Հայաստան 1915. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն՝ Փարիզի քաղաքապետարանում

Հայաստան 1915. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն՝ Փարիզի քաղաքապետարանում

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Փարիզում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում բացվել է «Հայաստան 1915. Փարիզը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագրով ցուցահանդեսը: Դրանում հիմնականում ներկայացված են Ցեղասպանության թեման լուսաբանող հարյուրավոր փաստաթղթեր, լուսանկարներ և այլ ցուցանմուշներ՝ բերված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, ինչպես նաև՝ Փարիզի Նուբարյան գրադարանից: Առանձին բաժին է նվիրվել Ավրորա Մարդիգանյանի կենսագրությանը: Ցուցահանդեսն այցելուների համար բաց է ապրիլի 29-ից:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Փարիզի քաղաքապետարանում ցուցահանդեսի պաշտոնական բացմանը, Politique Internationale հանդեսի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացառիկ համարի շնորհանդեսին և Մեծ Եղեռնի առթիվ կազմակերպված ավանդական ընդունելությանը:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ մոտ 2000 հրավիրյալի մասնակցությամբ կայացած միջոցառումներին ներկա են եղել տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչներ, Շառլ Ազնավուրը, Փարիզում հավատարմագրված տասնյակ դեսպաններ, Ֆրանսիայի խորհրդարանի և տեղական խորհուրդների պատգամավորներ, Երևանի փոխքաղաքապետը, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ։

Հայաստանի արտգործնախարարը և Փարիզի քաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի և ցուցահանդեսի հանձնակատար Ռայմոնդ Գևորգյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել Փարիզի քաղաքապետարանի սրահներում ներկայացված ցուցահանդեսում, ծանոթացել ցուցանմուշներին։

Ցուցահանդեսը, որը կգործի մինչև հուլիսի 4-ը, կազմակերպվել է Փարիզի քաղաքապետարանի կողմից՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Երևանի քաղաքապետարանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի հետ գործակցությամբ:

Փարիզի քաղաքային հազարավոր գովազդային վահանակների վրա տեղադրվել է ցուցահանդեսի ազդագիրը:

Ֆրանսիայի մայրաքաղաքի ընդունելությունների մեծ սրահում, բացելով միջոցառումը, քաղաքապետ Անն Իդալգոն նշել է, որ այն հարգանքի տուրք է հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայերի հիշատակին, ինչպես նաև՝ երախտիքի արտահայտություն Ցեղասպանությունը վերապրած այն հայերին և նրանց ժառանգներին, ովքեր, հաստատվելով Ֆրանսիայում, իրենց կարևոր ներդրումն են բերել Ֆրանսիայի զարգացմանը։ Անն Իդալգոյի խոսքերով, մեծ պատիվ է հյուրընկալել Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցադրությունը քաղաքապետարանի սրահներում և դրա միջոցով Փարիզի բնակիչներին և հյուրերին հաղորդակից դարձնելու Հայոց ցեղասպանության պատմությանը։ Նա ընդգծել է, որ Փարիզի արդեն 60-ից ավելի դպրոց ցուցակագրվել է ցուցահանդեսն այցելելու համար։

Նախարար Նալբանդյանն էլ իր ելույթում նշել է, որ այս տարի՝ իր պատմության ընթացքում առաջին անգամ, մարդկությունը ոգեկոչում է ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը:

«Առաջին անգամ իր պատմության ընթացքում մարդկությունը ոգեկոչում է իր իսկ դեմ իրականացված հանցագործության հարյուր տարին: Ցեղասպանության հարյուրերորդ տարելից. ցեղասպանությունների հարյուր տարի, որոնք հաջորդեցին հայ ժողովրդի դեմ իրագործված ոճրագործությանը: Չարությունից մթագնած ճանապարհներով՝ մարդկության խարխափի և դեգերումների հարյուր տարիներ, մարդկային էակի՝ հարյուր տարի ընթացող արշավ դեպի անմարդկային գոյություն, որին առաջ է մղում մոլեգին միտքը՝ սպանել ուրիշին, քանի որ նա տարբեր է:

Այս տարվա ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, առանձնահատուկ էր: Այն առանձնանում էր արդարամիտ և կեղծիքը մերժող, իրերն իրենց անունով կոչող մարդկանց, ժողովուրդների և երկրների աննախադեպ համախմբվածությամբ, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովրդի հետ համերաշխությամբ։ Եթե մարդկությունը նույնպիսի համերաշխություն դրսևորեր հայերի հետ հարյուր տարի առաջ, ինչպես դա արեց մի քանի օր առաջ, արդյո՞ք հնարավոր կլիներ խուսափել մեկ դար առաջ և դրանից հետո տեղի ունեցած ցեղասպանություններից։

Եթե հայերի դեմ իրականացված ոճրագործությունը կանխվեր, այն ծրագրողները և իրականցնողները պատժվեին, արդյո՞ք նացիստները նույն դաժանությամբ կկոտորեին հրեաներին։ Իհարկե ո′չ։ Արդյո՞ք միջազգային հանրությունը բավարար քայլեր ձեռնարկեց՝ Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները կանխարգելելու համար։ Իհարկե ո՛չ։ Արդյոք միջազգային հանրությունը բավարար քայլեր է ձեռնարկում՝ այսօր Մերձավոր Արևելքում ահաբեկիչների ցեղասպան գործողություններին վերջ դնելու համար։ Ցավոք, ո՛չ։ Կարո՞ղ է արդյոք մարդկությունը վերջապես արթնանալ»:

Նախարարը հավելել է, որ այս տարի՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին, առավել քան հասունացել է այս հարցին պատասխան տալու պահը:

«Տիկին քաղաքապետ, առաջին անգամ պատմության մեջ մարդկության կողմից ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ոգեկոչման կապակցությամբ՝ որպես հայ ժողովրդի հետ համերաշխության դրսևորում, Էյֆելյան աշտարակի լույսերը մարելու Ձեր որոշումը, հիրավի, խորհրդանշական մեծ արժեք է պարունակում:

Հայաստանի և հայ ժողովրդի հետ համերաշխության այս դրևորումները ցույց են տալիս, որ միջազգային հանրությունը հասկանում է, որ ցեղասպանությունների դարաշրջանն անհետ չի անցել, և որ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը պետք է մշտապես իր վրա սևեռի քաղաքակիրթ աշխարհի համակ ուշադրությունը և կենտրոնացնի իր բոլոր ջանքերը՝ առանց ստորադասելու այս վեհ գործը որևէ աշխարհաքաղաքական շահի»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---