Գերմանիայի ԱԳ նախարարը կողմ է հանդես եկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Գերմանիայի ԱԳ նախարարը կողմ է հանդես եկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը

PanARMENIAN.Net - ԳԴՀ արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը սատարել է նրանց, ով կոչ է անում հայերի զանգվածային սպանություններն Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն անվանել: 1915 –ին կատարվածը կարելի է «միավորել ցեղասպանություն հասկացության մեջ», հայտարարել է նա Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում:

Ըստ գերմանացի սոցիալ-դեմոկրատների առաջնորդներից մեկի, նա լավ է հասկանում նրանց դրդապատճառներն ու զգացմունքները, ովքեր պահանջում են ամրագրել ցեղասպանություն եզրույթը Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կատարված հանցագործությունների վերաբերյալ: Միաժամանակ ԱԳ նախարարը նշել է, որ գնալով «ահագնացող քաղաքական բանավեճերն այդ հարցի շուրջ կարող են «բարդացնել կամ նույնիսկ անհնարին դարձնել» լուրջ ու ուղիղ երկխոսությունը Թուրքիայի ու Հայաստանի միջև, հայտնում է Ռոսբալտը:

Իր հերթին բունդեսթագում քրիստոնյա դեմոկրատների խմբակցության փոխնախագահ Ֆրանց Յուզեֆ Յունգը հայտարարել է, որ իր կուսակցությունը մտադիր է հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն անվանել` անկախ Անկարայի բողոքներից: «Մենք կգտնենք ձևակերպում, որը համապատասխան կերպով կբնորոշի ցեղասպանության փաստը, որ եղել է Թուրքիայում 100 տարի առաջ»,-հայտարարել է նա Saarbrücker Zeitung պարբերականին տված հարցազրույցում:

«Ցեղասպանություն» բառը պետք է ներառված լինի բանաձևի տեքստում, որն առաջիկա օրերին ընդունելու է բունդեսթագը, ասել է Յունգը: Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ այդ բառն իր ելույթի խոսքում կարտասանի նաև Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը:

Մինչ օրս Գերմանիայի կառավարությունը խուսափում էր «ցեղասպանություն» եզրույթից 1915-ի իրադարձություններին անդրադառնալիս:

Ապրիլի 24-ին բունդեսթագում քննարկում կլինի հայերի դեմ գործած ոճրագործությունը ցեղասպանություն ճանաչելու շուրջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը և կանցլեր Անգելա Մերկելը չեն մասնակցի Թուրքիայում Դարդանելի (Չանաքքալե, Գալիպոլի) ռազմական գործողությունների 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Թուրքական ընդդիմադիր Zaman թերթի կայքը գրում է, որ նախագահ Գաուկը իր նախապատվությունը տվել է հայերին: Նա Բեռլինում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին և հանդես կգա ելույթով:

«Հետաքիքիր է՝ արդյո՞ք նախագահը 1915 թվականը բնորոշելու համար կարտաբերի «ցեղասպանություն» բառը»,- տարակուսում է Zaman-ը՝ հավելելով, որ Գաուկն Գերմանիայի առաջին նախագահն է, որ երբևէ մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման:

Նշվում է նաև, որ կանցլեր Անգելա Մերկելը զբաղվածության պատճառով չի մեկնի Թուրքիա, իսկ Գերմանիայի խորհրդարանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ նիստ կգումարվի: Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին կմասնակցի Գերմանիայի Եվրամիության հարցերով նախարար Մայքլ Ռոթը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---