Վատիկանը չի մասնակցի Գալիպոլիի տոնակատարություններին

Վատիկանը չի մասնակցի Գալիպոլիի տոնակատարություններին

PanARMENIAN.Net - Վատիկանի ներկայացուցիչը հրաժարվել է մասնակցել Թուրքիայում ապրիլի 24-ին կայանալիք Գալիպոլիի ճակատամարտին նվիրված տոնակատարություններին։

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը, այդ մասին հայտնել է Անկարայում Վատիկանի դեսպանատունը: Նշվում է, որ Գալիպոլիի տոնակատարություններին պետք է մասնակցեր Վատիկանի արդարության և խաղաղության պապական խորհրդի ղեկավարը, սակայն կարդինալը Թուրքիա չի մեկնելու՝ վատառողջ լինելու պատճառով, հայտնում է Tert.am-ը:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասաց Հռոմի պապը:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական էր. առաջին անգամ էր Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան դեռ շարունակվում է՝ վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով:

Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք:

Ապրիլի 12-ին Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Անկարայում Վատիկանի դեսպանը: Արտգործնախարարությունում դեսպանին հայտնել էին, որ Հռոմի պապի հայտարարությունը հիասթափեցրել և վշտացրել է իրենց, ինչպես նաև վստահության կորստի պատճառ է դարձել:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր հերթին ևս կոշտ արձագանք էր տվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի երեկվա հայտարարությանը, գրում է թուրքական Vatan օրաթերթի կայքը: Դավութօղլուն հայտարարել է, թե այդ հայտարարությունը վայել չէ Պապին: «Հոգևոր առաջնորդներից ակնկալում ենք, որ խաղաղության կոչ անեն: Հռոմի պապի հայտարարությունները Եվրոպայում տարածված ռասիզմն է ավելացնում: Պապի հայտարարությունը միակողմանի է և անհիմն»,- ասել է նա:

Իսկ ապրիլի 13-ին Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն Թուրքիա է կանչվել` խորհրդակցության նպատակով:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում` «դատապարտելով» Պապի հայտարարությունը երեք մեծ ողբեգությունների` «Հայոց ցեղասպանության, նացիզմի և ստալինիզմի մասին»: «Պապի հայտարարությունն անընդունելի է Թուրքիայի համար,-գրել է Էրդողանը:-Կրոնը չպետք է անհիմն հայտարարությունների համար հիմք ծառայի: Դա հանգեցնում է թշնամանքի և ատելության»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---