Լուկաշենկոն հրաժարվում է մասնակցել Մոսկվայում Մայիսի 9-ի զորահանդեսին, սակայն Կրեմլում տեղյակ չեն

Լուկաշենկոն հրաժարվում է մասնակցել Մոսկվայում Մայիսի 9-ի զորահանդեսին, սակայն Կրեմլում տեղյակ չեն

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվել է մասնակցել Մայիսի 9-ի զորահանդեսին Մոսկվայում, քանի որ այդ օրը լինելու է Մինսկում` ընդունելով ֆաշիզմի դեմ հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսը: «Մենք մայիսի 9-ին նույնպիսի շքերթ ենք ունենալու, ինչ Մոսկվայում»,-հայտարարել է նա շաբաթօրյակի ժամանակ: Լուկաշենկոն պարզաբանել է, որ ռազմական շքերթը կարող է ընդունել միայն գերագույն հրամանատարը և անթույլատրելի կլիներ մարդկանց փողոց հանել գերագույն հրամանատարի բացակայության դեպքում:

Բելառուսի նախագահը սակայն այնուամենայնիվ կլինի պատվիրակության կազմում, որը Մոսկվա կայցելի մայիսի 7-8-ը` «որպես համերաշխության նշան ռուս և մյուս ժողովրդների հետ»: «Հավանաբար, ծաղկեպսակներ կդնենք Անհայտ զինվորի գերեզմանին, ինչպես անում ենք: Մայիսի 8-ին այնտեղ կանցկացվեն միջոցառումներ ԵՏՄ, ԱՊՀ , ՀԱՊԿ կազմում, ուստի, ես, անշուշտ, չեմ կարող չմասնակցել դրանց: Կաշխատեմ մայիսի 8-ին, թեկուզ գիշերը, տուն վերադառնալ: Այսօրվա դրությամբ այդպես եմ պլանավորում»,-ասել է Լուկաշենկոն:

Ինչպես գրում է Polit.ru-ն, Մինսկում այս տարի որոշել են հրաժարվել նույնիսկ գեորգևյան ժապավեններից, ճիշտ է, ոչ պաշտոնապես: Բելառուսում Մեծ Հաղթանակի խորհրդանիշը կլինի երկրի դրոշի գույնի ժապավենը, որի վրա պատկերված է ծաղկած խնձորենու ճյուղ` նշանավորելով մայիս ամիսը: Այն կոչվում է «Մեծ Հաղթանակի ծաղիկը» և արդեն արտադրվում է Մոգիլյովում: Չի բացառվում, որ սպասարկման ոլորտի և տրանսպորտի բոլոր աշխատակիցները պարտադիր կարգով կկրեն խորհրդանիշը:

Մայիսի 9-ին շքերթին չմասնակցելու որոշմամբ Լուկաշենկոն համալրեց այն երկրների թիվը, որոնց ղեկավարները ևս հրաժարվել են մեկնել Մոսկվա` հոբելյանական զորահանդեսին: ՌԴ նախագահի հրավերը մերժել են նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Չեն մասնակցի հոբելյանին նաև Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Վրաստանի, Էստոնիայի, Իսրայելի, Լեհաստանի, Սլովակիայի, Սլովենիայի, Բուլղարիայի և Ճապոնիայի ղեկավարները: ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը Մոսկվա կժամանի հաջորդ օրը և ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին:

Մինչդեռ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է պարբերականին, որ տեղեկություն չունի այն մասին, թե Բելառուսի նախագահը հրաժարվել է մասնակցել Մայիսի 9-ի շքերթին, հայտնում է Գազետա.ռու-ն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---