New York Times. Ցեղասպանության հարցում ԱՄՆ-ն, առնվազն, պետք է միանա Եվրոպային և Հռոմի պապին

New York Times. Ցեղասպանության հարցում ԱՄՆ-ն, առնվազն, պետք է միանա Եվրոպային և Հռոմի պապին

PanARMENIAN.Net - Հեղինակավոր New York Times-ն իր խմբագրականում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու ԱՄՆ դիրքորոշմանն այդ հարցում: Հոդվածում մասնավորապես ասվում է.

«Հաջորդ ուրբաթ՝ ապրիլի 24-ին, ողջ աշխարհի հայերը ոգեկոչելու են Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանության 100-րդ տարելիցը, որը ներկայումս լայնորեն ճանաչված է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Լայնորեն, իհարկե, ոչ Թուրքիայում, որտեղ կառավարությունը և թուրքերի մեծամասնությունը շարունակում են կատաղի կերպով հարձակվել ցեղասպանության մասին խոսող յուրաքանչյուր ոքի վրա:

Երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի օրը հայ զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ կիրառեց այդ եզրույթը, Թուրքիան Վատիկանից ետ կանչեց իր դեսպանին, իսկ կառավարությունը նենգաբար նշեց, որ Հռոմի պապն արգենտինացի է, իսկ «Արգենտինայում հայկական սփյուռքը վերահսկում է մամուլը և բիզնեսը»: Նույնիսկ մինչ ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանի կողմից բանաձևի ընդունումը, որով կոչ է արվում Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը և «անկեղծ հաշտեցման» գնալ հայերի հետ, Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ եվրոպացիների կողմից ասված ցանկացած խոսք «մի ականջով կմտնի, մյուսով դուրս կգա», հայտնում է Panorama.am-ը:

Թուրքիայի կողմից որդեգրված կոշտ դիրքորոշումն ավելի, քան ցավալի է, քանի որ մեկ տարի առաջ Էրդողանը, կարծես թե, ստանձնել էր առավել հաշտարար դիրք՝ ցավակցություն հայտնելով հայ զոհերի ժառանգներին և առաջարկելով միջազգային պատմաբանների խումբ ձևավորել պատմական վկայությունները քննելու համար: Նման խումբ չձևավորվեց, և այս շաբաթ Էրդողանը վերադարձավ Թուրքիան՝ որպես միջազգային զրպարտությունից տուժած զոհ ներկայացնելու քաղաքականությանը: «Խոսք լինել անգամ չի կարող այն մասին, որ Թուրքիան կրում է ցեղասպանություն կոչվող բիծ կամ ստվեր»:

Միլիոնավոր հայերի համար, որոնց մեծամասնությունը կազմում է հայկական համաշխարհային սփյուռքը, փլուզվող Օսմանյան կայսրությունում իրենց նախնիների նկատմամբ իրականացված զանգվածային ոչնչացման, մահվան երթերի և համակենտրոնացման ճամբարների ճանաչման պահանջը մեկդարյա առաքելություն է: Թեև Թուրքիան ընդունում է, որ բազմաթիվ հայեր են մահացել, սակայն, ըստ պաշտոնական դիրքորոշման, դա տհաճ պատերազմի տհաճ դրվագ էր, այլ ոչ թե ժողովրդի դիտարվորյալ ոչնչացման քայլ. այլ կերպ ասած՝ ոչ թե ցեղասպանություն: Հակառակ կարծիքի պնդումը հանցագործություն է Թուրքիայում, որը հավասարազոր է «թուրքական ինքնությանը վիրավորելուն», իսկ օտարերկրացիների կողմից վերանշյալի որևէ դրսևորումն անընդունելի է:

Սակայն խնդիրը նրանում չէ, որ Թուրքիան պարզապես չի կարող դիմակայել գիտական կշռին, որը որևէ կասկած չի թողնում առաջին աշխարհամարտի ժամանակ և դրանից հետո հայերին նկատմամբ վարչակարգի հովանու ներքո իրականացված գործողության վերաբերյալ: Անցյալ տարի Էրդողանը ճիշտ ուղու վրա էր, երբ կոչ արեց անկախ քննարկում անցկացնել, և դժվար է հասկանալ, թե արդյոք ինչու է այժմ ետ կանգնել իր խոսքից: Որքան երկար են թուրքերը հրաժարվում ուսումնասիրել և ամբողջությամբ ընդունել պատմությունը, այնքան մեծանում է Թուրքիայի միջազգային դիրքերին հասցվող վնասը:

Միացյալ Նահանգները չպետք է հանդուրժի ժխտողական նման դիրքորոշումը: 2008թ. իր նախընտրական արշավի ժամանակ Բարաք Օբաման հայտարարել է, որ որպես «նախագահ՝ ճանաչելու եմ Հայոց ցեղասպանությունը»: Սակայն, ինչպես և իր նախորդները, նա այնուհետև չցանկացավ զայրացնել ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակցին:

Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ:

Թուրքիայի հետ լավ հարաբերությունների պահպանումը կարևոր է, սակայն Միացյալ Նահանգները, առնվազն, պետք է միանան Եվրոպային և Հռոմի պապ Ֆրանցիսկոսին Էրդողանին տրվող հստակ ազգակում, որ Թուրքիայի համար ամենամեծ վտանգը ոչ թե որևէ մեկի կողմից «ցեղասպանություն» բառի կիրառումն է, այլ հարյուր տարի առաջ տեղի ունեցածի ճանաչման ժխտումը»:

Մարտի 18-ին ԱՄՆ օրենսդիրները Կոնգերսում բանաձև են ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին՝ «Ճշմարտության և արդարության մասին»խորագհրով. այն ստացել է Ներկայացուցիչների պալատի 44 անդամի աջակցությունը:

Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ու հետևանքների լիարժեք ճանաչման հիման վրա: Ինչպես ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձևը ներկայացնելիս, ոչ մի կասկած չկա, որ հայերը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհն են դարձել:

Ըստ կոնգրեսական Ռոբերտ Դոլդի, Հայոց ցեղասպանութան ժխտումը խարխլում է երկարատև խաղաղության ու անվտանգության հիմքերը՝ առավել հավանական դարձնելով ոճրագործությունները նաև ապագայում: Մինչդեռ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պայքարում է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար արդեն մոտ 40 տարի՝ 1975. թվականից ի վեր, երբ ներկայացվեց առաջին բանաձևը: «Ցեղասպանության ժխտումը նոր ցեղասպանություն գործելու առաջին քայլն է»,-հիշեցրել է կոնգրեսականը:

Բրեդ Շերմանն իր հերթին հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, սենատոր լինելով, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես և գործող պետքարտուղար Ջոն Քերին: «Ժամանակն է. որ գործադիր ու օրենսդիր իշխանությունները նույն ուղղությամբ գործեն»,- ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---