89 տարեկանում մահացել է բալետի հայտնի պարուհի Մայա Պլիսեցկայան

89 տարեկանում մահացել է բալետի հայտնի պարուհի Մայա Պլիսեցկայան

PanARMENIAN.Net - Գերմանիայում սրտի կաթվածից մայիսի 2-ին մահացել է բալետի հայտնի պարուհի Մայա Պլիսեցկայան։ Այդ մասին տեղեկացրել է Մեծ Թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը, որին Պլիսեցկայայի մահվան բոթը հայտնել էր վերջինիս ամուսինը՝ Ռոդիոն Շչեդրինը, գրում է «ՏԱՍՍ»-ը։

Մայա Պլիսեցկայան ծնվել էր 1925-ի հոկտեմբերի 20-ին։

1943-ին ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը, ընդունվել Մեծ թատրոն։ Առաջին գլխավոր դերապարը Մաշան էր (1944, Չայկովսկու «Շելկունչիկ»)։ Պլիսեցկայայի պարն առանձնանում է բարձրարվեստ պլաստիկայով («Մեռնող կարապը», երաժշտ․՝ Սեն-Սանսի և այլն)։ Նա նորովի է մեկնաբանել Չայկովսկու, Գլազունովի, Բիզեի երաժշտությունը։

Պլիսեցկայայի անհատականությանը մոտ են և՛ քնարական, և՛ հերոսական դերապարերը՝ Օդետա-Օդիլիա (Չայկովսկու «Կարապի լիճը»), Պղնձե լեռան տիրուհի (Պրոկոֆևի «Քարե ծաղիկ»), Ռայմոնդա (Գլազունովի «Ռայմոնդա»), Կիտրի (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Կարմեն («Կարմեն-սյուիտ», երաժշտությունը՝ Բիզե-Շչեդրինի)։ 1972թ-ին Ն․ Ի․ Ռիժենկոյի և Վ․ Վ․ Սմիռնով-Գոլովանովի հետ բեմադրել է «Աննա Կարենինա» (ըստ Լև Տոլստոյի) բալետը։ Պլիսեցկայան հյուրախաղերով շրջել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կանադայում և այլուր։ 1957-ին Երևանում հանդես է եկել Օդետա-Օդիլիայի (Չայկովսկու «Կարապի լիճը»), Զարեմայի (Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը»), Կիտրիի (Մինկուսի «Դոն Կիխոտ») դերապարերով։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---