Fox News. Հայոց ցեղասպանությունը... ցեղասպանություն էր

Fox News. Հայոց ցեղասպանությունը... ցեղասպանություն էր

PanARMENIAN.Net - Մեկ դար առաջ առնվազն 1 միլիոն հայի կոտորածն այս կամ այն կերպ կոչելու տխրահռչակ վեճը ծուղակի մեջ է գցել իմ կողմից հարգելի երկու ազգերին՝ հայերին և թուրքերին: Երկուսն էլ հպարտ են, երկուսն էլ տառապել են և երկուսն էլ կարող են անտանելի լինել, երբ զայրացած են: Սակայն այս հարցում իշխում են փաստերը. Օսմանյան կայսրությունից տառապած հայերն իսկապես ցեղասպանություն են ապրել, ArmenianGenocide100.org-ի փոխանցմամբFox News-ի ռազմական վերլուծաբան Ռալֆ Փիթերսն է գրել ամերիկյան պարբերականում հրապարակված Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված հոդվածում:

«Այստեղ հնարավոր չէ փոխզիջման գնալ: Սակայն ես կցանկանայի, որ այդպես լիներ, որովհետև սա տարօրինակ կերպով անձնական հարց է ինձ համար: Տանս թուրքական գորգերի վրա կախված են հայկական նկարները: Ես հիացած էի միաժամանակ և՛ Թուրքիայով, և՛ Հայաստանով: Վերջինիս առաջին անգամ տեսել եմ քառորդ դար առաջ, երբ բանակային մի սպայի հետ անցնում էինք խորհրդային ներքին սահմաններից մեկով, և հայերը պաշտպանեցին մեզ:

Ես վերադարձա Արցախյան պատերազմի ժամանակ՝ կորուստների և հիասթափության ժամանակաշրջանում, և հետագայում այստեղ եղել եմ նաև պատերազմի ավարտից հետո», - գրել է Փիթերսն ու ավելացրել, որ Ստամբուլում առաջին անգամ եղել է 1979 թվականի տնտեսական ճգնաժամի ժամանակ, երբ Թուրքիայում անգամ թուրքական սուրճ գնել հնարավոր չէր.

«Այս քաղաքը գրավել էր ինձ: Ես դեռ կարծում եմ, որ Ստամբուլն աշխարհի ամենաանսպառ հետաքրքրություններով քաղաք է: Կնոջս հետ մեղրամսի ժամանակ ավտոբուսով Բոսֆորից հասել էինք պարսկական սահմանի, որտեղ Արարատ լեռը նշմարվում է հյուսիսից: Ես հայերի համար սուրբ Արարատը տեսել էի նաև Երևանից հարավ նայելիս: Լեռն այնքան մոտ է Հայաստանի մայրաքաղաքին, որ, թվում է, կարող եք ցատկոտել նրա լանջերին: Սակայն այն սավառնում է թուրքական սահմանից անդին՝ աշխարհի առաջին քրիստոնեական թագավորության մայրաքաղաք Անիի ավերակների կողքին»:

Այդ հողերում չափազանց շատ ողբերգություն կա: Միայն հիմարներն ու դեմագոգները են բավականություն ստանում հին ատելություններից այն դեպքում, երբ կան շատ նորերը, նկատել է հեղինակը և ավելացրել.«Սակայն հայերի՝ երկար ամիսների կոտորածները որակելիս ոչինչ այդպես բովանդակալից չի նկարագրում վավերագրված փաստերը, որքան ցեղասպանությունը: Ցեղասպանության հերքումը հավասար է ԱՄՆ-ի՝ ժամանակին երկրում ստրկության առկայության հերքմանը: Բերվածս համեմատության իմաստն այն է, որ կառավարությունները սխալներ են թույլ տալիս: Միակ ճշմարտությունը, որի հետ համաձայն են և՛ քրիստոնյաները, և՛ մահմեդականները, և՛ հրեաները, այն է, որ Աստված կատարյալ է»:

Մարդիկ մոլորվում են՝ հաճախ վախենալու աստիճանի: Թուրքիայի այն պնդումը, որ ոչ մի ցեղասպանություն տեղի չէր ունեցել, երկարաձգում է դառնությունը, որը ոչ մեկի օգտին չէ, նշել է հեղինակը՝ հավելելով, որ երիտթուրքերի կառավարությունը, որը 100 տարի առաջ հովանավորել էր այդ կոտորածները, պետք էր ինչ-որ մեկին մեղադրեր պատերազմական գործողությունների համար: Եվ երբ իշխանություններին քավության նոխազներ պետք եկան, ազգային փոքրամասնությունները դարձան անխուսափելի զոհերը: Երիտթուրքերը մեղադրեցին քրիստոնյա հայերին ռուսական զավթիչների հինգերորդ շարասյանը մասնակցություն ունենալու համար, և ճակատամարտի արդյունքում օսմանյան համազգեստով տասնյակ հազարավոր տեղացի հայեր մահացան իրենց ընկերների ձեռքից: Այդպես էլ ամեն ինչ սկսվեց:

Դեմագոգների արձակած հրամաններով թուրքերը հարձակվեցին հայերի վրա՝ սպանելով հարևաններին, կողոպտելով տները, առևանգելով նրանց երեխաներին, իսկ փրկվածներին ուղևորելով հարավ-արևելք՝ դեպի անապատ: Դիերը լցնում էին գետերը, իսկ ճանապարհի եզրերին շարված էին ոսկորներ: Քրդերը, որ մինչ այդ հայերի հետ խաղաղ պայմաններում էին ապրում, հարձակվել էին փախստականների վրա, սպանում էին տղամարդկանց և առևանգում կանանց: Բոսորագույն ատելությունը կլանեց դարեր շարունակ կողք կողքի ապրող բնակչությանը:

«Սա առասպել չէ: Ոչ էլ հակաթուրքական քարոզչություն: Մենք ունենք բազում ականատեսների արձանագրություններ. դրանք գրված են ապշած ամերիկացի միսիոներների, շոկահարված արտասահմանյան հյուպատոսների և թուքրերին խորհուրդներ տվող գերմանացի սպաների ձեռքով:

Նահատակված հայերի համար երբեք էլ արդարադատություն չի լինի: Սակայն կարող է լինել ճշմարտություն: Ժամանակակից թուրքերի համար ամոթալի չէ ընդունել այդ ճշմարտությունը: Ամոթը այն հերքելն է», - գրել է Ռալֆ Փիթերսը:

Ցեղասպանությանը մասնակցած որևէ թուրք կամ քուրդդ այլևս կենդանի չէ: Եվ ոչ բոլոր թուրքերն են հարձակվել իրենց հարևանների վրա. ինչպես կային հրեաներին փրկած գերմանացիներ, այդպես էլ՝ հայերին պաշտպանած թուրքեր և քրդեր: Նրանք նույնպես պատմության մի մասն են: Ցեղասպանությունը նախաձեռնած երիտթուրքերը պարտվել են, խայտառակվել, աքսորվել կամ վաղառժամ մահացել: Այս գլուխն ավարտված է, թուրքերը պետք է շրջեն էջը, նշել է հեղինակը. «Ժամանակակից Թուրքիան տարբերվում է 1915 թվականի Օսմանյան կայսրությունից, ինչպես ժամանակակից Գերմանիան՝ 1939-ի նացիստական Գերմանիայից: Ինչպես գերմանացիներն են վերափոխել իրենց՝ առերեսվելով անցյալին, այդպես էլ այժմ թուրքերի հերթն է ազատվելու հերքման բեռից:

Երբ Հիտլերն առաջին անգամ էր շարադրել «Վերջնական որոշումը» իր ջատագովներին, նացիստներից ոմանք ապշել էին: «Ոչ ոք չի հիշում հայերին»,- պատասխանել է Հիտլերը: Նա սխալ էր, սակայն նա, իհարկե, գիտեր Ցեղասպանության մասին: Եթե չեք հավատում Ֆրանցիսկոս Պապին, փորձեք Հիտլերին հավատալ»:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---