Ռատկե. ԱՄՆ-ն ճանաչում է ԼՂ ժողովրդի սեփական ապագան որոշելու իրավունքը

Ռատկե. ԱՄՆ-ն ճանաչում է ԼՂ ժողովրդի սեփական ապագան որոշելու իրավունքը

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները չի պատրաստվում ընդունել մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները, սակայն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը սեփական ապագա որոշելու հարցում։ Այս մասին նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն, հայտնում է Panorama.am-ը պետքարտուղարության կայքի վրա հղումով։

Պատասխանելով հարցին, թե ինչպիսին է Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում նախատեսված խորհրդարանական ընտրություններին, Ռատկեն, մասնավորապես, ասել է. «Նախ նշեմ, որ Միացյալ Նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն, հետևաբար, մենք չենք ընդունի մայիսի 3-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների արդյունքները` որպես ԼՂ իրավական կարգավիճակի վրա ազդեցություն ունեցող հանգամանք։ Հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սեփական ապագան որոշելու դերակատարում ունի։ Սակայն, ևս մեկ անգամ ընդգծեմ, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում կանխորոշել ԼՂ իրավական կարգավիճակը կամ հարատև ու խաղաղ կարգավորմանը միտված միջազգային բանակցությունների ելքը», - ասել է Ռատկեն։

Ապրիլի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությունում ևս անդրադարձել էին Արցախում սպասվող խորհրդարանական ընտրություններին: «Հակամարտության համապարփակ կարգավորման գործում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում: Այդուհանդերձ մեր երեք երկրներից ոչ մեկը, ինչպես նաև որևէ այլ երկիր Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ և ինքնիշխան պետություն: Համապատասխանաբար մենք չեն ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում ենք, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները, որոնք նպատակ ունեն հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»,- նշել են համանախագահները:

Մինչդեռ հայտնի է, որ դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախ են ժամանելու դիտորդներ ԱՄՆ-ից, Իսրայելից, Էստոնիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Մեքսիկայից, Իսպանիայից, Զիմբաբվեից, և անշուշտ Հայաստանից: Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք Ազգային ժողովի ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնելու հայտ է ներկայացրել մոտ 100 միջազգային դիտորդ:

Եվրամիությունը չի ճանաչում մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում նախատեսված ընտրությունների սահմանադրական և իրավական շրջանակները, մայիսի 1-ին հայտարարեց Եվրոպական միության խոսնակը:

Պաշտոնական Բաքուն էլ սպառնում է քրեական պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների դիտորդներին, հայտնեց APA գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Հիմքեթ Հաջիևի հայտարարությունը:

ՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի` համանախագահների հայտարարության ԼՂ խորհրդարանական ընտրություններին վերաբերող հատվածին, հայտարարեց. «Շատ ավելի կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը ողջունում են Արցախում մայիսի 3-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները, քան այն, որ չեն ճանաչում Արցախը՝ դիվանագիտական տերմինաբանությամբ»:

«Այն, որ իրենք ողջունում են, ավելի կարևոր է, սա, փաստորեն, այն է, ինչ պետք է ցանկացած նորմալ, քաղաքակիրթ անձ և պետության ներկայացուցիչ արձանագրի: Այլ բան է, որ, այո, նշել են` չճանաչված: Դե հիմա մի … էսպես դիվանագիտական տերմինաբանություն է, որը նրանք միշտ կիրառում են»,- ասել է Դավիթ Բաբայանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---