Սերժ Սարգսյան. Ցեղասպանության 100-րդ տարելիցը դարձավ նման հանցագործությունների դեմ միջազգային պայքարի նոր հանգրվան

Սերժ Սարգսյան. Ցեղասպանության 100-րդ տարելիցը դարձավ նման հանցագործությունների դեմ միջազգային պայքարի նոր հանգրվան

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 24-ին Հայաստան ժամանած բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների և պետությունների ղեկավարների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Ելույթում մասնավորապես ասվում է.

Այսօր մենք Ծիծեռնակաբերդի բարձունքում ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հարյուր տարի առաջ այս օրը՝ ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում և կայսրության այլ քաղաքներում հայ մտավորականների զանգվածային ձերբակալություններով սկսվեց լայնորեն իրականացվել 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկը: Դրան նախորդել էին հայ զինվորականների զինաթափումն ու կոտորածը: Այն, ինչ կատարվեց 1915 թվականին և շարունակվեց հաջորդ տարիներին, աննախադեպ էր իր ծավալներով և հետևանքներով:

Հայ ժողովրդի արևմտյան հատվածը, որ հազարամյակներով ապրել էր իր տանը, իր բնօրրանում, իր հայրենիքում, տեղահանվեց և բնաջնջվեց համաձայն պետականորեն մշակված ծրագրի՝ բանակի, ոստիկանության, այլ պետական կառույցների և հատուկ այդ նպատակով բանտերից ազատ արձակված հանցագործներից կազմված հրոսակախմբերի անմիջական մասնակցությամբ:

Մարդկային լեզուն անզոր է փոխանցելու այն, ինչ ապրեց մի ողջ ժողովուրդ: Սոսկ հայ լինելու պատճառով շուրջ մեկուկես միլիոն մարդ սպանվեց՝ հավերժական լռության մեջ թաքցնելով մարդկային ցեղի աներևակայելի վայրագությունները: Մի մասն էլ վերապրեց՝ սեփական կյանքի օրինակով սերնդեսերունդ փոխանցելով պատմության պատգամը:

Երեկ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության նահատակներին. նրանք այլևս զոհեր չեն, այլ իրենց հեղված արյամբ մահվան և չարիքի հանդեպ հաղթանակ տարած սրբեր և արդարության կոչ անող երկնային զինվորներ:

Ցավոք, ապրիլ ամիսն իր սև հետքը թողեց ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության պատմության մեջ: Այդ ամիսն է համարվում նաև Հոլոքոստի, Ռուանդայում և Կամբոջայում իրագործված ցեղասպանությունների սկիզբը: Եվ այսօր, նույն ապրիլ ամսին, մենք Ծիծեռնակաբերդում ենք՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ բարձրաձայնելու. «Թո՛ղ այսուհետ աշխարհի որևէ ծայրում հուշահամալիր կանգնեցնելու կարիք չլինի՝ հիշատակելու պատմության նոր ամոթալի էջեր, թո՛ղ նոր «ծիծեռնակաբերդեր», «յադ վաշեմներ», «մահվան հովիտներ» և «գիզոզիներ» չլինեն»: Եվ այս պահի ուղերձը, բարձրանալով երկինք և միախառնվելով օրերս Սուրբ Աթոռում մատուցված խորախորհուրդ պատարագի ելևէջներին, աշխարհի բոլոր կողմերում սփռված քույր եկեղեցիների միասնական ղողանջներին, թո՛ղ ցրի հարյուրամյա ժխտողականության խավարն ու վերջ դնի նույնիսկ մեր օրերում՝ 21-րդ դարում, ցեղասպանության սարսափներն ապրող մարդկանց տանջանքներին: Սա՛ է մեզ հասած պատգամը, որ մենք պարտավոր ենք փոխանցել հաջորդ սերունդներին:

Հիշողության և պատասխանատվության վրա խարսխված մեր քաղաքականության նպատակը մարդկության դեմ հետագա հանցագործությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ձևավորումն է: Եվ ինչպես իրավացիորեն նշեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը. «, Նախագա՛հ Օլանդ, Նախագա՛հ Պուտին, շնորհակալ եմ միջազգային ողջ հանրությանը` ի դեմս այստեղ ներկայացված պետությունների և միջազգային կազմակերպությունների, բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են, բոլոր նրանց, ովքեր կուզենային մեր կողքին լինել: Մենք շնորհակալ ենք աշխարհի երկրների քաղաքացիական հասարակություններին և միջազգային մամուլի ներկայացուցիչներին, որոնք բարձրաձայնել ու բարձրաձայնում են Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը: Շնորհակալ ենք այս տարի աշխարհով մեկ անցնող միջոցառումների ընթացքում հայ ժողովրդի կողքին կանգնած՝ բարի կամքի տեր բոլոր մարդկանց: Շնորհակալ ենք այսօր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքվածներին. նրանք ուժեղ մարդիկ են և ճիշտ գործ են անում իրենց հայրենիքի համար:

Հայ ժողովուրդը այսուհետ ևս մշտապես կանգնելու է նրանց կողքին, ովքեր տառապել են մարդկության դեմ գործած հանցագործություններից: Ցեղասպանությունների դեմ միջազգային անզիջում պայքարը մեր արտաքին քաղաքականության անբաժանելի մասն է լինելու:

Շնորհակալ եմ բոլորիդ, որ այստեղ եք՝ վերահաստատելու ձեր հանձնառությունը համամարդկային արժեքներին, ասելու, որ ոչինչ չի մոռացվել, ասելու, որ հարյուր տարի հետո էլ հիշում ենք և պահանջում»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---