«Իսլամական պետության» գրոհայինները մոտ մեկ տարում 2000 խաղաղ բնակչի են սպանել Սիրիայում

«Իսլամական պետության» գրոհայինները մոտ մեկ տարում 2000 խաղաղ բնակչի են սպանել Սիրիայում

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինները 2014-ի հունիսից ի վեր 2 154 մարդ են սպանել Սիրիայի տարածքում, ապրիլի 28-ին հայտնել են արաբական ԶԼՄ-ները Սիրիայում Մարդու իրավունքների դիտորդական խորհրդի վրա հղումով, գրում է Ինտերֆաքս.ռու-ն:

Ըստ տվյալների, մարդկանց գլխատել են, քարկոծել ու գնդակահարել են:

«Մենք շարունակում ենք հորդորել ՄԱԿ Անվտանգության խորհրդին շտապ միջոցներ ձեռնարկել դադարեցնելու համար Սիրիայի ժողովրդի զավակների սպանությունները` չնայած նրան, որ համաշխարհային հանրությունը խուլ է և չի լսում սիրիացիների ցավագին ճիչերը», ասվում է Խորհրդի հայտարարության մեջ:

Մինչդեռ ԻՊ գրոհայինները շարունակում են գործել նաև այլ պետությունների տարածքում:

Այդպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները 5 լիբիացի հեռուստալրագրողի են սպանել երկրի արևելյան մասում: Հեռուստալրագրողներն անհետացել էին օգոստոսին, երբ հեռացել էին Տոբրուկա քաղաքից, Բենգազիում խորհրդարանական ընտրություններից հետո:

Լիբիայի արևելյան մասում բանակի հրամանատար Ֆարաջ ալ Բարասին հայտարաել է, որ ԻՊ գրոհայինները պատասխանատու են լրագրողների սպանության համար, որոնց մարմինները հայտնաբերվել են Բայդա քաղաքից դուրս: «Այսօր Կանաչ լեռների անտառներում հայտնաբերվել է կտրած կոկորդներով 5 դի»,-ասել է Բարասին: Ընդ որում, հստակ հայտնի չէ, թե երբ են լրագրողները սպանվել:

Լրագրողները` 4 լիբիացի և 1 եգիպտացի, աշխատել են Barqa TV հեռուստաալիքում:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: .

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---