ՄԱԿ. Մայիսի 5-ին Ժնևում կմեկնարկեն Սիրիայի գծով միջազգային հանդիպումները

ՄԱԿ. Մայիսի 5-ին Ժնևում կմեկնարկեն Սիրիայի գծով միջազգային հանդիպումները

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին տեղի կունենան Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դը Միստուրայի առաջին հանդիպումները սիրիական կարգավորման մասնակիցների հետ` Ժնևի 2012 թ. կոմյունիկեի իրականացման գնահատականի վերաբերյալ, հայտնել է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին:

2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդը հայտարարել էր Ժնևի 2012 թ. կոմյունիկեի իրագործման գնահատման նպատակով Ժնևում մի շարք միջազգային խորհրդատվական հանդիպումներ անցկացնելու մտադրության մասին: Ակնկալվում է, որ Դը Միստուրան առանձին բանավեճեր կունենա երկկողմ ձևաչափով Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հետ, տարածաշրջանային և միջազգային դերակատարների հետ, ներառյալ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներին: Նախատեսվում է, որ հանդիպումները կտևեն 4-6 շաբաթ: Ավարտին հատուկ դեսպանորդը կիրազեկի իր հանդիպումների արդյունքների մասին ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

Փետրվարին Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնագիր ստորագրեցին Սիրիայի ազատ բանակի գրոհայիններին վարժեցնելու մասին, որոնք պայքարելու են «Իսլամական պետւթյան» գրոհայինների դեմ: Ծրագիրը ենթադրում է, որ մեկ տարվա ընթացքում 2 հազար գրոհային կպատրաստվի: Գրոհայինների համար նախատեսված զենք ու զինամթերքը կտրամադրի ԱՄՆ-ն, վարժանքները կանցկացնեն թուրք և ամերիկացի զինվորականները: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ն մատդիր է 3 տարում ուսուցանել և զինել մոտ 15 հազար գրոհայինների: Թուրքիայից բացի, ծրագրին կմասնակցեն նաև Սաուդյան Արաբիան ու Քաթարը:

Ապրիլի 11-ին հայտնի դարձավ, որ գրոհայինները գնդակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի Սլեյմանիե թաղամասը, առնվազն 6 մարդ զոհվել է: Սլեյմանիե թաղամասը համարվում է Հալեպի անվտագ թաղամասերից մեկը, որը վերահսկում է Սիրիայի բանակը: Քաղաքի այս մասում հիմնականոմ քրիստոնյաներ են բնակվում, ինչպես սիրիացիներ, այնպես էլ հայեր:

Հալեպում շարունակվող հրթիռակոծությունների թիրախն ապրիլի 28-ին պատմական Ջդեյդե թաղամասում գտնվող, 15-րդ դարում կառուցված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին և հարակից տարածքն էին: Ֆեյսբուքում inews էջը, որը համակարգում են Հալեպում և Սիրիայի այլ տարածքներում ապող երիտասարդներ՝ իրենց ներկայացնելով որպես ոչ մի կուսակցության չհարող, տարածել է լուսանկար, որում Սբ Քառասուն Մանուկ եկեղեցին գրեթե ամբողջությամբ փլված է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---