Ահազանգ. «Կապուտջուղ» ՓՀԷԿ-ը կառուցվում է «Զանգեզուր» պետական արգելավայրում

Ահազանգ. «Կապուտջուղ» ՓՀԷԿ-ը կառուցվում է «Զանգեզուր» պետական արգելավայրում

PanARMENIAN.Net - «Արև և ջուր» ՍՊԸ-ն նախատեսում է «Զանգեզուր կենսոլորտային համալիրի» մեջ ընդգրկված «Զանգեզուր» պետական արգելավայրում` Ողջի գետի Կապուտջուղ վտակի (երկարությունը 8630 մ) վրա կառուցել «Կապուտջուղ» ՓՀԷԿ-ը: Վարչական պատկանելության տեսակետից ՓՀԷԿ-ի կառուցվածքները տեղակայվելու են Քաջարան գյուղական և Քաջարան քաղաքային համայնքների սահմաններում` զբաղեցնելով 0.384 հա, գրում է «Էկոլուր»-ն ու հավելում, որ ըստ հայտի` դիտարկվող տարածաշրջանում հանդիպում են Կարմիր գրքում գրանցված հետևյալ կենդանատեսակները` սյունաձև խխունջ, ֆալետիի կողնջակեր ցայտագնայուկ, կապանյան երկարաբեղիկ, ապոլոն, բրենթիս ինո, ալկոն կապտաթիթեռ, արիոն կապտաթիթեռ, հուբերտի կապտաթիթեռ, պրոզերպինա իլիկաթիթեռ, հարավային պայթաքիթ:

Կապուտջուղ գետակի վրա ՓՀԷԿ-ի կառուցումը կարող է բացասական հետևանքներ ունենալ: ՓՀԷԿ-ի շահագործման ժամանակ գետի ջրային հոսքի նվազեցման արդյունքում փոփոխության կարող է ենթարկվել գետի էկոհամակարգը, իսկ գերնորմատիվային ջրառը կարող է առաջացնել զգալի վնաս: Հնարավոր ազդեցությունները գետային էկոհամակարգի վրա կարող են արտահայտվել ջրառի պատճառով գետի որոշակի հատվածում ջրի ելքերի զգալի նվազմամբ և վերջինիս պատճառով հիդրավլիկական, ջերմային, նստվածքաբերման, նստեցման և հունալվացման, ինչպես նաև ջրի ինքնամաքրման ռեժիմների խախտմամբ: Հնարավոր է տեղական ձկների բնակեցման, սնման, ձվադրման և բազմացման պայմանների փոփոխություն:

Իսկ գետի հունում անմիջական շինարարական աշխատանքներ կատարելիս (պատվարի և ՓՀԷԿ-ի շենքի կառուցում) կաղտոտվի գետի ջուրը՝ կախված նյութերով, առարկաներով և նավթամթերքներով, հնարավոր է ջրի որակի փոփոխություն՝ շինհրապարակներում կուտակված շինարարական աղի և վառելիքաքսայուղային նյութերի ողողման և մակերևութային հոսքով գետի մեջ տեղափոխման պատճառով:

ՓՀԷԿ-ի կառուցման տարածքում ծառահատումներ չեն նախատեսվում: ՓՀԷԿ-ի բնապահպանական թողքը սահմանված է 0.03խմ/վ: Դերիվացիոն խողովկաշարի երկարությունը 1000 մ է, տրամագիծը` 820 մմ:

«Կապուտջուղ» ՓՀԷԿ-ի համար անհրաժեշտ ջրառն իրականացվելու է գետահովտի 2168.0 մ նիշ ունեցող գետահատվածում` Քաջարան համայնքում: ՓՀԷԿ-ի միջին տարեկան արտադրված էլեկտրաէներգիայի քանակը 4.037 մլն ԿՎտ/Ժ կլինի:

«Կապուտջուղ» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները կկայանան ապրիլի 30-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետարանում:

Բնապահպանության նախարարության կայքում տեղադրված «Կապուտջուղ» ՓՀԷԿ-ի՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նածխնական հայտ»-ում նշված է, որ նախագծված «Կապուտջուղ» ՓՀԷԿ-ը գտնվում է «Զանգեզուր» պետական արգելավայրի արևմտյան մասում, ՓՀԷԿ-ի կառուցվածքները տեղադրված են արգելավայրի պահպանման գոտու հատուկ պահպանվող տարածքների հողերում, կամ սահմանակից են այդ հողերին: ՓՀԷԿ-ի կառուցման համար տրամադրվող հողամասերի օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: ՀՀ բնապահպանության նախարարությունը, որը հանդիսանում է պահպանվող տարածքների քաղաքականության մշակման լիազոր մարմինը, սահմանված կարգով պետք է ապահովի նախագծի բնապահպանական փորձաքննության գործընթացը` մինչև գործունեության իրականացումը, ինչը հաշվի է առնվելու նախագծողի կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---