Շաբաթն առաջնագծում. Ավելի քան 7000 կրակոց հայ դիրքապահների ուղղությամբ

Շաբաթն առաջնագծում. Ավելի քան 7000 կրակոց հայ դիրքապահների ուղղությամբ

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7, ՀԱՆ-17 տիպի նռնականետերից և 60, 82 ու 120մմ ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7, ՀԱՆ-17 տիպի նռնականետերից ու 60մմ ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 20000 կրակոց:

Հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից բացի, ադրբեջանական հատուկ նշանակության ուժերը ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հայ դիրքապահները ժամանակին հայտնաբերել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը, առանց խուճապի մատնվելու անցել շրջանաձև պաշտպանության և մտել մարտի մեջ: Շուրջ 15 րոպե տևած փոխհրաձգության արդյունքում` հակառակորդը կրելով մարդկային կորուստներ և մարտադաշտում թողնելով 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-ի 1 արկ, 5 դատարկ պահունակ, հատուկ դիպուկահար հրացանի (Վինտարեզի) 1 պահունակ` 4 փամփուշտով, 1 կարճաթև շապիկ, 1 մանգաղ, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ներարկիչներ ու ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հեռակառավարման եղանակով փորձել է իրականացնել զինվորական մեքենայի պայթեցում:

Հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբին դիմակայելու ընթացքում, ինչպես նաև ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:

Պաշտպանության նախարարությունում ապրիլի 21-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խիստ կարևորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում զինանձնակազմի զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը: «ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկաների ուշադրությունն առանձնակի հրավիրել է այն հանգամանքի վրա, որ սովորաբար հիշատակի և տոնական օրերին հակառակորդը դրսևորում է աննախադեպ լարվածություն, ուստի բանակի հրամկազմի խնդիրն է առաջիկա օրերին ամենայն աչալրջությամբ և զգոնությամբ հետևել հակառակորդի գործողություններին», - պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն ասել է նախարարը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---