Եվրոպական շարժումը միաձայն բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության մասին

Եվրոպական շարժումը միաձայն բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Միջազգային եվրոպական շարժումը, որը եվրոպական ինտեգրացիային նպաստող համաեվրոպական կազմակերպություն է, ապրիլի 24-25-ին Ռիգայում ընթացող իր Գլխավոր վեհաժողովի նիստին միաձայն Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել: Այս փաստաթղթով Եվրոպական շարժումը «իր ձայնով միանում է ավելի քան 20 պետություններին, մի շարք միջազգային կազմակերպություններին և կառույցներին , այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանին (1987թ. և 2015թ.), Եվրոպայի խորհրդին (2001թ.) և Եվրանեսթ ԽՎ-ին (2015թ.), որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»:

Բանաձևը համահեղինակել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը (ՀԵԲ ) «Հայաստանի եվրոպական շարժման» հետ, հայտնում է Tert.am-ը:

ՀԵԲ տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանել է.«Եվրոպական շարժումը կարևոր եվրոպական կազմակերպություն է՝ մոտ 70 տարվա հիանալի պատմությամբ: Մենք շատ շնորհակալ ենք, որ այս կազմակերպությունը, որը եվրոպական արժեքների խրախուսման և ԵՄ-ի կայացման առաջամարտիկներից է, միացավ բազմաթիվ ուրիշների, ովքեր այս առանձնահատուկ տարվա ընթացքում հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»:

Բանաձևում Եվրոպական շարժումը «դատապարտում է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների բոլոր ձևերը և խստորեն դատապարտում դրանց ժխտողականությունը», ինչպես նաև «հույս է հայտնում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից կուղեկցվի հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցմամբ»:

«Հայաստանի եվրոպական շարժման» նախագահ Վիկտոր Ենգիբարյանը հավելել է. «Եվրոպական շարժման կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է նպաստի տարածաշրջանում անվտանգության հաստատմանը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Հայաստանի եվրոպական շարժման» համար պատիվ և պարտականություն է այս գործընթացի մասը կազմել»:

Միջազգային եվրոպական շարժումը համաեվրոպական կազմակերպություն է, որը հիմնվել է 1948թ.-ին: Կազմակերպության քարտուղարությունը գտնվում է Բրյուսելում: Շարժումը կազմված է 33 ազգային ներկայացուցչություններից տարբեր եվրոպական երկրներից, ինչպես նաև 22 միջազգային ասոցիացիաներից: Դրանց թվում են եվրոպական կուսակցություններ, ներառյալ` 3 ամենամեծ համաեվրոպական կուսակցությունները, և երիտասարդական կազմակերպություններ, ներառյալ` Երիտասարդ եվրոպացի ֆեդերալիստները (ԵԵՖ) և Եվրոպացի ուսանողների ֆորումը (AEGEE): Շարժման հիմնական նպատակը եվրոպական արժեքներին և եվրոպական ինտեգրացիային նպաստելն է: ՀԵԲ-ը Միջազգային եվրոպական շարժման ասոցացված անդամ է:

Եվրոպական շարժմանն անդամակցել են բազմաթիվ նշանավոր քաղաքական գործիչներ`Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը և Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ՛ Էստենը եղել են շարժման նախագահներից:

Եվրոպական շարժման մեծագույն ձեռքբերումներից է Եվրոպայի խորհրդի ստեղծումը և հեղինակավոր Եվրոպայի քոլեջ-համալսարանի հիմնադրումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---