New York Post. Թայմս Սքուերում բազմահազարանոց ակցիայով հայերն ԱՄՆ-ից պահանջել են ճանաչել Ցեղասպանությունը

New York Post. Թայմս Սքուերում բազմահազարանոց ակցիայով հայերն ԱՄՆ-ից պահանջել են ճանաչել Ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հազարավոր մարդիկ ապրիլի 26-ին հավաքվել են աշխարհի ամենահայտնի հրապարակներից մեկում` Նյու Յորքի Թայմս Սքուերում՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը:

Բազմահազարանոց ակցիայի մասնակիցները ԱՄՆ-ի կառավարությունից պահանջել են Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած դեպքերը ճանաչել որպես ցեղասպանություն, New York Post-ին հղումով գրում է Tert.am-ը:

Ավելի վաղ Նյու Յորքի հայկական կազմակերպությունները կոչ էին արել մասնակցել ապրիլի 26-ին քաղաքի գլխավոր հրապարակում կայանալիք ցույցին, որը նվիրված է 1915-ի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես, ցույցի նպատակն է պահանջել ԱՄՆ կառավարությունից ճանաչել պատմական ողբերգության փաստը և ցույց տալ Թուրքիայի կառավարությանը, որ նրանք չեն կարող ժխտել իրողությունը։ Ցույցի կազմակերպիչները կոչ են անում համախմբվել այդ օրը, և խոստանում են, որ դա լինելու է նախկինում երբևէ կազմակերպված ցույցերից ամենամեծը:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների համատեքստում 2014-ի ապրիլի 27-ին Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակում կայացել է հայ համայնքի կողմից կազմակերպվող ամենամյա հիշատակ-բողոքի ակցիան, որի այդ տարվա խորագիրն էր «Թուրքիան մեղավոր է Ցեղասպանության համար. Հերքելը անհերքելի հանցագործություն է»: Բազմամարդ միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ կոնգրեսականներ, Նյու Յորքի նահանգային օրենսդիր մարմնի և քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ, բարձրաստիճան հոգևորականներ, բազմաթիվ հասարակական ու մշակութային գործիչներ, տեղական մամուլի ներկայացուցիչներ:

Հավաքը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող ամերիկյան հանձնաժողովի ջանքերով: Իսկ «Ցեղասպանություն» եզրի օգտագործումը դարձել է միջազգային կարգի բանավեճի պատճառ, գրել է պարբերականն ու հավելել. «Թեև Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու մեծ թվով պատմաբաններ տեղի ունեցածը համարում են ցեղասպանություն, այնուհանդերձ Թուրքիան չի ճանաչում դա»:

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայտարարություն էր արել։ «Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և հարգում այն զոհերի հիշատակը, ովքեր նահատակվել են 100 տարի առաջ ցեղասպանության ժամանակ, որը 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից է։ Այդ ժամանակ ավելի քան 1 մլն հայ ենթարկվել է բռնության, սպանվել և տեղահանվել»,- ասել է քաղաքապետը։

Նրա խոսքով՝ Նյու Յորքում և ամբողջ աշխարհում սփռված հայերի համար այդ պատմական ցավն ավելի է խորանում, քանի որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել Ցեղասպանությունը։ Ըստ նրա՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ խոսել է այդ մասին, և դա արժի կրկնել այս ցավալի տարելիցի օրը, նշել է քաղաքապետը. «Թուրքիայի նոր համարձակ սերունդը, որը դեմ է գնում նրանց, ովքեր ժխտում են այդ ողբերգությունը, հուսադրող է վաղուց հասունացած արդարության համար»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---