Չավուշօղլուն հայ-թուրքական հարաբերությունները կրկին շաղկապել է Ղարաբաղի խնդրի հետ

Չավուշօղլուն հայ-թուրքական հարաբերությունները կրկին շաղկապել է Ղարաբաղի խնդրի հետ

PanARMENIAN.Net - Վաշինգտոն այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան կիսում է հայերի ցավը, սակայն հրաժարվել է հետևել Եվրախորհրդարանի կոչին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիան կիսում է հայերի ցավը, թուրքական կողմը հավատում է հայ ժողովրդի հետ երկխոսության միջոցով հարաբերությունների կարգավորման հնարավորությանը, ասաց Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Քարնեգի հաստատությունում: «Մենք կշարունակենք աշխատել խնդրի պատմական կողմի կարգավորման և միաժամանակ ղարաբաղյան հարցի լուծման ուղղությամբ», - նշեց Թուրքիայի արտգործնախարարը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Պատասխանելով վերլուծաբան Թոմ դը Վաալի հարցին, որը, բարձրացնելով Հայոց ցեղասպանության խնդիրը, հետաքրքրվեց, թե ինչպես է Թուրքիայի կառավարությունը նախատեսում հայ ժողովրդի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլեր անել, Չավուշօղլուն վստահեցրեց, որ Թուրքիայի իշխանությունները սերտորեն զբաղվում են այդ հարցով դեռ 2009 թվականից, սակայն այս տարի որևէ առաջընթաց չեն կանխատեսում: «Այս տարի Հայաստանի և հայ սփյուռքի ուշադրությունը կենտրոնացած է լինելու աշխարհի հասարակական կարծիքի վրա՝ 1915 թվականի դեպքերի կապակցությամբ», - ասաց Թուրքիայի արտգործնախարարը:

Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ իր երկրի իշխանության կողմից 2014-ի ապրիլի և այս տարվա հայտարարությունները շրջադարձային են նաև Թուրքիայի համար: «Մենք խիզախ քայլեր ենք կատարել հաշտեցման ուղղությամբ, և հույս ունեմ, որ մեր հայ բարեկամները դա նույնպես հասկանում են», - հայտարարեց նա:

Միջոցառմանը ներկա՝ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչ Կարեն Իսրայելյանը հարցրեց Թուրքիայի արտգործնախարարին, թե արդյոք Անկարան չի պատրաստվում հետևել Եվրոպական խորհրդարանի ընդունած հռչակագրի կոչին և ի վերջո ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դրանով իսկ ճանապարհ հարթելով իրական հաշտեցման համար: Չավուշօղլուն, սակայն, պատասխանեց, որ իր համոզմամբ՝ քաղաքական գործիչների և արտերկրյա խորհրդարանների կողմից ցեղասպանության ճանաչումը հայ - թուրքական հարաբերությունների բարելավմանը որևէ կերպ չի նպաստում: «Ո՞վ է որոշում, թե դա ցեղասպանությո՞ւն էր, թե՞՝ ոչ», - հայտարարեց Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել:

Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը:

Չավուշօղլուն վերահաստատեց Անկարայի մոտեցումը պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ՝ ասելով. - «Մենք մեր կողմից պարտավորվում ենք ընդունել այդ հանձնաժողովի եզրակացությունը: Թուրքիայից էլ ի՞նչ եք սպասում»:

Բազմաթիվ վերլուծաբանների, այդ թվում Թոմ դը Վաալի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության հարցը լինելու է ԱՄՆ-ի պետքարտուղարի և Թուրքիայի արտգործնախարարի առաջիկա հանդիպման քննարկման հիմնական թեմաներից մեկը: Ըստ էության՝ Չավուշօղլուն փորձելու է հասկանալ, թե Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այս անգամ ինչպես է բնորոշելու Հայոց ցեղասպանությունը ապրիլի 24-ի իր այս տարվա հայտարարության մեջ:

Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---