17  03.05.15 - Արցախի Ազգային ժողովի ընտրությունները

Արցախում ընտրեցին ԱԺ նոր կազմը՝ 100 միջազգային դիտորդով և 40-ից ավելի լրատվամիջոցի լուսաբանմամբ

Արցախում ընտրեցին ԱԺ նոր կազմը՝ 100 միջազգային դիտորդով և 40-ից ավելի լրատվամիջոցի լուսաբանմամբ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն այսօր՝ մայիսի 3-ին, խորհրդարանի նոր կազմ են ընտրել: Առավոտյան ժամը 08:00-ից բացվել է 278 ընտրատեղամաս: ԼՂ-ի ԿԸՀ-ից հաղորդում են, որ ժամը 17:00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է 62.859 ընտրող (61,9 %): Ընտրողների ընդհանուր թիվը 101.653 է:

Առավոտյան իր քաղաքացիական պարտքը կատարել է նախագահ Բակո Սահակյանը: Անդրադառնալով փաստին, որ միջազգային կառույցները չեն ընդունում Ղարաբաղի ընտրությունները, Սահակյանն ասել է, թե այս ընտրություններից առաջին հերթին շահելու են երկիրը և քաղաքացիները, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Դա դեռ չի նշանակում, որ մենք հուսահատվում ենք և շեղվելու ենք մեր իսկ կողմից ընտրած ուղուց: Այս տարիների ընթացքում բազմիցս նշել ենք, որ հաստատակամությունը, վճռականությունը, սկզբունքայնությունը ուղեկցել ու ուղեկցում է մեզ: Եվ այդ հատկանիշների գործադրումը օգնել է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, ինչպես նաև՝ նվաճումներ ձեռք բերել, հաջողություն արձանագրել», - նշել է նա:

Ապրիլի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությունում, անդրադառնալով Արցախում սպասվող խորհրդարանական ընտրություններին, նշել են. «Հակամարտության համապարփակ կարգավորման գործում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում: Այդուհանդերձ մեր երեք երկրներից ոչ մեկը, ինչպես նաև որևէ այլ երկիր Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ և ինքնիշխան պետություն: Համապատասխանաբար մենք չեն ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում ենք, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները, որոնք նպատակ ունեն հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»:

Ղարաբաղի վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե քվեարկել է հանուն երկրի ապագայի: Խոսելով ընտրությունների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների արձագանքի մասին՝ Հարությունյանն ասել է, թե այս ընտրություններն ավելի շատ ժողովրդին են պետք:

«Իհարկե ցանկալի կլիներ, որ միջազգային կառույցները, տարբեր երկրներ ևս գնահատեին մեր այս ժողովրդավարական քայլը, բայց ինձ համար ավելի կարևոր է մեր ժողովրդի գնահատականը», - ասել է վարչապետը:

Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, թե հավանաբար ուժերի դասավորությունը գալիք խորհրդարանում կպահպանվի:

«Այս ընտրությունները նախորդների համեմատ ավելի մրցակցային էին, նախընտրական շրջանը լրիվությամբ բացահայտել է բոլորի հնարավորությունները, և այս իմաստով ես կարծում եմ՝ սահմանափակումներ չեն եղել: Ինձ թվում է քաղաքական դաշտը ավելի լայն ներկայացված կլինի խորհրդարանում», - նշել է նա:

Ընտրություններին մասնակցել է նաև Ղարաբաղի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նա հույս է հայտնել, որ գնալով Ղարաբաղն ավելի ժողովրդավարական երկիր կդառնա:

Լրագրողների հետ զրույցում Ղուկասյանն անդրադարձել է Ղարաբաղում խորհրդարանական կառավարման մոդելը ներդնելու մասին խոսակցություններին․ նրա կարծիքով, դա ժողովրդի որոշելիքն է:

«Քանի որ Հայաստանում այսօր այդ գործընթացներն են ընթանում, բնական է, որ այդ մասին խոսում են ղարաբաղցիները, բայց ինձ թվում է՝ պետք չէ շտապել, տեսնենք՝ ինչով կավարտվեն այդ պրոցեսները Հայաստանում», - ասել է նա՝ խուսափելով ներկայացնել իր կարծիքը: Ասել է, որ դրա ժամանակը չէ, ավելի ուշ կխոսի այդ մասին:​

Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը լուրջ խախտումներ առայժմ չեն հայտնաբերել: «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը լրագրողներին փոխանցել է, որ հիմնականում որոշ թերություններ են նկատել:

«Կան մարդիկ, ովքեր անձնագրի փոխարեն փորձում են ներկայանալ անձնագրի պատճենով: Որևէ ահազանգ կոնկրետ չկա, խոսքը հիմնականում փոքր թերությունների մասին է, որոնց վստահված անձինք հանձնաժողովի հետ միասին փորձում են լուծումներ տալ», - ասել է նա:

Ընդդիմադիր մեկ այլ կուսակցության՝ «Շարժում-88»-ի համամասնական ցուցակը գլխավորող Վիտալի Բալասանյանը ևս հայտարարել է, թե լուրջ խախտումներ առայժմ չկան:

«Մենք կապ ենք պահում բոլոր ընտրատարածքների հետ, մանավանդ մեծամասնական ընտրակարգով առաջադրված մեր թեկնածուների ընտրատարածքներում: Նորմալ է ընթանում, երևի առաջին անգամ է Ղարաբաղում այսպես: Օրվա կեսի դրությամբ եթե համեմատենք ու զուգահեռներ անցկացնենք դեռևս այսպիսի լավ, համերաշխ ընտրություններ չեն եղել այս պահի դրությամբ», - նշել է Բալասանյանը:

ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքով, ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու է միջազգային ու տեղական շուրջ 40 լրատվամիջոցի 90-ից ավելի լրագրող: Ընտրություններին հետևում է մոտ 100 միջազգային դիտորդ:

Պաշտոնական Բաքուն սպառնացել է քրեական պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների դիտորդներին: «Չի բացառվում, որ այդ դիտորդների (բառը՝ չակերտներում) նկատմամբ քրեական հետապնդում սկսվի: Նրանք կոպտորեն խախտում են Ադրբեջանի Հանրապետության օրենքը՝ ապօրինի կերպով այցելելով գրավյալ տարածքներ», - մասնավորապես ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Հիմքեթ Հաջիևը :

Ավելի վաղ The Fresno Bee-ն գրել է. «Ի հեճուկս Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից գործադրվող դիմակայության` հայաբնակ Լեռնային Ղարաբաղն ընտրություններ է անցկացնելու` պաշտպանելով իր ազգային անկախությունն ու սուվերենությունը»:

Գործընթացին հետևում են նաև դիտորդներ Հայաստանից։ Հայկական պատվիրակության ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանն ասել է, որ ընտրությունները հանգիստ են ընթանում: Բացի Ստեփանակերտից եղել է նաև Ասկերանի, Մարտունու ընտրատեղամասերում:

«Ընդամենը երկու փոքրիկ իրավիճակ եմ նկատել, անձնապես խնդրել եմ, որ գրառում անեն․ մի հոգի երկու քվեաթերթիկներից մեկը մոռացել էր սեղանին, հանձնաժողովը գրանցել է, որ մոռացվել է և վերացրել են, մեկն էլ խնդրել է կողքինին իրեն օգնի, քանի որ ակնոցներն է մոռացել: Շատ հանգիստ մթնոլորտում անցնում է, մենք երևի Հայաստանից իմաստ ունի գանք, այստեղ սովորենք՝ ինչպես կազմակերպել», - ասել է Թևան Պողոսյանը:

Ընտրատեղամասերը փակվել են ժամը 20:00-ին: Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան այսօր, ուշ երեկոյան:

ԼՂՀ Ազգային ժողովի 33 մանդատը վիճարկում են 7 կուսակցություն և 46 քաղաքացի: Խորհրդարանի մանդատներից 22-ը համամասնական են: Մասնակից կուսակցություններն են՝ «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», «Ազգային վերածնունդ», Կոմունիստական կուսակցություն, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Շարժում 88» և «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---