Օբամայի հայտարարությունը չի գոհացրել Թուրքիային. Այն «միակողմանի էր, և՝ հայկական տեսանկյունից»

Օբամայի հայտարարությունը չի գոհացրել Թուրքիային. Այն «միակողմանի էր, և՝ հայկական տեսանկյունից»

PanARMENIAN.Net - «ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ «1915 թվականի դեպքերի» վերաբերյալ հայտարարությունը, որում նա խուսափեց «ցեղասպանություն» բառը կիրառելուց, խնդրահարույց է»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն:

Anadolu գործակալությունը հայտնում է, թե ըստ նախարարության՝ Օբամայի ելույթը միակողմանի էր, փաստերից կտրված և՝ հայկական տեսանկյունից, հայտնում է Panorama.am-ը:

«Օմաբայի նկատառումները հեռու էին Թուրքիայի ու Հայաստանի պատմության ցավալի հատվածները արդար հիշողության հիման վրա գնահատելուց»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ՝ միաժամանակ ընդգծելով, որ 2014 թվականի Ռեջեփ Թայիփ Էրդողանի և 2015 թվականի Ահմեդ Դավութօղլուի ուղերձները արտացոլում են Թուրքիայի տեսակետը 1915 թվականի վերաբերյալ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ապրիլ 24-յան ուղերձում կրկին ասել է «Մեծ եղեռն», սակայն այս անգամ հիշատակել է 1915-ին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան սըր Հենրի Մորգենթաուին, ով իր զեկույցներում ներկայացրել էր թուրքերի վայրագությունները հայերի նկատմամբ, ինչպես նաև «ցեղասպանություն» բառի հեղինակ Ռաֆայել Լեմկինին:

Օբամայի ուղերձում մասնավորապես ասվում էր. «Այս տարի մենք հիշատակում ենք Մեծ եղեռնի` 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագությունների հարյուրամյակը: 1915 թվականից սկսած Օսմանյան կայսրությունում ապրող հայերը տեղահանվեցին, կոտորվեցին և իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Ոչնչացվեց նրանց մշակույթը և ժառանգությունը իրենց հինավուրց հայրենիքում: Սարսափելի բռնությունների հետևանքով, որոնք տառապանք բերեցին բոլոր կողմերին, մեկևկես միլիոն հայեր կործանվեցին:

Երբ 1915-ի սոսկալի իրադարձությունները բացահայտվեցին, ԱՄՆ դեսպան սըր Հենրի Մորգենթաուն տագնապի ազդանշան հղեց ԱՄՆ իշխանություններին և հակամարտության մեջ մտավ օսմանյան ղեկավարության հետ: Նրա և այսօրինակ այլ ջանքերի շնորհիվ երևան եկավ ճշմարտությունը Մեծ եղեռնի մասին և ավելի ուշ իր ազդեցությունը թողեց այնպիսի իրավապաշտպանների աշխատանքի վրա, ինչպիսին էր Ռաֆայել Լեմկինը, ով իր ներդրումն ունեցավ Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հռչակագրի ընդունման գործում:

Այս դաժան կոտորածների ֆոնին ամերիկացի և հայ ժողովուրդը կապվեցին համայն մարդկության կապերով: Հասարակ ամերիկացիները միլիոնավոր դոլարներ հանգանակեցին` տուժած հայ երեխաներին օժանդակություն ցուցաբերելու համար: ԱՄՆ կոնգրեսը հիմնեց Մերձավոր Արևելքի Օգնություն կազմակերպությունը, որը միջազգային մարդասիրական օգնության ոլորտում առաջամարտիկ կազմակերպությունէ: Հազարավոր հայ փասխստականեր նոր կյանք սկսեցին ԱՄՆ-ում, որտեղ նրանք ուժեղ և ակտիվ համայնք ձևավորեցին` դառնալով ամերիկյան հասարակության հիմնասյուններից մեկը: Հասնելով հասարակության մեջ բարձր դիրքի` գործարարներ, բժիշկներ, դերասաններ և մարմնամարզիկներ` նրանք իրենց անգնահատելի ներդրումն ունեցան իրեն նոր օջախում:

Այս հարյուրամյակը հանդիսավոր պահ է: Այն մեզ կոչ է անում անդրադառնալ պատմական հիշողության կարևորությանը, ինչպես նաև պատմության հետ հաշվի նստելու դժվարին գործին: Ես հետևողականորեն հայտարարել եմ 1915-ին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը, և իմ տեսակետը չի փոխվել: Փաստերի լիակատար, շիտակ և արդարացի ճանաչումը մեր շահերից է բխում: Ազգերն ավելի հզոր են, երբ զարգանում են՝ ճանաչելով սեփական անցյալի վտանգավոր դրվագները, և հենց դրա ճանաչման մեջ է նոր, ավելի հանդուրժող ապագա կառուցելու ճանապարհը:

Մենք ողջունում ենք Ֆրանցիսկոս պապի, թուրք և հայ պատմաբանների տեսակետները, ինչպես նաև բոլոր նրանց կարծիքները, ովքեր ջանքեր են գործադրել պատմության այս մութ էջերին լույս սփռելու ուղղությամբ: Այս հանդիսավոր պահին մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին` հիշելու այն, ինչն արդեն կորսված է: Խոստանում ենք` ով տառապել է, չի մոռացվելու: Եվ մենք պարտավորեցնում ենք ինքներս մեզ դասեր քաղել այդ ցավալի ժառանգությունից, որպեսզի ապագա սերունդները չկրկնեն այն»,- ասել է Բարաք Օբաման:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---