Եվրահանձնաժողովն առաջարկում է պատրաստվել Սիրիայից մոտ 130 000 ներգաղթյալների հոսքին

Եվրահանձնաժողովն առաջարկում է պատրաստվել Սիրիայից մոտ 130 000 ներգաղթյալների հոսքին

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրամիության անդամ պետություններին պատրաստվել Սիրիայից մոտ 130 000 ներգաղթյալների հոսքին: Նման ուղերձով է հանդես եկել Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն: «Մեր ծրագրի համաձայն, լուծելու համար միգրացիայի հարցը, մենք մտադիր ենք խորհուրդ տալ ԵՄ պետություններին լրացուցիչ 130 000 տեղ ստեղծել Սիրիայից ներգաղթյալներին ընդունելու համար»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ապրիլի 23-ին Բրյուսելում կգումարվի ԵՄ 28 երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովը` նվիրված Հյուսիսային Աֆրիկայից դեպի Եվրոպա միգրացիայի խնդիրներին: Գագաթնաժողովում կքննարկվի Եվրահանձնաժողովի առաջարկած պլանը, որը ներառում է տարբեր ասպեկտներ` միգրանտներին տեղափոխող նավերի որոնման ու փրկության միջոցներ, պայքար փախստականների ապօրինի փոխադրումով զբաղվող հանցավոր խմբերի դեմ, ընդհուպ մինչև նրանց նավերի ֆիզիկական ոչնչացում:

Ծրագրով նախատեսվում են նաև որոշակի միջոցներ, ուղղված ներգաղթյալների ընդունմանը, նրանց կացության վերահսկմանը (մատնահետքերի գրանցում և ներգաղթյալների տվյալների շտեմարանի ստեղծում), ներգաղթյալների ընդունման քվոտաների բաշխում ԵՄ երկրների միջև, ինչպես նաև գործակցություն Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ, որն ուղղված կլինի միգրացիոն հոսքերի կրճատմանը կենսամակարդակի բարձրացման, ինչպես նաև այդ երկրներում սահմանային հսկողության խստացման միջոցով:

Սիրիայում պատերազմի սկսվելուց ի վեր` 2011-ի մարտից, սեփական տունը ստիպված է եղել լքել մոտ 10 մլն մարդ, դա երկրի բնակչության գրեթե կեսն է: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը 20 միլիոն էր: Այս տվյալները հրապարակվել են Սիրիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումների քննության վերաբերյալ ՄԱԿ զեկույցում: Սիրիայում պատերազմի 4 տարում մոտ 250 հազար մարդ է զոհվել:

Ըստ փորձագետների գնահատականների, Սիրիայում այժմ անհապաղ հումանիտար օգնության կարիք ունի մոտ 10,8 մլն մարդ: Նրանցից 4,6 միլիոնը «ապրում է պաշարված կամ դժվար հասանելի շրջաններում»:

Սիրիայից փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում:

Սիրիայում իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումները, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---