Թուրք պատմաբանի նամակը Օբամային. Օգտագործե՛ք ցեղասպանություն բառը, ասե՛ք այն, ինչ մտածում եք

Թուրք պատմաբանի նամակը Օբամային. Օգտագործե՛ք ցեղասպանություն բառը, ասե՛ք այն, ինչ մտածում եք

PanARMENIAN.Net - Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աչքամը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ հայտնելով իր հիասթափությունը, որ նա հերթական անգամ չօգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը, հայտնում է Tert.am-ը։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ապրիլ 24-յան ուղերձում կրկին ասել է «Մեծ եղեռն», սակայն այս անգամ հիշատակել է 1915-ին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան սըր Հենրի Մորգենթաուին, ով իր զեկույցներում ներկայացրել էր թուրքերի վայրագությունները հայերի նկատմամբ, ինչպես նաև «ցեղասպանություն» բառի հեղինակ Ռաֆայել Լեմկինին:

Օբամային հասցեագրված նամակում մասնավորապես ասվում է.

«Ապրիլի 24-ին «ցեղասպանություն» եզրույթը չօգտագործելով՝ միայն հայերին չէ, որ հիասթափեցրել եք։ Դուք այս հողերում ժողովրդավարություն և մարդու իրավունքների հարգանքի գերակայությունը ցանկացող թուրքերի, քրդերի, ալևիների ու սուննիների հանդեպ ամոթալի քայլ եք արել։

Սակայն խնդիրն իրականում ավելի խորն է։ Դուք մի կատակերգություն եք խաղում, և ես, որպես թուրք, ամաչում եմ այդ կոմեդիայից։

Ամեն տարի Ապրիլի 24-ի ձեր հայտարարությունները կարծես ծաղրում են մեզ՝ թուրքերիս։ Ասելով «տեսակետս չեմ փոխել»՝ ակնարկում եք, որ 1915-ը ցեղասպանություն է եղել։ Սակայն այդ բառը չգործածելով՝ ուրախացնում եք թուրքական կառավարությանը։

Դա տարօրինակ է, դա խաղ է, և դուք էլ եք դա զգում, չէ՞։

Իրականում ես Ձեզ էլ եմ խղճում։ Հսկա աշխարհի ամենաուժեղ մարդը թուրքական կառավարությունից վախենում է, կամ, առնվազն, Դուք նման տպավորություն եք ստեղծում։ «Եթե «ցեղասպանություն» բառն ասեմ, թուրքերը չեն օգնի։ Միջին Արևելքի շահերս կվտանգվեն»,-մտածում եք Դուք, բայց մյուս կողմից էլ երևի ասում եք. «Թուրքերը տարօրինակ մարդիկ են։ 1915-ի դեպքերի առթիվ ամենածանր բառերն եմ օգտագործում՝ ոչինչ չեն ասում, սակայն «ցեղասպանություն» բառից նեղանում են։ Ես էլ միջազգային շահերիս պատճառով չեմ օգտագործի, հարցը կլուծվի»։

Այս կատակերգությանը վերջ տալ չե՞ք մտածում։ Ասե՛ք այն, ինչ մտածում եք։ Գուցե «Օբամայի խոսքի ազատությանը խոչընդոտելու» համար Ձեզ համար արշա՞վ սկսենք։

Օգտագործե՛ք այդ բառը, պարոն նախագահ։ Կտեսնեք, որ ոչինչ չի լինում։ Գերմանիային, Ֆրանսիային էլ ոչինչ չեղավ, ձեզ էլ չի լինի։

Նախկինում մենք մի Սուլեյման Դեմիրել ունեինք։ Սիրիան աջակցում էր Քրդական աշխատավորական կուսակցությանը։ Սուլեյման Դեմիրելի վրա զայրացողներ կային, նրան ասում էին՝ ինչո՞ւ Սիրիային չես ճնշում, ինչո՞ւ Սիրիայի գետերի ջրերը չես կտրում ու սիրիացիներին անջուր թողնում։ Դեմիրելը մի պատասխան ուներ. «Կտրելը կկտրեմ, բայց հետո այդքան ջուրն ո՞ւր եմ տեղավորելու»։

Պարո՛ն նախագահ, «ցեղասպանություն» բառն օգտագործեք, ոչինչ չի լինի։ Այդ բառն օգտագործելու համար ձեզնից նեղացող Թուրքիան գնալու տեղ չունի։ Պուտինի մո՞տ է գնալու։ Մի՛ մոռացեք, որ Թուրքիան Հյուսիսային Կորեա չի կարող դառնալ։

Թուրքիան, բացի Արևմուտքից, գնալու տեղ չունի։ Դա անել փորձող մեկը նույն պահին կտապալվի։

Ծիծաղելին այն է, որ Դուք, «ցեղասպանություն» բառը չօգտագործելով, աջակցում եք Թուրքիան Հյուսիսային Կորեայի վերածել ցանկացողներին։ Մարդու իրավունքներին մի փոքր անգամ հարգանք չունեցող, միապետություն փափագողները ձեր աջակցության շնորհիվ են կանգուն մնում։ Անցյալում էլ միշտ այդպես եք վարվել։

Սակայն իրական խնդիրը գիտե՞ք որն է։ Դուք իրականում այս խնդիրը լուծել չեք ցանկանում, և այս իրավիճակից իրականում չափազանց գոհ եք։

Եթե ցանկանայիք, գիտենք, որ այդ խնդրի լուծմանը կարող էիք նպաստել։ Սակայն Դուք 1915-ը ցեղասպանություն ասելուց ավելի նախընտրում եք դա որպես մահակ օգտագործել ու սպառնալ թուրքական կառավարությանը։ Ձեզ վախեցողի նման եք պահում, սակայն ձեր իրական նպատակը Թուրքիայի կառավարությանը վախեցնելն ու ինչ-որ բան ստանալն է։ Եվ, հավանաբար, ամեն տարի ինչ-որ բան եք ստանում...»:

Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---