինչպես պետք է դպրոցը դարձնենք ավելի հետաքրքիր»:

Նրա խոսքեր, պարտադիրի ձևով դպրոցը դառնում է երեխաների համար ժամանակավոր պահման վայր. «Մեզ պետք չեն դպրոցներ, որտեղ երեխաները ֆիզիկապես ներկա կլինեն, այլ որտեղ երեխաները պետք է լիարժեք սովորեն»:

Խաչատրյանն ընդգծել է, որ շատ երեխաներ այսօր դպրոցից դուրս են գալիս, որպեսզի աշխատեն, օրվա հացի համար և դա պետք է հաշվի առնել:

Կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժ Արմինե Դավթյանն էլ նկատել է. «Մենք իսկապես ունենք ոչ թե կրթությունը 12-ամյա պարտադիր դարձնելու խնդիր, այլ կրթությունը որակյալ դարձնելու խնդիր»:

Հարցին, թե դպրոցից միանգամից բանակ զորակոչվելով ինչ խնդիրներ կառաջանան՝ Ա. Բախշյանը պատասխանել է, որ չի խանգարում, մինչև դպրոցը չավարտեն, բանակ չեն գնա, այսինքն պարտադիր սահմանված կրթությունը չի ընդհատվում:

Ազգային ժողովում ապրիլի 8-ին, ձայների 85` կողմ, 0` դեմ և 27` ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվել է «Կրթության մասին օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին» նախագիծը, որով 2017-ից պարտադիր միջնակարգ կրթությունը կդառնա 12-ամյա:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 26-ին Ազգային ժողովում ներկայացրել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը և այն որակել կրթական լրջագույն փոփոխություններից մեկը: Նախագծով պարտադիր կհամարվի ոչ թե 9, այլ 12-ամյա կրթությունը: Նախարարը նշել է, որ ՀՀ սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիների համար սահմանված է կրթական նվազագույն մակարդակ, որը հիմնական կրթության մակարդակն է, սակայն Սահմանադրությունը թույլ է տալիս պարտադիր կրթության շեմն ավելի բարձրացնել:

«Կառավարությունն առաջարկում է խորհրդարանին ՀՀ-ում ամրագրել նվազագույն կրթության նոր, ավելի բարձր շեմ, այդ շեմը ձևակերպվելու է որպես 12-ամյա տիրույթում գտնվող, ընդհանուր հանրակրթական հիմնական հենքի վրա՝ լրացուցիչ եռամյա կրթության հնարավորություն կամ հանրակրթական ծրագրերով միջնակարգ և ավագ դպրոցներում կամ նախնական ու միջին մասնագիտական, ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտական կրթության հնարավորությամբ»,- բացատրել է նախարարը և հավելել, որ մասնագիտական կրթությունը լինելու է անվճար:

Նա ընդգծել է, որ այս փոփոխությունը կտարածվի նրանց վրա, ովքեր հաջորդ տարի կընդունվեն իններորդ դասարան՝ հաշվի առնելով նախապատրաստական աշխատանքների առկայությունը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---