ԵՏՀ. Թուրքիան չի շտապում ԵՏՄ հետ առևտրի ազատ գոտի ստեղծել

ԵՏՀ. Թուրքիան չի շտապում ԵՏՄ հետ առևտրի ազատ գոտի ստեղծել

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Թուրքիայի միջև առևտրատնտեսական գործակցության ընդլայնումը կնպաստի միության անդամ երկրների տնտեսության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը համաշխարհային շուկայում: Այդ մասին ապրիլի 18-ին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունը` մեկնաբանելով ԵՏՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը:

Մամուլի ծառայությունում նշել են, որ Թուրքիան ԵՏՄ անդամ երկրների կարևոր առևտրատնտեսական գործընկերն է: «Սակայն, այսօրվա դրությամբ ԵՏՀ-ն պաշտոնական փաստաթուղթ առևտրի ազատ գոտու ստեղծման մասին Թուրքիայից չի ստացել: ԵՏՄ ապրանքաշրջանառությունը Թուրքիայի հետ գերազանցել է 35 մլրդ դոլարը: Թուրքիան 6-րդ տեղում է ԵՏՄ արտաքին առևտրի ոլորտի խոշորագույն գործընկերների թվում»,-ասել են մամուլի ծառայությունում, հայտնոմ է Թրենդը:

Ավելի վաղի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ ԵՏՄ-ն հնարավորություններ կստեղծի Թուրքիայի համար նոր շուկաներ դուրս գալու առումով: «Ղազախստանը Թուրքիայի միջոցով կարող է դուրս գալ Եվրոպա և Մերձավոր Արևելք: ԵՏՄ-ն ճանապարհ է բացում թուրքական բիզնեսի համար դեպի նոր շուկաներ»,-ասել է Նազարբաևը մամուլի ասուլիսում: Ըստ նրա, երկու երկրները գործակցության զարգացման մեծ ներուժ ունեն:

Մեկնաբանելով նոր անդամներ ընդունելու ԵՏՄ պատրաստակամությունը` մամուլի ծառայությունում նշել են, որ ԵՏՄ-ն բաց տիպի ինտեգրացիոն միավորում է, որը պատրաստ է տնտեսական գործակցության բոլոր շահագրգիռ երկրների հետ, որոնք կիսում են ընդհանուր նպատակներն ու սկզբունքները, անդամ պետությունների համաձայնեցրած պայմաններով:

«ԵՏՄ և շահագրգիռ երկրների մերձեցման գործընթացը կարող է տարբեր ձևաչափեր ունենալ` տնտեսական ոլորտում գործակցության մասին հուշագիր, ԵՏՄ և երրորդ երկրների միջև առևտրային երկխոսություն, առևտրի ազատ գոտիներ, անդամակցում ԵՏՄ-ին: ԵՏՄ մասին պայմանագրի 108-րդ հոդվածը հստակ կանոնակարգում է միությանն անդամակցելու քայլերի հաջորդականությունը: Թեկնածուի կարգավիճակ ստանալու համար շահագրգիռ երկիրը համապատասխան դիմում պետք է ներկայացնի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհդի նախագահի անունով»,-ասել են ԵՏՀ-ում:

Նշվել է, որ ԵՏՄ հետ առևտրատնտեսական կապեր հաստատելու պաշտոնական մտադրություն հայտնած երկրների թիվը 30-ից ավելի է:

«Դա չի նշանակում, որ բոլորի հետ ինքնաբերաբար ազատ առևտրի մասին պայմանագիր կկնքվի: Այս կամ այն երկրի պաշտոնական հայտի հիման վրա ստեղծվում է Համատեղ հետազոտման խումբ, որն ուսումնասիրում է ԵՏՄ անդամ պետությունների և հայտ ներկայացրած երկրների միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու նպատակահարմարության հարցը: Արդյունքում կողմերը համատեղ որոշում են կայացնում առևտրի ազատ գոտու ստեղծման շուրջ պաշտոնական բանակցություններ սկսելու նպատակահարմարության մասին: Այսօրվա դրությամբ պաշտոնապես նման խմբեր են գործում Վիետնամի, Իսրայելի, Հնդկաստանի հետ»,-ասել են մամուլի ծառայությունում:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---