ՀՀ նախագահ. Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պետք է լուրջ ազդակ լինի Թուրքիայի համար

ՀՀ նախագահ. Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պետք է լուրջ ազդակ լինի Թուրքիայի համար

PanARMENIAN.Net - Թուրքական «Հյուրիեթ» թերթը ապրիլի 24-ի առավոտյան ընդարձակ հարցազրույց է հրապարակել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Թուրք լրագրողի հարցին՝ որպես քաղաքական գործիչ, ով մեծ ջանքեր է ներդրել Ձեր երկրի և Թուրքիայի միջև հաշտեցման գործընթացում, ո՞րը կլիներ Ձեր երազած սցենարն այս տարի ապրիլի 24-ի ոգեկոչման օրը, նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ նման տարբերակ կարող էր լինել Թուրքիայի նախագահի հետ միասին Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը և հուշահամալիրից ի լուր աշխարհի հայտարարելը, որ մենք միավորում ենք ջանքերը՝ անցյալի ցեղասպանությունների դատապարտման և հնարավոր նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։ Հենց այս նպատակն էր հետապնդում մեր կողմից Թուրքիայի նախագահին ապրիլի 24-ի միջոցառումներին մասնակցելու հրավեր ուղարկելը։ Ցավոք, սա ևս մեկ կորսված հնարավորություն էր Թուրքիայի համար», հայտնում է Panorama.am-ը:

2014-ի մայիսին, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում, Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրեց այցելել Երևան 2015-ի ապրիլի 24-ին: «Պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին այցելել Հայաստան 2015 թ. ապրիլի 24-ին և առերեսվել Հայոց ցեղասպանության խոսուն վկայություններին»:

Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե արձանագրությունները կյանքի կոչվեին, արդյո՞ք Հայաստանը կշարունակեր իր ագրեսիվ արշավը՝ կոչ անելով պետություններին և միջազգային կազմակերպություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Սերժ Սարգսյանն ասել է. «Նախևառաջ «ագրեսիվ» բնորոշումը տեղին չէ: Մեր քայլերը նախահարձակ բնույթ չեն կրում և ուղղված չեն Թուրքիայի ժողովրդի դեմ: Երկրորդ՝ ես կխուսափեմ «եթե»-ով հարցից: Դա գործընթաց էր, որը չհասավ իր տրամաբանական հանգուցալուծմանը: Հաջողությամբ պսակվելու դեպքում թերևս կունենայինք այլ իրականություն. չի բացառվում, որ հետագայում հենց Թուրքիան ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, և մեր ժողովուրդների միջև իրական հաշտեցման փուլ թևակոխեինք: Իսկ այսօր ունենք այն, ինչ ունենք: Տարբեր պետությունների և կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ներկա միտումները միջազգային հանրության՝ մարդկության նկատմամբ հանցագործությունների անպատժելիության անթույլատրելիության քաջ գիտակցման և համատեղ ջանքերով դրանց կանխարգելման արդյունավետ կառուցակարգերի մշակման անհրաժեշտության գործնական դրսևորումն է: Միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շարունակական գործընթացը պետք է որ թուրքական իշխանությունների համար լուրջ ազդակ լինի առ այն, որ այս հարցում Թուրքիայի ժխտողական կեցվածքը ոչ մի կերպ չի տեղավորվում 21-րդ դարի արժեհամակարգային իրողություններում»:

«Հյուրիեթ»-ի թղթակցի հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը վիրավորական համարեց Թուրքիայի հրավերը՝ մասնակցելու ապրիլի 24-ին Չանաքքալեի մարտերին նվիրված արարողությանը: Թուրքական պաշտոնյաները հայտարարում են, որ նրանք վերջին 20 տարում նշում են այդ արարողությունը, և այս տարին հատուկ է այն առումով, որ Չանաքքալեի պատերազմի 100-ամյակն է: Կարծես 30 երկրների ղեկավարներ են մասնակցելու այդ արարողությանը: Արդյո՞ք Հայաստանը մտահոգված է այդ փաստով, ՀՀ նախագահը պատասխանել է. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները մեզ համար մրցակցություն չեն: Եթե Թուրքիայի իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով ապահովել առավել շատ երկրների ղեկավարների մասնակցություն՝ ստվերելու Հայոց ցեղասպանության միջոցառումները, ապա մեր առջև դրված են շատ ավելի լուրջ և հեռահար նպատակներ. ստեղծել գործուն հարթակ միջազգային հանրության համատեղ ջանքերով պայքարելու մարդկության նկատմամբ իրականացված և ապագա հանցագործությունների դեմ: Ի տարբերություն Թուրքիայի՝ մենք ո՛չ ստիպում, ո՛չ սպառնում, ո՛չ էլ շանտաժի ենք ենթարկում միջազգային հանրությանը՝ մասնակցելու ոգեկոչման միջոցառումներին: Պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները գալիս են Հայաստան՝ առաջնորդվելով ոչ թե քաղաքական կամ տնտեսական շահերով, այլ սկզբունքներով, համամարդկային արժեքներով և բարոյական մղումներով: Ինչպես դուք նշեցիք, Թուրքիան ընդամենը 20 տարի է, ինչ կազմակերպում է այդ միջոցառումները: Բայց փաստենք նաև, որ 20 տարիների ընթացքում երբեք այն չի նշվել ապրիլի 24-ին: Իսկ այս տարի տոնակատարությունը առաջին անգամ է, որ նախատեսվել է կազմակերպել հենց այն նույն ապրիլի 24-ին, երբ հայ ժողովուրդն արդեն հարյուր տարի անընդմեջ համախմբված կերպով ոգեկոչում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Անկախ այն հանգամանքից, թե Թուրքիայի իշխանությունները ինչ անուն են տալիս Հայոց ցեղասպանությանը, նման աննրբանկատ քայլն անհարգալից վերաբերմունքի դրսևորում է սեփական քաղաքացիների՝ 1.5 մլն սպանված հայերի հիշատակի նկատմամբ: Միաժամանակ, եթե Թուրքիան դույզն ինչ ցանկություն ունենար հարաբերությունները կարգավորելու, ապա պատկերավոր ասած «խրախճանք ու տոնակատարություն չէր կազմակերպի այն օրը, երբ հարևանի տանը սուգ է»:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ սահմանի բացումը կփոխի հարաբերություններում առկա այսօրվա դժվարությունը, Նախագահը պատասխանել է. «Սահմանի բացումը շատ բան կփոխի: Առաջին հերթին վստահության որոշակի մթնոլորտ կձևավորվի, գործարար շահավետ կապեր հաստատելու հիմք կստեղծվի, լուրջ նպաստ կլինի Թուրքիայի արևելյան շրջանների տնտեսական զարգացման համար: Սահմանի բացումը նաև կակտիվացնի շփումները մեր քաղաքացիական հասարակությունների միջև՝ ավելի հաղորդակից դարձնելով միմյանց մոտեցումներին և ընկալումներին, ինչը, վստահ եմ, իր դրական ազդեցությունը կթողնի նաև երկու ժողովուրդների հաշտեցման վրա»:

Թուրք լրագրողի հարցին՝ հիմա, երբ 2015թ. ապրիլի 24-ը շուտով անցնի, ո՞րը կլինի հայկական պետության ռազմավարությունը հետագա տարիներին։ Տեղ կլինի՞ արդյոք նոր ջանքերի համար՝ սկսելու հաշտեցման նոր գործընթաց։ Դուք անձնապես ունե՞ք քաղաքական կամք՝ փոխելու այս փակուղու գործընթացը, որը թույլ չի տալիս երկու պետություններին ապրել որպես հարևաններ, Նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Մենք բազմիցս նշել ենք, որ 2015 թվականով մեր պայքարը չի ավարտվում, այլ թևակոխում է ավելի հասուն փուլ: Չմոռանանք, որ մենք Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու, նրա դատապարտմանը հասնելու հնարավորություն ունեցել ենք միայն Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության հռչակումից հետո: Այսինքն՝ մեր պայքարը դեռ նոր է սկսվել: Եվ հետագա տարիներին կլինի էլ ավելի համակարգված և նպատակաուղղված:

Հաշտեցման կամուրջները մենք չենք այրել, և նույնիսկ ինքներս հաշտեցում նախաձեռնեցինք։ Բայց անհնար է բացել այն դուռը, որի բանալին մեզ մոտ չէ: Եվ անգամ հիմա, երբ մենք ոգեկոչում ենք մեր անմեղ զոհերի 100-րդ տարելիցը, հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, հայ և թուրք ժողովուրդների միջև հաշտեցման գործընթացի սկսման՝ առանց որևէ նախապայմանի»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---