Վարդան Մինասյանը՝ «Փյունիկ»-ի գործադիր տնօրեն. Մարզչական գործունեության դադար, ոչ ավարտ

Վարդան Մինասյանը՝ «Փյունիկ»-ի գործադիր տնօրեն. Մարզչական գործունեության դադար, ոչ ավարտ

PanARMENIAN.Net - Այս ընթացքում չեմ կտրվել «Փյունիկ»-ից, մշտական կապ եմ պահպանել ակումբի և նրա գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի հետ, ասել է «Փյունիկ»-ի նորանշանակ գործադիր տնօրեն Վարդան Մինասյանն ապրիլի 27-ին կայացած ասուլիսին:

«Մեր ակումբի քաղաքականությունն այս ընթացքում չի փոխվել: «Փյունիկը» դարբնոց է Հայաստանի հավաքականի համար ֆուտբոլիստներ մատակարարելու առումով: Ինչ վերաբերում է առաջնությանը, ապա առաջնության խաղերին հետևելով՝ կարող եմ ասել, որ թիմն արժանիորեն է զբաղեցնում առաջին տեղը», - ասել է Մինասյանը, գրում է Tert.am-ը:

Ադմինիստրատիվ աշխատանքի անցնելը մարզչական գործունեության դադար, թե ավարտ է նշանակում հարցին պատասնախելով, նա նշել է, որ դեռ երիտասարդ մարզիչ է, և կարելի է ասել դեռ գործունեությունը չի էլ սկսել, որ ավարտի: Պարզապես իրեն դադար էր հարկավոր, որպեսզի աշխատանքը վերլուծեր:

Հայաստանի հավաքականի գխավոր մարզիչ պաշտոնում վերանշանակվելու մասին Մինասյանը նշել է. «Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչին որոշում է ՀՖՖ-ն: Ես ներկայումս ունեմ այս պաշտոնը և կենտրոնացած եմ դրա վրա»:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը մարտի 30-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի հավաքականի պարտությունից հետո:

Անդրադառնալով հարցին, թե վերջին ժամանակահատվածում շատ հայ ֆուտբոլիստներ են տեղափոխվում Ղազախստան, իսկ որպես մարզիչ՝ ի՞նչ խորհուրդ կտար այդ երկրում կարիերան շարունակելու համար, Մինասյանը նշել է, որ միանշանակ Ղազախստանում ֆուտբոլը շատ բարձր է. այնտեղ ֆուտբոլը կազմակերպչական և որակական առումով մոտ է եվրոպական մակարդակին:

Մինասյանի պաշտոնանկությունից հետո «Տոբոլից» հեռացած Կառլեն Մկրտչյանի մասով, «Փյունիկ»-ի փոխնախագահ Կարեն Հարությունյանը նշել է. «Փորձելու ենք ամեն ինչ անել, որ նա տեղափոխվի «Փյունիկ»»:

Ակումբի նախագահ Ռաֆիկ Հայրապետյան էլ հավելեց, որ Մկրտչյանն առայժմ կմարզվի «Փյունիկի» հետ մինչև նրա խաղերին մասնակցելու խնդիրը լուծում ստանա:

«Տոբոլից» հեռացած նաև Ռաֆայել Նազարյանը ևս մարզչական դադար է վերցրել. նա «Փյունիկում» չէ:

Վարդան Մինասյանը մարզչական կարիերան սկսել է Փյունիկում որպես մարզիչի օգնական, եղել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչներ Յան Պորտերֆիլդի, Յան Պոուլսենի օգնականը։ 2009 թվականի մարտին, երբ Պուլսենը հեռացավ Հայաստանի հավաքականից, Վարդան Մինասյանը նշանակվեց Հայաստանի հավաքականի մարզիչ։ 2014-ից գլխավորում էր ղազախական Տոբոլը, հեռացել է ապրիլի 16-ին Ղազախստանի առաջնության 7-րդ տուրում «Ակտոբե»-ից կրած պարտությունից հետո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---