Սենատոր Սանդերսն ապրիլի 30-ին կհայտարարի, որ պայքարելու է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար

Սենատոր Սանդերսն ապրիլի 30-ին կհայտարարի, որ պայքարելու է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Վերմոնտ նահանգից անկախ սենատոր Բերնարդ Սանդերսը ապրիլի 30-ին կհայտարարի 2016-ին կայանալիք նախագահական ընտրություններին որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու մասնակցելու մտադրության մասին: Այդ մասին ապրիլի 29-ին հայտարարել է ամերիկյան VPR ռադիոկայանը:

Ըստ աղբյուրների, այդ օրը 73-ամյա Սանդերսը հայտարարություն կտարածի իր թեկնածությունն առաջադրելու մասին: Մի քանի շաբաթից նա նախընտրական արշավ կսկսի Վերմոնտում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Սենատորը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել այդ լուրը:

Սանդերսը հայտնի է իր ձախակողմյան հայացքներով ու նախկինում իրեն սոցիալիստ է անվանել: Ըստ VPR-ի տվյալների, «նրա գլխավոր ուղերձն այն է, որ միջին դասակարգն ԱՄՆ-ում վերջին երկու տասնամյակում լուրջ կորուստներ է կրել, իսկ հարուստ կորպորացիաները բարգավաճել են»: Սենատորը նաև կողմ է քաղաքական գործընթացների վրա խոշոր ամերիկյան ընկերությունների ազդեցության սահմանափակմանը:

Դեմոկրատական կուսակցությունից որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար Սանդերսը պայքարելու է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Նա նախագահական իր հավակնությունների մասին հայտարարեց դեռևս ապրիլին: Ինչպես նշում են տեղի մեկնաբանները, այդ պայքարում սենատորի շանսերն այնքան էլ մեծ չեն: Քլինթոնը զգալիորեն գերազանցում է Սանդերսին իր ազդեցությամբ:

Քլինթոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտարարել է, որ մտադիր է լինել շարքային ամերիկացիների շահերի ջատագովը: 2008 թ. Հիլարի Քլինթոնը տանուլ տվեց Բարաք Օբամային որպես նախագահության թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից: Այժմ, ըստ քաղաքագետների գնահատականների, դեմոկրատների շարքերում նա լուրջ մրցակիցներ չունի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Օբաման ասել է, որ սատարում է Քլինթոնի առաջադրմանը` նա ունի հստակ տեսլական, թե ինչ է ցանկանում անել Միացյալ Նահանգների համար:

Հանրապետական կուսակցությունից ընտություններին մասնակցելու մտադրությունների մասին ավելի վաղ հայտարարել են սենատորներ Թեդ Կրուզը, Ռենդ Փոլն ու Մարկո Ռուբիոն: Քաղաքագետները հավանական են համարում, որ առաջիկայում նրանց կմիանան նաև Ֆլորիդա նահանգի նահանգապետ Ջեբ Բուշը (նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի եղբայրը) և Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ըստ Սահմանադրության այլևս իրավունք չունի առաջադրելու իր թեկնածությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---