Լավրով. Ռուսաստանի գլխավոր թշնամին «Իսլամական պետություն» խմբավորումն է

Լավրով. Ռուսաստանի գլխավոր թշնամին «Իսլամական պետություն» խմբավորումն է

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել «Սպուտնիկ», «Էխո Մոսկվի» և «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանների ուղիղ եթերում: Մարգարիտա Սիմոնյանի, Ալեքսեյ Վենեդիկտովի և Սերգեյ Դորենկոյի հետ զրույցում Լավրովն անդրադարձել է արտաքին քաղաքականության խնդիրներին:

Անդրադառնալով Ռուսաստանի համար երեք արտաքին սպառնալիքներին` Չինաստանին, որպես տնտեսական մրցակից, ահաբեկչությանը հարավից ու ԱՄՆ և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին` Լավրովն ասել է, որ Ռուսաստանի համար գլխավոր սպառնալիք է համարում «Իսլամական պետությունը»:

«Կարծում եմ, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանի գլխավոր թշնամին «Իսլամական պետություն» խմբավորումն է, թեկուզ այն պարզ պատճառով, որ ՌԴ հարյուրավոր քաղաքացիներ, հարյուրավոր եվրոպացիներ, ամերիկացիներ կռվում են խմբավորման շարքերում»,-պարզաբանել է նախարարը:

Ըստ նրա, «նրանք արդեն տուն են վերադառնում, նրանք կկռվեն, իսկ հետո, հանգստի գնալով «զվարճանալու համար» կարող են ստորություններ անել արդեն սեփական տանը»:

Ռուս-չինական գործակցությանն անդրադառնալով Լավրովն ասել է, որ այն ռազմավարական բնույթ է կրում, ինչպես նաև հակազդում է իրավիճակի ապակայունացմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Լավրովը նշել է նաև, որ Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի իրավիճակը Սիրիայում չզարգանա Լիբիայի սցենարով:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---