Google Glass-ի նոր տարբերակը կմշակվի Ray-Ban-ի արտադրողի հետ համատեղ

Google Glass-ի նոր տարբերակը կմշակվի Ray-Ban-ի արտադրողի հետ համատեղ

PanARMENIAN.Net - Google կորպորացիան, որը մշակում է համալրված իրականության Google Glass ակնոցը, ընթացիկ տարվա հունվարին հրաժարվեց իր արտադրանքի առաջին տարբերակից սպառողների խիստ բացասական արձագանքների պատճառով: Սարքը չափազանց թանկարժեք ստացվեց` Explorer-ի առաջին տարբերակը վաճառվում էր 1500 դոլարով: Ընդ որում տեխնոլոգիան պրակտիկ չէր, քիչ էին ներկառուցված հավելվածները, պատկերի ու ձայնի որակը գոհացուցիչ չէր, անհարմար էր շրջանակը, մարտկոցի տարողությունն էր փոքր և այլն: Կորպորացիան ստիպված եղավ կասեցնել Explorer-ի փորձարկումը, դադարեցնել դեվայսների վաճառքն ու վերագործարկել արտադրանքը` նոր ծրագիրն անվանելով Google Glass 2.0:

Համալրված իրականության (augmented reality, AR «ընդլայնված իրողություն) տեխոնոլգիան լրացուցիչ վիզուալ տվյալներ է ներմուծում մարդու տեսադաշտ` համալրելու համար շրջապատի մասին տեղեկությունները և բարելավելու տեղեկատվության ընկալումը: Այլ կերպ ասած, համակարգիչը արհեստական վիզուալ օբյեկտները զուգորդում է իրական շրջակա միջավայրի հետ` հնարավորություն տալով լիարժեք կամ կողմնակի տեղեկատվություն ստանալ:

Google Glass 2.0 ծրագիրն իրագործում է կորպորացիային պատկանող Nest ընկերությունը Թոնի Ֆանդելի գլխավորությամբ: Մշակողները փորձում են նվազեցնել արտադրանքի գինը, ավելացնել տարողությունը, բարելավել էկրանն ու ձայնը ականջակալներում, ինտեգրել Glass մոդուլը ակնոցի շրջանակի հետ` վերացնել բոլոր այն խնդիրները, որոնք առաջացրել են սպառողի դժգոհությունը:

Այդ նպատակով նոր տարբերակի մշակման գործին է միացել իտալական Luxottica ընկերությունը, որը թողարկում է Ray-Ban, Oakley և Persol ապրանքանիշերի ակնոցներ: Հավանաբար, այդ նույն ընկերությունն էլ կզբաղվի Google Glass-ի համար նոր շրջանակի ստեղծմամբ:

Google Inc-ը ամերիկյան անդրազգային հանրային կորպորացիա է, որ ներդրումներ է կատարում որոնողական համակարգերի, ամպային հաշվարկների ու գովազդային տեխնոլոգիաների ոլորտում: Բացի որոնողական համակարգից, Գուգլը տրամադրում է լայն տարածում ունեցող մի շարք այլ ծառայություններ և գործիքներ։ Դրանց մեծ մասը վեբ-հավելումներ են, որոնք օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ միայն բրաուզեր և ինտերնետ մուտքի հնարավորություն։ Սա հնարավորություն է տալիս տվյալներ փոխանակել աշխարհի ցանկացած կետից՝ անկախ համակարգչի առկայությունից։2014-ին ընկերության սեփական կապիտալը կազմեց մոտ 80 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը գերազանցեց 14 մլրդ դոլարը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---